Նորություններ

Արդարադատությունը պետք է բոլորի համար կանխատեսելի լինի. Դավիթ Բալայան

Արդարադման դատական ակտերը հաճելի են փաստաբանների համար, շատ է այդ մասին բարձրաձայվում, բայց նմանաբնույթ ակետրի առկայությունից չի կախված դատավարորի անաչառությունը: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանի խոսքերով՝ արդարացման դատական ակտ իրականացնելուց ավելի բարդ են վերաորակումները. «Այսինքն՝ արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալն ավելի բարդ է, քան ասել, որ այս հանցակազմը չկա կամ ապացույցները բավարար չեն»,- մեզ հետ զրույցում ասում էր պարոն Բալայանը:

Նրա հետ քննարկել ենք նաև դատարանների ծանրաբեռնվածության, քրեական ու քրեադատավարական ոլորտին առնչվող խնդիրներ, ինչպես նաև հարցազրույցի դիտակետում է եղել երդվյալ ատենակալների ինստիտուտի, պրոբացիոն ծառայության և կոռուպցիայի մասին հարցերը:

Մանրամասները՝ «Հայաստանի դատարանները» շարքի հերթական հարցազրույցում:

– Դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը՝ համր դատավոր: Ցիցերոնի այս խոսքերով է Ձեր դատարանը դիմավորում այցելուներին: Ի՞նչ գաղափար եք Դուք տեսնում այս մտքում:

– Դատավորը օրենքը կիրառողն է, այսինքն՝ նա խոսում է օրենքի անունից: Օրենքը միաժամանակ դատավոր է, սահմանվել են որոշակի նորմեր, որոնք կարող է մեկնաբանել դատավորը, այսինքն՝ խոսելով օրենքի մասին՝ դատավորը պարտավոր է մեկնաբանել օրենքը և նշել, թե որ իրավիճակում, որ օրենքն է կիրառման ենթակա: Այն բանի շնորհիվ, որ Վճռաբեկ դատարանը դարձավ նախադեպային իրավունքի աղբյուր, այդ հանգամանքը շատ է օգնում, որ դատավորներն իրագործեն այն, ինչ գրված է մեր դատարան մուտք գործելուց: Արդարադատությունը պետք է բոլորի համար կանխատեսելի լինի: Ես իմ պրակտիկայում չեմ հիշում մի դեպք, որ տամ ամենախիստ պատիժ, ես մի դեպք եմ ունեցել, որ ցմահ ազատազրկում եմ նշանակել, բայց եթե հոդվածի սանկցիաներում կա ամենամեղմ ու խիստ պատիժը, չեմ հիշում, որ խիստը տված լինեմ: Միաժամանակ այս դատարանում գրանցվել են դեպքեր, երբ մեղադրողը ավելի մեղմ պատժաչափ է միջնորդել, դատավորը շատ է նշանակել: Իրականում արդարադատությունը այն չէ, որ դատախազը որևէ պատժաչափ ուզի, իսկ դատարանը ցածր տա, այլ դատարանը պետք է նշանակի այն պատիժը, որն ըստ գործի նյութերի և դրանց հետազոտելուց հետո ընկալման, հաշվի առնելով մեղմացնող ու ծանրացնող հանգամանքերի առկայությունը, լինի արդարացի այդ անձի նկատմամբ: Որևէ մեկը չունի կշեռք, որ ասի այս անձի պատիժը պետք է լինի 3 տարի կամ 3 տարի և վեց ամիս, 6 ամիսը մեծ ժամանակահատված է այդ անձի համար, սակայն որևէ դատարան չի կարող պատճառաբանել, թե որն է ճիշտ: Զուտ մարդկային առումով պատժաչափ սահմանելիս, շատ դժվար է նշել, թե ինչու ոչ նվազագույնը՝ 3 տարին, այլ 3 տարի ու 6 ամիս: Մենք ունենք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, ըստ որոնց՝ ընդունենք դատարանը տվել է 3 տարի ու 6 ամիս պատժաչափ, Վերաքննիչը գտել է, որ 6 ամիսը շատ է, Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչի որոշումը՝ պարզաբանելով, որ պետք է ակնհայտ խիստ լինի պատիժը, այդ 6 ամիսը արդարադատության տեսանկյունից ակնհայտ խիստ պատիժ չի կարող դիտարկվել: 

– Ի՞նչ առանձնահատկություններ ունի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը: Ինչպե՞ս է բաշխվում ծանրաբեռնվածությունը:

– Հունիսի 17-ի դրությամբ մեր դատարան ստացվել է 2620 հայցադիմում, իսկ նախորդ տարվանից փոխանցված է եղել 3097-ը, այդ օրվա դրությամբ ավարտվել է 1743 քաղաքացիական գործ, վարույթում կա 3772-ը, այդ ամբողջ լուծը 4 դատավորների վրա է: Շատ ծանրաբեռնված է, Կենտրոնի դատարանը դատավորների քանակով 9 քաղաքացիական գործ լսող դատավոր կա, մեզ մոտ 4: Բայց այնտեղ ունեն առանձնահատկություն՝ արբիտրաժային գործեր են լսում, դրանք էլ են մեծ ծավալ կազմում, բայց այնպես չէ, որ այդ դատարանն ավելի ծանրաբեռնված է: Քրեական գործերով այս վարչական շրջանում 3 դատավոր է: Հունիսի 17-ի դրությամբ դատարանը ստացել է 85 քրեական գործ, ավարտել է 109 քրեական գործ՝ 96 գործ նախորդ տարվանից է փոխանցվել է: Հիմա վարույթում 71 քրեական գործ: Մեծ է թիվը շատ:

– Փաստաբանները դրական են արձագանքում արդարացման դատավճիռներին, մինչդեռ դատավորները այս ամենին վերաբերում են որպես սովորական աշխատանքային պրոցես: Օրինակ՝ ըստ վիճակագրությամբ՝ 2015թ. ընթացքում կայացրել են 136 արդարացման դատական ակտ՝ 157 անձի վերաբերյալ, որոնցից 110 անձ արդարացվել է լրիվ, իսկ 47-ը՝ մասնակի: Դատավորներն ասում են՝ բերել են 136 անհիմն մեղադրանք պարունակող գործ, այդքան արդարացում ենք կատարել, շատ բերեին ավելի մեծ թիվ կկազմեին արդարացումները, մինչդեռ փաստաբանները նման դատական ակտերը դիտարկում են որպես առողջացման նշաններ: Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է արդարացումների մասին:

– Ես ընդհանրապես դեմ եմ, որ դատավորը գնահատվի արդարացման դատական ակտով: Արդարացման դատական ակտ կայացնող դատավորն իր մեջ խիզախություն պետք է ունենա, հակակշիռներին դիմակայելու համար, բայց չի կարելի դատավորի մասին կարծիք կազմել՝ նրանով, որ նա ունի շատ արդարացման դատական ակտեր, այդ գործերը բաշխվում է համակարգչով, և հավանականությունը մեծ է, որ նույն դատական ակտը կայացվի այլ դատավոր: Միաժամանակ մենք ունենք վերավորակումներ, որոնք արդարացման դատական ակտերից ավելի բարդ են, այսինքն՝ դրա ձևակերպումը, արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալը, ավելի բարդ է, քան ասել, որ այս հանցակազմը չկա կամ ապացույցները բավարար չեն: Իհարկե, մեծ նշանակություն ունեն նաև դատական ակտերը բողոքարկելու խնդիրները, դրանց կայունությունը, իսկ հանրապետությունում կայունությունը մեծ է: Նորից ուզում եմ շեշտել, կայունությունը ձևավորվել է Վճռաբեկ դատարանի մեծ դերի շնորհիվ: Վճռաբեկ դատարանը սահմանադրությամբ լիազորված է ապահովել միասնականություն և որոշակիություն դատական համակարգում: Դուք չեք տեսնի որևէ փաստաբանի ճառ, որը լի չլինի դատական նախադեպերով: Այստեղ թեև այլ խնդիր կա, փաստաբանները հաճախ վկայակոչում են այնպիսի նախադեպեր, որոնք գործին ընդհանրապես չեն առնչվում. նախադեպերը բերում են, իսկ դատավորը ստիպված է լինում իր ժամանակը ծախսել՝ փաստելու համար, որ գործի հետ կապ չունի: Հաճախ դատավորն չի էլ անդրադառնում այդ պատճառաբանություններին՝ նշելով, թե կապ չունի գործի հետ, իսկ փաստաբանները բողոքում են, որ իրենց պատճառաբանությունները դատական ակտի հիմքում չեն դրվել: Ես հասկանում եմ՝ դա ինչից է գալիս, փաստաբանների շրջանում խնդիր կա՝ իրենց վստահորդներին ցույց տալ, որ աշխատում են: Հիմա Դուք ասում եք, թե ըստ փաստաբանների արդարացումը լավ է: Փաստաբանին ձեռնտու է, որ դատարանն արդարացնի, փորձեք նույն գործով տուժողի փաստաբանին հարցնել, նա դեմ կլինի: Այսինքն՝ դատավարության մասնակիցներն ամեն մեկն ունի սուբյեկտիվ շահ: Դատարանը երկու կողմից էլ հայտնվում է թիրախում, ում օգտին լուծի գործը, այդ կողմը կարող է գովել դատարանին, սակայն արդարադատությունն այդպիսի չէ, մենք չենք կարող որևէ մեկի կարծիքին հաճոյանալ ու սխալ դատական ակտ կայացնենք: Այստեղ ներքին շահերի բախում կա:

– Նախորդ տարվանից մեկնարկեցին քրեական օրենսգրքի փոփոխման աշխատանքները: Արդարադատության նախարարությունից ասում էին, որ Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը պետք է սինխրոն ընդունել: Ի՞նչ  կարծիք ունեք սեղանի վրա դրված իրավական փաստաթղթերի մասին:

– Մեկ օրինակ բերեմ Քրեական նոր օրենսգրքից և կփորձեմ ավելի դյուրին ներկայացնել: Վալերի Պերմյակովի գործից տեղյակ եք. մեր քրեական օրենսգրքի փոփոխությունների ուժով, խոսքը՝ նախագծի մասին է, դատարանն իրավունք չունի մինչև 21 տարեկան անձի նկատմամբ նշանակել ցմահ ազատազրկում՝ որպես պատիժ: Այստեղ հանրության խնդիրն էլ կա: Գործն իմ վարույթում չէ, ուստի այդ մասին խոսում եմ, հանրության պահանջը կա՝ ասում են՝ նրան պետք է 5 անգամ ցմահ պատիժ տան կամ մահապատիժ, անկախ նրանից, որ օրենքով արգելված է մահապատիժը: Եթե Պերմյակովը մեղավոր ճանաչվի դատարանի կողմից, ինձ թվում է՝ չի կարող այդ պատիժը չնշանակվել, տրամաբանություն չկա՝ յոթ անձի սպանություն, դատական պրակտիկայով երկուսն էլ է մոտ ցմահին, մտածելու խնդիր է: Հիմա պատկերացրեք, մենք օրենքի ուժով ամրագրում ենք, օրինակ՝ Պերմյակովի նկատմամբ ցմահ ազատազրկում չենք կարող նշանակել, ինչպես օրինակ՝ Անդերս Բրեյվիկի դեպքում էր, մեր հասարակությունը դրան պատրաստ չէր, կասեն՝ ակնհայտ անարդար դատական ակտ է: Հիմա ի՞նչ է ստացվում՝ մենք անձին տալիս ենք զենք, Սահմանադրական պարտավորություն ենք ստանձնում, նրան զորակոչում ենք բանակ, նրա կողմից հանցագործություն կատարելու հավանականությունն ավելի մեծ է, քան այն անձին, ով զենք կրելու իրավասությամբ օժտված չէ, ուզում է նա 7, թե 10 հոգու սպանի, չենք կարող ցմահ ազատազրկում տալ, քանի որ դրա սուբյեկտ չէ: Ուրեմն բերեք Զինապարտության մասին օրենքը փոխենք ու սահմանեք, որ 21 տարեկան լրացած անձանց միայն կարող ենք զորակոչել, որպեսզի այդ խնդրի դեմ առնենք, իսկ այդ իրավիճակը չի կարող լինել: Ես դեմ եմ այդ սկզբունքին, սա առանցքային հարց է, ըստ իս՝ հասարակությունը պետք է հասնի դրան, նոր այն ընդունվ: Օրենսգիրքը բացի այդ շատ այլ խնդիրներ ունի:

– Իսկ Քրեական դատավարության նոր օրենսգրքի մասին ի՞նչ կասեք:

– Այն շատ լավ է: Նոր օրենսգիրքը դատարանի վրա մեծ բեռ է դնում արարքի ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար: Գործող քրեական դատավարության օրենսգրքի խնդիրներից մեկը՝ անձի պաշտպանության իրավունքն է, մենք չենք կարող նրա մեղադրանքը ծանրացնել, քանի որ դրա դեմ չի պաշտպանել: Քր.դատ. նոր օրենսգիրքն իրավունքի խնդիր է լուծում: Անկախ նրանից դատախազություն ինչ մեղադրանք է առաջադրել, դատավորը պետք է գնահատի արարքը՝ որ մեղադրանքին է համապատասխանում: Մյուս կողմից բազմաթիվ խնդիրներ կան, կապված նրա հետ, թե ինչպես է դա իրագործվելու. դատարանի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է: Նոր օրենսգրքով մինչդատական վարույթի գործերի աճն է շատ լինելու՝ ցուցմունքների դեպոնացման հետ կապված: Կարծում եմ՝ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունելու դեպքում հարկավոր կլինի մասնագիտական ու առանձին դատարաններ ստեղծել կամ ունենալ մասնագիտացված դատավորներ, որոնք կքննեն մինչդատական վարույթներ:

– Աշնանային նստաշրջանին Ազգային ժողովն ընդունեց Պրոբացիայի մասին օրենքն ու հարակից իրավական ակտերը: Մինչ այդ պիլոտային ծրագրեր եղան, դրանցից մեկը Շենգավիթի վարչական շրջանում էր: Օրենքով առաջարկվում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանի կողմից հաշվի առնել ոչ միայն հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները, այլև խորհրդատվական զեկույցը` ներկայացված պրոբացիայի ծառայության կողմից: Բացի այդ, նոր փոփոխություններով Գլոբալ տեղորոշման համակարգով աշխատող կամ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ տեխնիկական սարքերի եւ էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ էլեկտրոնային հսկողության է նախատեսվում կիրառել` պարզելու պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը եւ շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված սահմանափակումների պահպանումը: Ընդ որում, էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել դատարանի որոշմամբ պետական բյուջեի կամ պրոբացիայի ծառայության շահառուի միջոցների հաշվին: Ձեր կարծիքը այս ծառայության ներդրման վերաբերյալ:

– Իմ կարծիքը միանշանակ դրական է: Օրենքը երկու նպատակ ունի՝ բեռնաթափել բանտերը և բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ անձին ազատությունից զրկելը սահմանափակելու համար: Ես ինքս պրոբացիոն դասախոս եմ: Այսպես ասեմ՝ հասարակությանը բանտում պահելու համար պետությունը մեկ օրվա համար ծախսում է 4950 դրամ, եթե չեմ սխալվում: Բավականին մեծ ծախս է: Այդ էլեկտրոնային համակարգով հետևելը 500 դրամ է նախատեսում: Այն սկզբից ներդրում է պահանջում, հետո ավելի քիչ ծախսատար է: Զեկույցները դատարանին կօգնեն, որպեսզի դատարանը կարողանա ճիշտ հետևության հանգել: Նույն բանը ներկայումս անում է դատարանը, փաստաբանները, իսկ պրոբացիոն ծառայության տրվող լծակներով, գործընթացն առավել արագ ու արդյունավետ կիրականացվի: Բացի այդ, մենք դեպքեր ունենք, երբ բերում են որևէ ՀԿ-ի, օրինակ՝ Երկրապահ կամավորների միավորման մարտական ուղի և ասում են՝ պատերազմի մասնակից է: Սակայն մենք այն որպես ապացույց չենք դիտարկում, որովհետև ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է: Այսինքն՝ պետք է լինի իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ կամ զինվորական գրքույկ, որտեղ դա նշված է, որ համարվի մեղմացնող հանգամանք:

– Պարոն Բալայան, արդյոք դատավորների համար առաջնային կարևորություն ունեցող իրավական ակտերը՝ օրենքները, օրենսգրքերը, որոշումները, փոփոխվում են ու լրացվում՝ հաշվի առնելով դատական իշխանության կարծիքը: Արդյոք դատական իշխանությունը հավուր պատշաճի ներգրավվա՞ծ է այդ գործընթացքում:

– Ո՛չ:

Ինչո՞ւ:

– Այնպես չի, որ մեզ չեն ընդգրկում գործընթացում, բայց ընդունենք ստանում ենք որևէ նախագիծ, խնդրում են դիրքորոշում հայտնել, որպես կանոն՝ ֆիզիկապես հնարավոր չի լինում նրանց տրված ժամկետում լիարժեք ուսումնասիրել, համադրել ու հետևանքները հասկանալ: Այսինքն՝ ոչ թե նրանք չեն առաջարկում, այլ մինչև այդ փաստաթուղթը հասնում է մեզ, մնում է 5 օր: Քրեական կամ քրեական դատավարության օրենսգրքերը վաղուց են քննարկվել, առաջարկություններ ներկայացրել ենք, բայց կան այլ ակտեր, որոնք ընդհանրապես չեն ուղարկում: Օրինակ՝ Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում դատական իշխանությունում առանցքային և մեծ փոփոխություններ կատարվեցին, մենք դատարանով քննարկել ենք, առարկություններ ու առաջարկություններ ներկայացրել, սակայն դրանց մեծ մասը չի ընդունվել:

– Ի՞նչ կարծիք ունեք երդվյալ ատենակալների ինստիտուտի մասին:

– Ես կողմ եմ դրան: Ես եղել եմ ԱՄՆ-ում, մասնակցել փորձի փոխանակման ծրագրին: Այնտեղ հասարակությունն ինքն է որոշում կայացնում՝ անձը մեղավոր է, թե ոչ: Այս ինստիտուտի դեմ արտահայտվողները ասում են՝ մեր երկիրը փոքր է ու երդվյալների դատարանին պատրաստ չէ: Ես ընդունում եմ այդ գաղափարը: Երդվյալների դատարան ստեղծելով՝ երկու տարի մենք խնդիրներ կունենանք. հանցագործներին բաց կթողնենք, անմեղներին կդատապարտենք, բայց հետո հասարակությունը կհասկանա, որ ինքն է արդարադատություն իրականացնողը և այլևս խնդիրներ չեն լինի: Վրաստանում այդ օրինակը շատ լավ աշխատում է: Նույնը ԱՄՆ-ում է, որտեղ անձն ինքն է ընտրում՝ երդվյալ ատենակալներով իր դատական նիստն անցկացվի, թե՝ ոչ: Բերեք սահմանենք, որ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում են քաղաքացիները որոշում անձի մեղավորությունը կա, թե՝ ոչ: Իհարկե, դատավորը ղեկավարում է դատական նիստը, սակայն որոշումը կայացնում են երդվյալ ատենակալները: Դատարանին էլ այդքան չեն թիրախավորի: Այստեղ ոչ միայն դատարանի նկատմամբ հավատը կբարձրանա, այլ ժողովուրդը կհասկանա, որ ինքն է այդ որոշումը կայացնողը: Դատավորին կմնա ընդամենը պատիժ նշանակել:

– Ի՞նչ է դատական իշխանությունն անում կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ:

– Մեր շարքային քաղաքացիները կոռուպցիա ասելով հասկանում են կաշառք, բայց այն բազմաթիվ դրսևորումներ ունի: Ես այս տարածքում չեմ բնակվում, բայց ընդունենք, որ այդպես է ու թաղապետին խնդրում եմ, որ փողոցի աղբը շաբաթը մի քանի անգամ տանի՝ մեկի փոխարեն: Թաղապետարանը ընդառաջ է գնում, սակայն կողքի փողոցի աղբը մեկ անգամ է տանում, իսկ իմ փողոցինը՝ մի քանի: Սա կոռուպցիա է, քանի որ խնդրանքիս ընդառաջ են գնացել, որովհետև ես դատավոր եմ: Ժամանակին ես աշխատում էի Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում, իմ գործընկերներից մեկը հետագայում փաստաբանությամբ էր զբաղվում, իսկ ես տեղափոխվել էի Աջափնյակի դատարան, մի քաղաքացիական գործ ստացա, այդ դատավորը պատասխանող կողմի ներկայացուցիչն էր, ես մտա նիստի ու հայտարարեցի, որ նա ինձ հետ դատավոր է աշխատել, այդուհանդերձ կաշկանդված չեմ գործը քննելով, բայց եթե կողմը համաձայն չէ, կարող է ինքնաբացարկ ներկայացնել, որն էլ կընդունեմ, նրանք ասացին, որ առարկություն չունեն: Ես գործը քննեցի, վճիռն էլ իրենց օգտին կայացրեցի, վճիռը հետագայում փոփոխվեց Վերաքննիչ դատարանի կողմից: Այսպիսով՝ եթե դու գտնում ես, որ գործը կարող ես քննել, ապա խնդիր չկա, հակառակ դեպքում, պետք է խիզախություն ունենալ ու ասել, որ սխալ լուծում կտամ: Դատավորն ինքը պետք է զերծ մնա այդ ամենից: Բացի այդ, իմ կարծիքով՝ եթե դատավորը նյութ է ունենում իր վարույթում, իմանում է, որ մամուլն անդրադարձել է դրան, իրավունք չունի այն կարդալ, հակառակ դեպքում նա կմոռանա, թե նիստի ժամանակ՝ ինչ եղավ, մամուլն ինչ գրեց: Այդպես է պետք աշխատել:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Մտահղացման հեղինակ՝ Կարեն Զադոյան

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ է «Կենտրոն» դատարանը լավագույնը. հարցազրույց դատարանի նախագահի հետ

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել