Իրավաբան.net-ի հրապարակումն օգնեց միայնակ մնացած 5 անչափահասներին

Հոկտեմբերի 18-ին Իրավաբան.net-ն անդրադարձել էր շուրջ 8 ամիս Արարատի մարզի Նոյակերտ համայնքում տանը միայնակ իրենց գոյությունը պահպանող 5 անչափահաս երեխաներին` 3 -ամյա Նարեկին, 4- ամյա Սուսիկին, 8- ամյա Գարիկին, 10 -ամյա Գոհարին: Նրանց մասին հոգ է տանում իրենց 15-ամյա քույրը` Պայծառը: Երեխաների մայրական տատիկի` Օֆիկ Մանուկյանի ներկայացմամբ երեխաների «մայրը»` Լիանա Մանուկյանը, 2013թ. մարտ-ապրիլ ամիսներից, երեխաներին ասելով, թե «գնում եմ կով կթելու», իր հետ վերցրել է 8 ամսական նորածնին ու 12 -ամյա Գոռին, լքել է անչափահաս երեխաներին ու մեկնել գյուղից` հայ փոստի աշխատակցին արգելելով նպաստի գումարն այլ անձի տալ:

Նյութի հրապարակումից հետո շատ մարդիկ պատրաստակամություն հայտնեցին օգնել կարիքավոր ընտանիքին: Նոյեմբերի 2-ին մի խումբ երիտասարդներ ընտանիքին են փոխանցել անհրաժեշտ իրեր ու սնունդ:

«Ինչպես և որոշել էինք՝ այցելեցինք Նոյակերտ գյուղի ընտանիքին և փոխանցեցինք այն ամենն, ինչ կարողացանք հավաքել և այն ամենն ինչ փոխանցել էին։ Հավաքված գումարով գնել ենք վառարան, 2 տաք ծածկոց (одеяло), վառելիք, մթերք, մսամթերք, որոշ գյուղմթերք, քաղցրավենիք և խմորեղեն, գրենական պիտույքներ»,- գրված է «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» ֆեյսբուքյան խմբում :

Իրավաբան.net-ին է դիմել նաև Լինա անունով մի կին` ցանկություն է հայտնելով օրենքով սահմանված կարգով երեխաներից երկուսին` 3 -ամյա Նարեկին ու 4- ամյա Սուսիկին իր խնամքին վերցնելու:

Մարդիկ դեռ շարունակում են արձագանքել:

Տեղեկացնենք, որ հրապարակումից հետո հայտնվել է երեխաների մայրն ու պատմել բոլորովին այլ պատմություն, որին Իրավաբան.net-ը կանդրադառնա առաջիկայում:

 

Հանրային թղթակից` Տիգրան Մաթևոսյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել