Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Թող իր խոսքն ասի, խի՞ չես թողում». Լյուքս Ստեփանյանի գործը լարված մթնոլորտում է անցել

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով փետրվարի 12-ի դատական նիստը սկսվեց նախապես որոշվածից չորս ժամ անց: Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները խնդրել էին դատական նիստը երկու ժամով հետաձգել, քանի որ այլ դատարանում դատական նիստի մասնակցելու պատճառով չէին կարող ժամը 12:00-ին լինել Իջևանում: Դատավոր Զոյա Զաքինյանը դատական նիստը հետաձգեց մինչև ժամը 14:00-ը, սակայն այդ ժամին էլ դատական նիստը հնարավոր չեղավ շարունակել, քանի որ պաշպանները դեռ չէին եկել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը դատարանին միջնորդեց նիստը հետաձգել ևս կես ժամով, ասելով որ պաշտպանները ճանապարհին են և կես ժամից կհասնեն:  Բայց դատավարության մասնակիցներին վիճակված էր դատարանի միջանցքներում սպասել երկու ժամից ավելի: Պաշտպանները դատարան ներկայացան ժամը 16:00-ին և դատական նիստը շարունակվեց:

Պաշտպան Երեմ Սարգսյանը ներողություն խնդրեց դատարանից, ուշանալու համար: Դատավոր Զաքինյանը պաշպանին խնդրեց հետագայում բացառել նման դեպքերը: Նիստը սկսվեց, ինչպես և կարելի էր ենթադրել, Լյուքս Ստեփանյանի հարազատների դժգոհության անզուսպ արտահայտմամբ: Հայտարարությամբ խնդրեց հանդես գալ տուժողի իրավահաջորդ Լուիզա Ստեփանյանը: Նա դիմեց ամբաստանյալի պաշտպաններին, սակայն դատավոր Զոյա Զաքինյանը ընդհատեց նրան, ասելով, որ պաշտպանների ուշանալու պատճառը մեկ այլ սպանության գործով դատավարության մասնակցելն է:  Դահլիճից միջամտեց Լյուքս Ստեփանյանի հայրը, ասելով. «Թող իր խոսքն ասի, խի՞ չես թողում»: Դահլիճում աղմուկ սկսվեց, պաշտպան Երեմ Սարգսյանի և Լյուքս Ստեփանյանի հարազատների կողմից հնչեցին փոխադարձ վիրավորանքներ: Պաշտպանը դատարանից պահանջեց դահլիճից հեռացնել բոլոր կարգ խախտողներին:  Ի վերջո կրքերը հանդարտվեցին և դատական նիստը շարունակվեց: Տուժող Հրաչյա Սարգսյանը այս դատական նիստին էլ չէր ներկայացել:

Դատարանում ցուցմունք տվեցին չորս վկաներ՝ զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը, զորամասի շտաբի պետ Հրայր Աթոյանը, Լյուքս Ստեփանյանի ծառայակից ընկերներ Արթուր Եսայանը և Պետրոս Ղազարյանը: Նրանք դեպքի մասին պատմեցին այն, ինչ լսել էին ականատեսներից: Դատական նիստի ավարտին դատավոր Զոյա Զաքինյանը ընթերցեց տուժող Հրաչյա Սարգսյանի դիմումը, որով նա հայտնում էր, որ առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրում է հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքը:

Դատական նիստը ավարտվելուց հետո Լուիզա Ստեփանյանը փորձեց մոտենալ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին, սակայն դատական կարգադրիչները թույլ չտվեցին:

Հաջորդ դատական նիստը փետրվարի 26-ին է:

 

Հանրային թղթակից` Վահագն Թամրազյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել