Ծխելը հիվանդությո՞ւն, թե՞ վատ սովորություն է

Ծխելը խրոնիկ, կրկնվող հիվանդություն է, որը կապված է նիկոտինից հոգեկան և ֆիզիկական կախվածության հետ: Մարդիկ շարունակում են ծխել ոչ թե նրա համար, որ ցանկանում են դա, այլ որովհետև կախված են նիկոտինից: Գոյություն ունի ծխախոտից կախվածության երկու տեսակ՝ հոգեբանական և ֆիզիոլոգիական:

Սակայն ցանկացած ոք կարող է թողնել ծխելը՝ օգտվելով ժամանակակից արդյունավետ միջոցներից՝ բժշկի հետ համատեղ մշակված՝ ծխելը թողնելու ծրագրին համապատասխան: Բժիշկների հավաստմամբ, ծխելը կանխելու համար անհրաժեշտ է պայքարել ծխելուն նպաստող պատճառների դեմ, օրինակ՝ գովազդի:

Ծխախոտի վտանգավորությունը կայանում է նրանում, որ այն հյուծում է օրգանիզմը աստիճանաբար, աննկատ: Ժամանակի ընթացքում նիկոտինից զարգանում է բրոնխիտ, էնֆիզեմա, թոքերի ուռուցք և այլն:

Ծխախոտ օգտագործելու խնդիրն այսօր գիտակցվում է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից: 2003թ. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ) կողմից ընդունվել է Ծխախոտի դեմ պայքարի մասին կոնվենցիան: Կոնվենցիային միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը (Կոնվենցիան Հայաստանի հանրապետության համար ուժի մեջ է մտել 27.02.2005թ.):

Կոնվենցիան պարտավորեցնում է դրան միացած յուրաքանչյուր պետության իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան ամբողջությամբ արգելել ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը։

Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության Հոգեկան և վարքային խանգարումների դասակարգման՝ ծխելը հանդիսանում է հիվանդություն: Այդ դասակարգման Կատեգորիաների ցանկի F17 կետով որպես հիվանդություն նախատեսված են ծխախոտի օգտագործման հետ կապված հոգեկան և վարքի խախտումները:

Ներկա և ապագա սերունդներին ծխախտոտի օգտագործման և ծխախոտի ծխի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը 24.12.2004թ.-ին ընդունել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը և նախատեսել պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում արգելքները խախտելու համար:

Արփինե Եղիկյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել