Վտանգե՞լ կյանք և/կամ տուգանվել, թե՞ խմել կենացը

Վարչական տույժի նպատակը ոչ միայն զանցանք կատարած անձին պատժելն է, այլ նաև, և որ կարծում ենք՝ ամենակարևորը, զանցանքների կատարումը կանխելը:

Ալկոհոլը հանդիսանում է թուլացման միջոցներց մեկը: Իրականում, բացի իրավասու մարմնի կողմից կիրառվող տույժի վտանգից, ալկոհոլը ավելի վտանգավոր է իր՝ վարորդի ուղեղի վրա ունեցած աղդեցությամբ: Ընդ որում, հաճախ այդ ազդեցությունը նկատելի չէ ոչ վարորդի, ոչ նրա ուղևորների համար, սակայն այն կարող է հիշեցնել իր մասին կրիտիկական պահին:

Արդեն իսկ թույլ խմածության աստիճանի դեպքում, օրինակ՝ մի քանի ումպ օղի, վիսկի կամ գարեջուր խմելու դեպքում, երբ ալկոհոլի քնակը արյան մեջ 02-05 պրոմիլ է, մարդու մոտ մեծանում է ռիսկի դիմելու ձգտումը` ռիսկային, արագ վարելու և մանևր կատարելու ցանկությունը:

Ընդ որում, այդ պարագայում վարորդը չի կարող հստակ որոշել այլ մեքենաների արագությունը, օրինակ՝ շրջադարձերի կամ վազանցի ընթացքում, թուլանում է շրջապատող օբյեկտների չափերի ճիշտ ընկալման կարողությունը:

Երբ անձը ընդունում է ալկոհոլի քիչ չափաբաժին, նա հաճախ չի զգում հարբածություն, սակայն այդ քիչ չափաբաժինը միևնույնն է ազդում է օրգանիզմի վրա. մարդը զգում է ուժերի ավելացում և որ ամենավտանգավորն է՝ ոչ համապատասխան է գնահատում իր հնարավորությունները:

Ալկոհոլի ընդունումից հետո խախտվում են մարդու ուշադրության, օպերատիվ հիշողության ֆունկցիաները, դանդաղում են դատողության գործընթացները, թուլանում է մկանային ուժը, մեծանում է երևույթներին հակադարձելու (ռեակցիայի) ժամանակը: Արդյունքում վարորդին ավելի երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի գնահատի երթևեկության իրավիճակը, ընդունի որոշումներ և կատարի ավտոմեքենայի ղեկավարման գործողություններ:

Օրգանիզմի այս ֆունկցիաների խախտումները վարորդների կողմից հաճախ չեն նկատվում: Օրինակ՝ վարորդին թվում է, թե հետիոտնից հեռու է 30մ, բայց իրականում հեռավորությունը 15-20 մ է, վարորդին թվում է, թե անմիջապես սեղմեց արգելակներին, սակայն իրականում արգելակներին սեղմում է ուշացումով:

Եվ հենց ալկոհոլի՝ վերը նշված ազդեցությունների ու դրանց վտանգավոր հետևանքների հաշվի առմամբ է, որ բոլոր երկրներում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության տեսակներից ամենախիստը նախատեսվում է հենց ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:

Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն:

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու հետ կապված սահմանված են հետևյալ վարչական տույժերը.

  1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում ստորև նշված՝ 2-6 կետերի հատկանիշները, առաջացնում է տուգանքի նշանակում` հարյուր հազար ՀՀ դրամի չափով:
  2. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, առաջացնում է տուգանքի նշանակում` հարյուր հիսուն հազար ՀՀ դրամի չափով:
  3. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
  4. Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը առաջացնում է տուգանքի նշանակում` հարյուր հիսուն հազար ՀՀ դրամի չափով:
  5. Առաջին կամ երկրորդ կետերում նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
  6. Երկրորդ կամ չորրորդ կետով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից առաջացնում է տուգանքի նշանակում` երկու հարյուր հազար ՀՀ չափով:
  7. Երրորդ կամ հինգերորդ կետով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում` երեք հարյուր հիսուն հազար ՀՀ դրամի չափով:
  8. Առաջինից հինգերորդ կետերով նախատեսված արարքները կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում` չորս հարյուր հիսուն հազար ՀՀ չափով:

Արարքը վարչական իրավախախտում գնահատելու տեսանկյունից անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակություն:

Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:

Հարգելի վարորդներ, ցանկացած դեպքում, երբ ցանկանում եք կամ ստիպված եք օգտագործել ալկոհոլ, հիշեք, որ ձեզ սպասում են ընտանիքում, ընկերները, մտերիմները, և վարչական տույժը չարյաց փոքրագույնն է, որ կարող է պատահել ձեզ հետ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքում:

Եվ ինչպես հայտնի երգում է ասվում. «…Եվ երբ առողջության կենացն են խմում, ընկերը չի գոչի՝ խմի´ր մինչև վերջ…»:

Արփինե Եղիկյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել