Ո՞վ է լինելու ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր

ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն արդեն Սահմանադրական դատարանի անդամ է: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը` հավելելով, որ տիկին Գյուլումյանի նշանակման հրամանը վերջերս է եղել. «Սակայն նա հավանաբար գործի կանցնի հոկտեմբեր ամսից: Մինչև վեց ամիս տեղը կարող է թափուր մնալ: Բացի այդ, ես կարծում եմ, որ Ալվինա Գյուլումյանը կիսատ գործեր ունի ՄԻԵԴ-ում, ավարտելուն պես աշխատանքի կանցնի ՍԴ-ում»,- նշեց պարոն Պապիկյանը` հիշեցնելով, որ տիկին Գյուլումյանը 1996 թվականին եղել է ՍԴ-ի առաջին հիմնադիր դատավորներից մեկը:

Իսկ թե ով է լինելու ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր, դեռ պարզ չէ: Հիշեցնենք` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուի մրցույթը մեկնարկել է սեպտեմբերի 3-ին, իսկ մինչ այդ` օգոստոսի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, ստեղծվել էր մրցութային հանձնաժողով: Թեև թեկնածուների առաջադրման օրն արդեն մոտենում է իր վերջնաժամկետին (հայտերն ընդունվում են 20 օրվա ընթացքում՝ մինչև սեպտեմբերի 24-ը), սակայն առ այսօր ոչ մի թեկնածու չկա: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովն ունի հետևյալ կազմը. Սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ), Վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ), ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր (համաձայնությամբ), Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ), ՀՀ արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ (համաձայնությամբ), Արդարադատության ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ), «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:

Նրանցից Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ ինքը միայն մամուլից է տեղեկացել, որ հայտեր չկան. «Այս պահին մեր մասով գործընթաց չի իրականացվում, սակայն համոզված եմ շուտով հայտեր կլինեն»,- ասաց նա:

Պարոն Մելիքյանը նաև հաղորդեց, որ հանձնաժողովը առաջնորդվելու է հետևյալ չափանիշներով` մասնագիտական ունակություններ, լեզուների տիրապետում, ինչպես նաև անձնական-բարոյական հատկանիշներ:

Հավելենք, որ մինչ այս մամուլում շրջանառվել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների մի շարք անուններ: Նշվում էր, որ այդ պաշտոնին հավակնում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իրավական հարցերով օգնական Գեորգի Կուտոյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, ինչպես նաև փաստաբան Վահե Գրիգորյանը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել