Վարչապետի որոշումը վարչական ակտ է, քանի որ ծագում է վարչապե˚տ բառից

Իրավաբան.net-ի աղբյուրի փոխանցմամբ` Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության արդեն նախկին 3 դատական բաժինների պետերին` Ռուզաննա Ազրոյանին, Եղիշե Բազոյանին և Նելսոն Աբովյանին աշխատանքից ազատել են աշխատանքային օրենսգրքի խախտմամբ` ծանուցելով աշխատանքից ազատելուց մեկ օր առաջ: Աշխատանքային օրենսգրքի խախտմամբ գործից ազատելու համար նախարարությունը ստիպված պետք է լինի 3 բաժինների պետերին վճարել 3.000.000 դրամից ավելի գումար:

Երեկ` դեկտեմբերի 17-ին, իրավաբանական վարչությունը` ներառյալ աշխատանքից ազատված նախկին 3 բաժինների պետերի, հանդիպում է ունեցել Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Վերջինիս նախկին 3 բաժնինների պետերը հայտնել են, որ իրենց օրենքի խախտմամբ են ազատել աշխատանքից, ինչը հերքել է վարչության պետ Արամ Պետրոսյանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Ռուզաննա Ազրոյանը, Եղիշե Բազոյանը և Նելսոն Աբովյանը պատրաստվում են դիմում ներկայացնել, իրենց պնդումը հիմնավորելով համապատասխան փաստաթղթերով, և իրավաբանական վարչությունից ստանալ պատասխան:

Խոսակցությունների համաձայն` վերջիններիս ցանկությունն այն է, որ վարչության պետը պատասխանատվության ենթարկվի` անձնական շահը պետական շահից վեր դասելու համար, քանի որ Իրավաբան.net-ը, հղում անելով իր աղբյուրին, արդեն հայտնել է, որ Արամ Պետրոսյանի և նախկին բաժնինների պետերի ջուրը մեկ առվով չի հոսել, ինչի պատճառով էլ նրանց գործից ազատելուց հետո նոր կազմակավորվող բաժնում ավելի ցածր պաշտոնների առաջարկ է արել Արամ Պետրոսյանը: Ի դեպ, նախարարի հետ հանդիպման ժամանակ ներկա չի եղել նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը, ով վերջին տարիներին կոորդինացրել է իրավաբանական վարչության աշխատանքները:

Իրավաբան.net-ի տեղեկություններով` արդեն հայտնի է, որ նոր կազմավորված բաժնի պետ է նշանակվել Փաստաթղթերի տեսչության բաժնի պետ Արմեն Հարությունյանը: Նա 6 ամիս է, ինչ աշխատում է ՖՆ-ում, Սևանում նախկինում աշխատել է նոտար, անցնում է Սևան Ազգային պարկի հետ կապված քրեական գործով:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Արամ Պետրոսյանը, մինչև ՖՆ-ում աշխատանքի անցնելը, աշխատել է Արդարադատության նախարարությունում` որպես նոտարիատի բաժնի գլխավոր մասնագետ և եղել է նախկին նոտար Արմեն Հարությունյանի վերահսկողը: Արդարադատության նախարարությունում սկսված նոտարական բարեփոխումների պատճառով լուծարվել է նոտարական բաժինը և վերակազմավորման արդյունքում նոտարական բաժնի պետ Մարիամ Գաբոյանն ու իր աջ ձեռքը համարվող Արամ Պետրոսյանը փաստացի ազատվել են աշխատանքից: Արդարադատության նախարարության կողմից նոտարական համակարգում նախաձեռնած բարեփոխումների հետևանքով աշխատանքից ազատված անձն այսօր արդեն «բարեփոխումներ» է իրականացնում Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչությունում: Այս հանգամանքի վրա ենք ուզում սևեռել ինչպես Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, այնպես էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությունը:

Ինչպես նշում է մեր աղբյուրը` իրավաբանական վարչության պետի պաշտոնում նշանակելու համար Արամ Պետրոսյանին բանավոր քննության ժամանակ օգնել են պատասխանել հարցերին, իսկ հարցին թե`վարչապետի որոշումն իրավական ակտ է, թե˚ վարչական, նա պատասխանել է` վարչական, քանի որ ծագում է վարչապետ բառից:

Հ.Գ. Այս նյութը պատրաստվում էինք հրապարակել դեռ երեկ: Իրավաբան.net-ը պարզաբանումներ ստանալու համար դիմեց Արամ Պետրոսյանին: Վերջինս ասաց, որ պետք է կապ հաստատել լրատվական բաժնի հետ: Երեկ լրատվական բաժին ուղարկեցինք հարցերը` սպասելով հարցերի գրավոր պատասխանին և խնդրելով դա անել օպերատիվ: Սակայն դեռևս չենք ստացել: Ստանալուն պես` այն կներկայացնենք:

Նունե Հովսեփյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել