Նորություններ

Եթե ես փաստաբան եմ, իհարկե, պետք է դեմ լինեմ նախագծին. Արամ Օրբելյանը` 60.000 դրամ տուրքի մասին

Արդարադատության նախարարությունը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր է շրջանառության մեջ դրել: Փաստաբանները նախագծերին բավականին բուռն են արձագանքում: 

Նախագծերով նախատեսվում է փաստաբանների գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ: Այդ էլեկտրոնային փաստաթուղթը պարունակելու է օրենքով նախատեսված տեղեկություններ փաստաբանների, փաստաբանների օգնականների, հավատարմագիր ստացած այլ պետության փաստաբանների վերաբերյալ:

Փաստաբանները դժգոհ են, քանի որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 դրամի չափով: Ընդ որում` չհաշվառվելու դեպքում ներկայիս փաստաբանները չեն կարող այլևս համարվել փաստաբան:

Օրենքի նախագծով նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերին:

Իրավաբան.net-ը նախագծերի վերաբերյալ Արդարադատության նախարարարության դիրքորոշումը լսելու համար զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի հետ:

Վերջինիս խոսքով` օրինակ, եթե վերցնենք խորհրդատվական գործունեության երեք ոլորտում գործող անձանց՝ նոտարներին, հաշվապահներին և աուդիտորներին, ապա նոտարները, որոնք նույնպես շատ կարևոր դեր ունեն իրավական պետության մեջ, աջակցում են արդարադատությանը, իրենց հարկային ռեժիմը` մինչև 58 միլիոն շրջանառություն ունեցող նոտարի դեպքում՝ 20 տոկոս է: Աուդիտորներն ու հաշվապահներն ընդհանրապես հնարավորություն չունեն օգտվել պարզեցված հարկային ռեժիմից: Նրանք վճարում են ԱԱՀ և մաքուր եկամուտի 20 տոկոսը: Այս դեպքում ստացվում է՝ կարևոր խորհրդատվական ոլորտներից «ամենաարտոնյալ» վիճակում են փաստաբանները: Նրանք, ովքեր չունեն 58 միլիոնի շրջանառություն, վճարում են 5 տոկոս շրջանառության հարկ:

– Ինչո՞ւ որոշվեց սահմանել փաստաբանների գրանցամատյան վարելու պետական ընթացակարգ:

-Այս պահին փաստաբանների ռեեստր կոչվածը, որն առկա է Փաստաբանների պալատի կայքում «Մեր փաստաբանները» բաժինն է, որտեղ ազգանվան տառերով հնարավոր է նայել բոլոր փաստաբաններին: Այսօր որևէ նույնականացման մեխանիզմ, որի միջոցով հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերի համակցում, որի շրջանակներում հնարավոր կլինի նույնականացնել փաստաբանին, առկա չէ, իսկ այս պահին դատական համակարգի հետ մենք քննարկում ենք, օրինակ, էլեկտրոնային հայցադիմում ներկայացնելու հարցը, քննարկվում է լիազորագրերի պահանջների որոշակի թեթևացում:

Այսօր Փաստաբանների պալատի կայքը զգալիորեն զիջում է ցանկացած պետական կայքի, ընդ որում` պետք է լիներ հակառակը. ես դա ասում եմ որպես նախկին փաստաբան:

Այս ամենը հաշվի առնելով` նախարարությունը պատրաստ է իր վրա վերցնել համապատասխան տեխնիկական լուծումներ իրականացնելու հարցը, որից հետո բավականին շատ կարծիքներ եղան: Պետք է Փաստաբանների պալատի հետ քննարկենք, հասկանանք Փաստաբանների պալատի պատրաստակամությունը: Չի բացառվում, որ օրենքի նախագծում այդ մասով փոփոխություն մտցվի, որով օրենքը կնախատեսի ոչ թե Փաստաբանների պալատի կայքում դնել անունները, այլ տեխնիկական նվազագույն պայմաններին համապատասխանող ռեեստր ունենալու դեպքում գրանցամատյանի վարելը փոխանցվի Փաստաբանների պալատին: Իհարկե, դա կարող է որոշակի ծախս լինել պալատի համար, բայց պետք է միասին աշխատենք և լուծումները գտնենք:

-Այսինքն` Դուք խնդիր չեք տեսնո՞ւմ, թե ով կվարի գրանցամատյանը: Փաստաբանները պնդում են, որ գրանցամատյանի վարումն Արդարադատության նախարարությանը վերապահելը նպատակ ունի Փաստաբանների պալատին զրկել անկախությունից:

– Նախագծի հիմնավորման մեջ միգուցե հակիրճ, բայց նշված է, որ նպատակն էլեկտրոնային կառավարության համակարգերի զարգացումն է: Նպատակն այն է, որ այդ գրանցամատյանն ապահովի էլեկտրոնային հաղորդակցություն, ստորագրություն, հետագայում նախատեսվող փաստաբանի, այսպես կոչված, «էլեկտրոնային գրասենյակը», որի միջոցով հնարավոր կլինի հայցադիմումներ ներկայացնել, ստանալ պատասխաններ, ապացույցներ ներբեռնել, եթե թղթային են այդ ապացույցները, որպեսզի դատարան փաստաթղթեր ներկայացնելու փուլը կատարվի շատ արագ և միաժամանակ հասանելի դառնա նաև մյուս կողմին: Այս ամենը զգալիորեն կնվազեցնի դատական ծախսերը լայն իմաստով. ժամանակի, գումարի, դատարան փաստաթղթեր ներկայացնելու, արխիվացման ծախսերը:

Փաստաբանների պալատի «անկախություն» եզրույթ գոյություն չունի: Փաստաբանների պալատը փաստաբանների միություն է և արդարադատության տեսակետից արժեք ունի ոչ թե Փաստաբանների պալատի անկախությունը, այլ արժեք ունի փաստաբանի անկախությունը:

Դժվար թե որևէ մեկը կպնդի, որ բիզնեսը Հայաստանում ծայրահեղ կախված է պետությունից, քանի որ ռեգիստրում պետք է գրանցվել, դժվար թե մեկը կպնդի, որ հասարակական կազմակերպությունները սարսափելի կախված են պետությունից, որովհետև ռեգիստրում նրանք գրանցում են անցնում: Դժվար թե որևէ մեկը կպնդի, որ փաստաբանն ավելի կախված կլինի պետությունից, քան Փաստաբանների պալատից կամ պալատի ղեկավարությունից կամ Փաստաբանների դպրոցից` կախված այն հանգամանքից, թե ով կլինի լիզենզավորողը:

Նախագծով նախատեսված կարգով նշվում է, որ Արդարադատության նախարարությունը զուտ տեխնիկական գրանցում է իրականացնում, և այստեղ կախվածության հարց չկա, քանի որ մյուս գործառույթներն իրականացնելու է Փաստաբանների պալատը: Փաստաբանների մտավախությունը հաշվի առնելով` նախարարությունը պատրաստ է և այս պահին էլ լրամշակման աշխատանքներ են իրականացվում: Կնախատեսվի, որ պալատն է վարելու այդ գրանցամատյանը մեկ անցումային կետով, եթե պալատը մեկ տարվա ընթացքում կամ անցումային ժամկետից հետո չունենա բավարար տեխնիկական միջոցներ, նախարարությունն ինքն է վարելու այդ գրանցամատյանը: Մենք որևէ խնդիր չենք տեսնում` Արդարադատության նախարարությունը կվարի այն, թե Փաստաբանների պալատը, կարևորն այն է, որ այդ գրանցամատյանը պետք է վարվի տեխնիկական համապատասխան չափանիշներով: Այսօր փաստացիորեն երկու ոչ շատ զարգացած էլեկտրոնային համակարգով կառույցները Դատախազությունն է ու Փաստաբանների պալատը:

Այն մոտեցումը, թե մեզ հանգիստ թողեք, մի կպեք, մենք ամեն ինչ կանենք, ընդունելի չէ: Համակարգերը զարգացնելու գործում փաստաբանությունը երբեք չի կարող լինել անկախ: Փաստաբանը պետք է անկախ լինի առանձին գործում իր հաճախորդին ներկայացնելու, ընդհանուր բողոք ներկայացնելու հարցում, բայց փաստաբանը չի կարող ասել` ես եմ որոշում ուզում եմ էլեկտրոնային համակարգ, թե չեմ ուզում, քանի որ ինքը հանրային գործառույթ է իրականացնում:

Փաստաբանի մասնագիտությունը ծագել է շատ վաղ: Նրանք սկզբում պետական պաշտոնյաներ են եղել, հետո անկախացել են, բայց անկախանալուց հետո դեռևս շատ երկար ժամանակ` այդ թվում Եվրոպական երկրներում, իրենց լիցենզավորումն իրականացրել է պետությունը: Դա նշանակում է, որ լիցենզավորումը պետական կամ առնվազն հանրային գործառույթ է, որը պետությունը պատվիրակել է պալատին:

-Նախագծերը մշակելիս ո՞ր երկրների փորձն է հաշվի առնվել:

-Նախագիծը մշակելիս կոնկրետ երկրի փորձ չենք ուսումնասիրել, կրկնել, քանի որ մենք պետք է դադարենք այլ երկրների փորձը կրկնօրինակել: Մենք ունենք խնդիր, որ Հանրային պաշտպանի գրասենյակի համապատասխան ծավալի աշխատանքների ապահովումը, էլեկտրոնային կառավարության համակարգերի զարգացումը, և հետևաբար այս խնդիրները պետք է լուծվեն: Մի շարք երկրներում, օրինակ` Սերբիայում, արդարադատության ոլորտի էլեկտրոնային կառավարության համակարգերն Արադարադատության նախարարության գործառույթն է, այդ թվում` նաև դատական համակարգինը: Հայաստանն այդ ուղով չի գնում: Այն համակարգերը, որոնք մշակվում են Արդարադատության նախարարության կողմից կամ նախարարության ակտիվ մասնակցությամբ տրամադրվելու են տվյալ կառույցին վարելու համար: Օրինակ` էլեկտրոնային նոտարի համակարգը պատրաստելու և գործարկելու փուլից հետո, այն տրամադրվելու է Նոտարական պալատին վարելու համար:

-Իսկ ինչո՞ւ դրա համար փաստաբանները պետք է տուրք վճարեն:

-Հարկային և վճարների ռեժիմն ուսումնասիրելու և պետության պարտավորություններն արդարադատության ոլորտում իրականացնելու համատեքստում, անհրաժեշտություն էր առաջացել որոշակի, այսպես ասած, հավելյալ եկամուտներ ապահովել անվճար իրավաբանական օգնության մի մասն ապահովելու համար: Պետության քաղաքականությունն արդարադատության ոլորտի զարգացման հարցում պայմանավորված է նրանով, որ ինքը պետք է ունենա կուռ, զարգացած, անկախ փաստաբանություն, որը պետք է լինի նաև սոցիալապես պատասխանատու: Եվ դրա տարբերակներից մեկն այդ տուրքով Հանրային պաշտպանի գրասենյակը մասնակի ֆինանսավորել է: Պետությունը շարունակելու է ֆինանսավորել Հանրային պաշտպանի գրասենյակի հիմնական ծախսերը, աշխատանքներ են տարվելու Հանրային պաշտպանի գրասենյակի տեխնիկական և գրասենյակային պայմանների բարելավվման համար, բայց ցանկություն և անհրաժեշտություն կա, որ փաստաբանները մասնակցեն այդ գործընթացին:

Եթե ես փաստաբան եմ` հիմա նախկին, բայց չի բացառվում ապագա, ապա ես, իհարկե, պետք է դեմ լինեմ նախագծին: Զարմանալի կլինի, որ որևէ հարկատու ասի` ինչ լավ է, հարկերն ավելացել են, դա կնշանակեր, որ մենք հասել ենք քաղաքացիական ինքագիտակացության սարսափելի բարձր մակարդակի:

-«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով` պետական տուրք գանձվում է պետական մարմինների լիազորությունների շրջանակներում իրականացվող գործողությունների և ծառայությունների դիմաց ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից: Այս պարագայում արդյո՞ք իրավաչափ է փաստաբաններին դարձնել պետական տուրք վճարող:

-Գործող նախագծով նախատեսված է տուրք գրանցամատյանում գրանցվելու համար: Հիմա օրենքի տեխնիկական մասն է քննարկվում, եթե մենք գրանցամատյանը վարելու հնարավորությունը տալիս ենք Փաստաբանների պալատին, ապա պետք է գնահատվի` արդյո՞ք դա չի դիտարկվում պատվիրակված լիազորություն և չի կարող գանձվել այդ գումարը: Կամ կդիտարկվի այլ մոդել. տուրք չի լինի, կլինի հարկային ռեժիմ կամ ռեժիմի փոփոխություն:

Ես պատրաստ եմ քննարկել փաստաբանների հետ իրենց առաջարկները: Մինչև հիմա մոտեցումը եղել է այնպես` ոչ մի կոպեկ, ոչ մի դրամ, ոչ մի լումա:

-Փաստաբաններին հատկապես վրդովեցրել է այն, որ իրենց կողմից վճարվող գումարները ուղղվելու է հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, այն դեպքում, երբ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասով պետությանն է վերապահված օրենքով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական իրավաբանական օգնությունը ցույց տալը:

-Ես ամենապարզ ձևով կպատասխանեմ: Սահմանադրության մեջ նշված է, որ օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին: Այն տուրքը կամ հարկը, որը կվճարվի բյուջե, կդառնա պետական միջոց: Իսկ ավելի բարդ պատասխանն այդ հոդվածի մեկնաբանության այն է, որ պետությունը կարող է սահմանել դեպքեր, ե՞րբ և ո՞ր պետական միջոցների հաշվին կնախատեսվի իրավաբանական օգնությունը, բայց դա չի նշանակում, որ միայն պետական միջոցների հաշվին կարող է իրավաբանական օգնություն ցույց տրվել:

Փաստաբանների պալատի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը դիմել են ուղղել Արդարադատության նախարարությանը՝ կոչ անելով վերանայել նախագծերը: Հանրային խորհրդում ևս քննարկվել է հարցը և որոշվել է նախագծերը հետ չկանչելու դեպքում Հանրային խորհրդի լիագումար նիստ հրավիրել: Հակառակ այս ամենին` Արամ Օրբելյանը նշում է, որ իրենք պատրաստ և բաց են նախագծերի վերաբերյալ քննարկումների: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ Փաստաբանների պալատի կազմակերպած միջոցառման ժամանակ Արդարադատության նախարարությունից որևէ մեկը չէր եկել, նախարարի տեղակալը վստահեցրեց, որ իրենք որևէ գրություն չեն ստացել: 

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել