Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Լյուքս Ստեփանյանի հայրը կամավոր լքեց նիստերի դահլիճը․ պաշտպանական ճառը տևեց մոտ 4 ժամ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատաքննությունը: Մինչ դատական նիստը սկսելը` դատավոր Զոյա Զաքինյանը խստագույնս պահանջեց կարգ ու կանոն պահպանել դատական նիստի ընթացքում և զգուշացրեց, որ անգամ աննշան շշուկի դեպքում սանկիցա կկիրառի և դուրս կհրավիրի դատարանի դահլիճից: Լյուքս Ստեփանյանի հայրը, ում նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ դատարանը արգելել էր ներկա գտնվել դատական նիստերին, կամավոր լքեց դատարանի դահլիճը:

Պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները: Մինչև պաշտպանական ճառը՝ պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրեց երկու միջնորդություն: Պաշտպանը դատարանին նախ միջնորդեց վերսկսել դատաքննությունը և ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի նկատմամբ նշանակել դատահոգեբանական փորձաքննություն: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալն արաքը կատարելու պահին եղել է հոգեկան խիստ հուզմունքի՝ աֆեկտի վիճակում: Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննարկումը և դրան անդրադառնալ վերջնական դատական ակտ կայացնելիս: Հետևեց երկրորդ միջնորդությունը՝ դեպքի վայրի լրացուցիչ զննություն կատարելու մասին: Այս միջնորդության քննարկումը դատավոր Զաքինյանը նույնպես հետաձգեց:

Պաշտպանական ճառը տևեց մոտ չորս ժամ: Պաշտպան Երեմ Սարգսյանը ճառում անդրադարձավ դեպքին հաջորդող օրերին տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև նախաքննության և դատաքննության ընթացքին: Պաշտպանի կարծիքով այս գործով դատավճիռը կայացվել է մինչև դատաքննության սկսվելը: Նա դատարանին և դատավարության մասնակիցներին հիշեցրեց, թե իրենց բողոքն արտահայտելու ինչպիսի ծայրահեղ միջոցի էին դիմել Լյուքս Ստեփանյանի ծնողները:

Նրանք ցանկանում էին զոհված որդու դին տեղափոխել Երևան: Սակայն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այն ժամանակ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սևան-Երևան ավտոմայրուղում հանդիպել էին Լյուքս Ստեփանյանի հարազատներին և հորդորել ետ կանգնել իրենց մտադրությունից: Այս հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը ասել է, որ Լյուքսին միտումնավոր են սպանել և հանցագործը խստագույնս կպատժվի՝ 18-20 տարի կամ ցմահ ազատազրկում:

Երեմ Սարգսյանը մեջբերեց հատված տուժողի իրավահաջորդ Լուիզա Ստեփանյանի պաշտպանության նախարարին հասցեագրված դիմումից, որում նա նախարարին հիշեցրել է տված խոստման մասին: Պաշտպանի պնդմամբ պաշտոնատար անձի կողմից նման կարծիք արտահայտելն արդեն անմեղության կանխավարկածի խախտում է: Պաշտպանը նշեց մեկ ուշագրավ փաստ նույնպես: Նա դատարանին հայտնեց, որ վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը միանշանակ հիմնավոր է, այն հաստատվել է ձեռք բերված անհերքելի ապացույցներով և որ այդ գործով արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Այնուհետև պաշտպանը շարունակեց. «Ի՞նչ է սա նշանակում, հարգելի դատարան, փորձենք վերլուծել: Բոլորս, այդ թվում գլխավոր դատախազը, գիտենք, որ ոչ մի փաստական տվյալ նախապես հաստատված ապացույցի ուժ չունի և դրանք կարող են հաստատված, առավել ևս անհերքելի համարվել միայն դատաքննության արդյունքներով, բոլոր ապացույցները հետազոտելու, իրենց համակցության մեջ գնահատելու արդյունքում: Սակայն գլխավոր դատախազն արդեն իսկ հայտարարում է, որ ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ մեղադրանքը հիմնավորելու համար»: Պաշտպանը տարակուսանքով նշեց, թե ինչպես կարող է գլխավոր դատախազը, ով քաջատեղյակ է դատաքննության ընթացքին, տեղյակ լինելով որ դատարանը դատավճիռ չի կայացրել, հրապարակավ հայտարարել, թե «ունեցանք մեղադրական դատավճիռ»:

Երեմ Սարգսյանի կարծիքով պատճառները կարող են լինել երկուսը․կամ այդ եղանակով դատախազը փորձում է ճնշում գործադրել դատարանի վրա, որպեսզի դատարանը կայացնի մեղադրական դատավճիռ, կամ էլ հաստատվում է պաշտպանական կողմի այն հայտարարությունը, որ Դավիթ Խաչատրյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը կայացվել է դեռևս մինչև նախաքննության ավարտը:

Պաշտպան Երեմ Սարգսյանը անդրադարձավ նաև Լյուքս Ստեփանյանի հարազատների և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի և դատավոր Զոյա Զաքինյանի հանդիպմանը դատարանի արգելված տարածքում, դատական նիստերի ընթացքում Լյուքս Ստեփանյանի հարազատների դրսևորած վարքագծին:

Եզրափակելով պաշտպանական ճառը՝ պաշտպանները միջնորդեցին դատարանին վերաորակել Դավիթ Խաչատրյանի արարքը և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քր. օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով. պաշտպանական կողմը պնդեց, որ Դավիթ Խաչատրյանը միտումնավոր չէ կրակել, նա խախտել է զենքի հետ վարվելու կանոնները:

Դատաքննությունը կշարունակվի հուլիսի 4-ին:

Հանրային թղթակից՝ Վահագն Թամրազյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել