«Այ անխիղճներ գումարս հետ տվեք, երկու երեխա ունեմ, ո՞նց եմ ապրելու». ամբաստանյալ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց   Լավրենտ Քոսյանի ու մյուսների գործով դատական նիստը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատավոր Մարտիրոսյանը մեկ անգամ ևս կողմերին հիշեցրեց, որ ամբաստանյալ Հրաչիկ Չփլախյանի գործը առանձնացվում է այս դատական գործից և կքննվի առանձին՝ ամբաստանյալի առողջական խնդիրների պատճառով:

Նիստի ընթացքում ամբաստանյալ Լևոն Կիզոկյանի պաշտպան Արմեն Ֆելոյանը ներկայացրեց միջնորդություն՝ իր պաշպանյալի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման հետ կապված՝ կալանքը գրավով փոխանրինել: Իր ելույթում նշեց, որ պատշաճ և հստակ ապացույցներ չկան իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու համար և ազատ արձակվելու դեպքում որևէ վտանգ չի ներկայացնի: Դատավորը լսեց պաշտպանի միջնորդությունը և դիմեց կողմերին՝ լսելու նրանց դիրքորոշումը:Դատախազը առարկեց միջնորդությունը և անհիմն համարեց: Այդ պահին ամբաստանյալ Լիլիա Մարտիրոսյանը ոտքի կանգնեց և արտասվելով դիմեց ամբաստանյալներին, որ իր տված գումարը ետ վերադարձնեն. «Խնդրում եմ այ անաստվածներ, հետ տվեք իր գումարը կամ գոնե կես-կես տվեք, երկու երեխա ունեմ, ո՞նց եմ ապրելու, ես խաբված եմ, այ անխիղճներ»: Դատավորը ընդհատեց ամբաստանյալի խոսքը, նշելով որ իր խոսքերը պահի ելույթի համար: Դատավոր Մարտիրոսյանը լսելով կողմերին որոշեց միջնորդությունը մերժել՝ այն անհիմն համարելով: Նիստի ընթացքում Լիլիա Մարտիրոսյանի պաշտպան Հակոբյանը ներկայացրեց միջնորդություն նիստը հետաձգելու մասին, քանի որ զբաղված էր այլ դատական գործով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդունեց միջնորդությունը և նիստը հետաձգվեց:

Դատական նիստը քննությունը կշարունակվի օգոստոսի 25-ին:

Հիշեցնենք, որ ամբաստանվում են չորս անձիք: Լիլիա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրված կաշառք տալու փորձ կատարելու համար, Հրաչիկ Չփլախյանին` կաշառք տալուն միջնորդելու փորձի համար, իսկ Լավրենտ Քոսյանին և Լևոն Կիզոկյանին` խարդախության առաձնապես խոշոր գումար հափշտակելու համար: Վերջին երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, մյուսների հանդեպ` ստորագրությունը` չհեռանալու մասին: 

Ռոզա Վարդանյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել