Նորություններ

«Այլընտրանքային» հասարակական զուգարան (տեսանյութ)

2001թ. նոյեմբերի 19-ին զուգարանների մաքրությամբ առաջատար համարվող Սինգապուրում անցկացված միջազգային կոնֆերանսի ժամանակ քննարկվեց պետքարանային մի շարք խնդիրներ և որոշվեց նույն օրը հռչակել զուգարանի համաշխարհային օր:

Այս օրիգինալ և զվարճալի օրն ընդգրկվեց տոնացույցում, որպեսզի ամբողջ աշխարհի զուգարանները դառնան ավելի մաքուր ու հաճելի` համապատասխանելով հիգիենիկ բոլոր նորմերին, չնայած որ երկրի բնակչության 40 տոկոսից ավելին չունի բնական կարիքները հոգալու համար նախատեսված հարմարանք:

 

Հայաստանը դժվար թե այդ օրը որպես տոն նշի մի պարզ պատճառով, որ մեր երկրում հասարակական զուգարանների լուրջ պակաս կա, իսկ որոշ վայրերում` անգամ բացակայում է: Խնդիրը չի սահմանափակվում միայն մայրաքաղաք Երևանով, ավելին, հասարակական զուգարանների բացակայությունը զգացվում է ինչպես քաղաքային և գյուղական համայնքներում, այլև Հանրապետության միջմարզային, միջքաղաքային ճանապարհներին:

 

Թեև վերջին ժամանակներում բազմիցս շրջանառվել է մայրաքաղաաքում մի քանի հասարակական զուգարաններ կառուցելու, անգամ ժամանակակից զուգարանների ներմուծման մասին (նման նախագիծ կա նաև Իջևան քաղաքում), սակայն որքանով է այն համապատասխանում իրականությանը և որքան շուտ այն կյանքի կկոչվի, դժվար է ենթադրել:

Հասարակական զուգարանների տեղադրման անհրաժեշտության հարցն անվիճելի է: Խնդիրն ավելի ակնհայտ է դառնում զբոսաշրջության սեզոնին: Զբոսաշրջիկներից և մեր հայրենակիցներից շատերը խոստովանում են, որ ստիպված սրճարաններ կամ հյուրանոցներ են այցելում` ելնելով բնական կարիքները հոգալու պահանջից: Իսկ ի՞նչ անի այն քաղաքացին, ով գումար չունի  զուգարանից օգտվելու ակնկալիքով մեկ բաժակ սուրճ  խմելու  տարբերակն ընտրելու համար կամ կաշկանդվում է նման հնարքի դիմելուց: Եթե մենք` քաղաքացիներս, կարողանում ենք խնդրին մի փոքր թեթև վերաբերվել և այլընտրանքային ճանապարհներ գտնել, ապա դժվար է օտարերկրացուն բացատրել, որ Հայաստանում հասարակական զուգարանների բացակայությունը սովորական երևույթի է վերածվել և բնական կարիքները հոգալու համար բնավ էլ կարիք չկա զուգարան փնտրելու (ցավալի է, բայց փաստ). գետնանցումներ, վերելակ, շքամուտք, քիչ լուսավորված այգի: Ասվածն ավելի ակնառու է դառնում Հանրապետության ճանապարհներին, ուր դժվար թե հանդիպես որևէ հասարակական զուգարանի. ծառախիտ մայթերն արդեն իսկ բավական են:

 

Եթե ներկայումս ցանկանում ենք Հանրապետությունը զբոսաշրջության կենտրոն դարձնել, ապա պետք է դրա համար ստեղծել բոլոր նախադրյալները, ինչպես նաև ապահովել պատմամշակութային և հանգստի բացօթյա վայրերի հասանելիությունը`հատկապես զբոսաշրջիկների համար: Թեև վերջին ժամանակներում, ի տարբերություն մի քանի տարվա առաջվա պատկերի, երբ պատմամշակութային և այլ վայրերում հասարակական զուգարանները բացակայում էին, ապա ներկայում այդ խնդիրը քիչ, թե`շատ, լուծված է: Սակայն անտեսվում է մի հանգամանք. իսկ ի՞նչ անի այն անձը, ով մարզից-մարզ, քաղաքից-քաղաք տեղաշարժվելիս չի կայանելու պատմամշակութային վայրում, կամ, նույն զբոսաշրջիկին ինչպե՞ս բացատրել, որ բնական կարիքները հոգալու համար (դրա ցանկությունն անկառավարելի է), պետք է համբերել մինչև պատմամշակութային վայր հասնելը: Կարծում եմ դա ուղղակի ծիծաղելի կլինի:

 

Մեր պետությունը հարցի ժամանակավոր լուծման տարբերակ է գտել` բիոզուգարաններ: Հասարակական զուգարանների լուծման այլընտրանքային եղանակ է էկոսան (բիոլոգիական) զուգարանները, որոնցով հեղեղվում են մայրաքաղաքի փողոցները, այգիները և մարդաշատ վայրերը հատկապես տոնական օրերին և մեծածավալ միջոցառումների ժամանակ: Էկոսան կոչվող զուգարանների գինը տատանվում է 2000-3000 դոլարի սահմաններում: Սակայն էկոսան զուգարանները նպատակային չեն քաղաքում օգտագործելու համար, քանի որ օգտվողը պետք է  ծանոթ լինի դրանցից օգտվելու կարգին, իսկ այն վայրերում, որտեղ կան մաքրման սարքավորումներ, ավելի նպատակահարմար է կառուցել կոյուղացված զուգարաններ: Ինչ վերաբերում է Երևանին, ապա լավագույն տարբերակը  համապատասխան մարմինների կողմից  կոյուղացված զուգարանների վերականգնումն է, իսկ բիոզուգարանները պետք է տեղադրել այն վայրերում, որտեղ չկան կոյուղագծեր:

 

Հետաքրքիր տեղեկատվություն. Ի դեպ, առաջին զուգարան հիշեցնող վայրը եղել է մեզանից 2500 տարի առաջ Հնդկաստանում: Ժամանակակից ամենաանսովոր հասարակական զուգարաններ ունեցող երկրների շարքում կարելի է առանձնացնել Հոլանդիան, որտեղ «գործողությունները կատարվում են»` զուգարանախցիկների բացակայության պատճառով: Ավելին, Ճապոնական հասարակական զուգարաններում էլ բնական կարիքները կարելի է հոգալ Ձեր իսկ նախընտրած երաժշտության ներքո: Իսկ եթե ցանկանում եք ձեր բնական պահանջները կատարել` նայելով անցորդներին, միևնույն ժամանակ մնալ անտեսանելի, Նյու Յորքի ապակյա զուգարանախցիկները կիրականացնեն Ձեր իսկ ցանկությունները: Հռոմում հիմնում են նոր հասարակական զուգարաններ, որն էլ զբոսաշրջիկի համար կարժենա մեկ եվրո: Նոր զուգարանները կլինեն ութանկյան ձևով  և կառուցված կլինեն ապակուց (անթափանց) և մետաղից: Ներսում զբոսաշրջիկներին անակնկալ է սպասվում. նրանք կարող են ձեռք բերել Roma Pass զբոսաշրջային քարտեզը, զբոսաշրջիկային տուրեր, ինչպես նաև կարող են օգտվել ջրի ավտոմատ վաճառքի վայրերիցԸնդ որում` հատուկ զբոսաշրջիկների համար այնտեղի աշխատողները կլինեն օտար լեզվի իմացությամբ: Նախագծի արժեքը, որը հաստատված է քաղաքապետի կողմից, կազմում է 1 միլիոն եվրո: Զուգարանից օգտվելու համար զբոսաշրջիկները պետք է վճարեն 1 եվրո, բացառությամբ նրանց, ովքեր ձեռք են բերել Roma Pass քարտեզը. նրանք կարող են օգտվել անվճար: Շոտլանդիայի ափի փոքրիկ կղզյակում նախատեսվում է կառուցել հասարակական զուգարան 50 հազար ֆունտ արժողությամբ (80000 դոլար), որի նպատակն է ստեղծել սանիտարական հանգույց թռչունների սիրահարների համար, ովքեր կղզի են գալիս գարնանը և ամռանը բազմատեսակ թռչունների ուսումնասիրման  համար:

 

Զուգարանների տեղադրումը, դրանք հիգիենիկ պահանջներին և սանիտարական կանոններին և նորմերին համապատասխանելու հարցը և վերջիններիս ճիշտ օգտագործումը մեծ նշանակություն ունի մարդու առողջության և արտաքին միջավայրն աղտոտելուց խուսափելու համար: Այս  հարցը մեր երկրում դեռ չլուծված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ երկրում զուգարանների տեղադրման  և մաքրության հարցը անտեսվում է պետության կողմից:


Հ.Գ. – Թեմային իմ կողմից անդրադարձ չէր կատարվի, եթե վերջին ժամանակներում ականատես չլինեի մի քանի զավեշտալի, եթե ոչ ցավալի, իրավիճակների: Ահա դրանցից մեկը կարողացավ ֆիքսել իմ բջջային հեռախոսի տեսախցիկը Դիլիջան-Սևան թունելի սկզբնամասում: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել