Օրինաչա՞փ է արդյոք «գնված ապրանքը հետ չի վերցվում» հայտարությունը

Հաճախ մանրածախ առուվաճառք իրականացնող խանութների վրա կարելի է տեսնել հայտարարություն այն մասին, որ վաճառված ապրանքը հետ չի վերցվում կամ չի փոխարինվում:

Մանրածախ առուվաճառքը ապրանքների մանրածախ վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողի կողմից ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների վաճառքն է:

Սակայն ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը միանշանակ սահմանում է, որ «Գնորդն իրավունք ունի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքն այն գնելու կամ վաճառողի հայտարարած այլ վայրերում փոխարինել այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ»:

Վաճառողի մոտ փոխարինելու համար անհրաժեշտ ապրանքի բացակայության դեպքում գնորդն իրավունք ունի վաճառողին վերադարձնել ձեռք բերած ապրանքը և ստանալ դրա համար վճարած գումարը:

Սակայն պետք է հաշվի առնել, որ ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված է նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը:

Այդ ապրանքներն են.
1. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք
2. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ և այլն)
3. Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ
4. Տեքստիլ ապրանքներ (բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ` ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն) մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ
5. Կարի ու տրիկոտաժի արտադրանք (տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք)
6. Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր)
7. Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ
8. Կենցաղային կահույք (կահույքի հավաքածու և լրակազմ)
9. Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր
10. Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ
11. Երաշխիքային ժամկետներ ունեցող կենցաղային նշանակության տեխնիկապես բարդ ապրանքներ (մետաղահատ և փայտամշակման հաստոցներ, կենցաղային էլեկտրական մեքենաներ ու սարքեր, կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատներ, հաշվիչ և բազմացնող կենցաղային տեխնիկա, լուսանկարչական ապարատներ, կինոապարատներ, հեռախոսային ու ֆաքսիմիլային ապարատներ, էլեկտրական երաժշտական գործիքներ, էլեկտրոնային խաղալիքներ)
12. Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները
13. Կենդանիներ և բույսեր:

Արփինե Եղիկյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել