Նորություններ

Իսպանիայի ներկայիս թագավորն «ԱՆՄԱ՞Հ» է…

Օրեր առաջ, նոյեմբերի 23-ին, Իսպանիայի 74-ամյա թագավոր Խուան Կառլոս Առաջինը վիրահատության է ենթարկվել։ Բժիշկները երրորդ անգամ վիրահատել են նրա ձախ ոտքի կոնքազդրային հոդը, որը նա վնասել էր 2011 թվականի ապրիլին Աֆրիկայում որսի ժամանակ անհաջող վայր ընկելու հետևանքով։ Բժիշկների կարծիքով՝ թագավորի կյանքին ոչինչ չի սպառնում:

 

Անկախ բժիշկների կարծիքի, կար վստահություն, որ թագավորին ոչինչ չի սպառնում, քանի որ ըստ իսպանացիների, իրենց թագավորն «ԱՆՄԱՀ» է: Ասվածն անհավանական է թվում, բայց այն ունի իր պարզ բացատրությունը:

 

Սկսած 16-րդ դարից` թագավորների աճյուններն ամփոփովում են թագավորական դամբարանում, որը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից 50 կմ հյուսիս-արևմուտքում գտնվող Սան Լորենցո դը Էլ Էսկորիալ (San Lorenzo de El Escorial) քաղաքի  թագավորական նստավայր, Էլ Էսկորիալ թագավորական մեծ պալատում:

 

Էլ Էսկորիալը կառուցվել է Ֆիլիպ 2-րդ թագավորի կողմից: Այն շատ կարճ ժամանակում կարողանում է գրավել ամբողջ Եվրոպայի ուշադրությունը: Այստեղ են գալիս բազմաթիվ արվեստագետներ զմայլվելու իսպանական ճարտարապետությամբ: Էսկորիալի հյուրընկալության յուրահատկության գաղտնիքը կայանում է նրանում, որ մեկ համալիրում ներառված են թագավորական պալատը, վանքը, թանգարանը, դպրոցը, գրադարանը, անգամ` դամբարանը: Իսպանացիները Էլ Էսկորիալ պալատին անվանում են «Աշխարհի ութերորդ հրաշալիք»:

 

Էլ Էսկորիալ պալատի պատմությունը սկսվում է 1557 թվականի օգոստոսի 10-ից, Սուրբ Լավրենտի տոնից, երբ Ֆիլիպ 2-րդի բանակը Սան-Կանտենայում հաղթանակ է տանում ֆրանսիական զորքերի դեմ: Ցավոք, հենց այդ օրն էլ, կռվի հետևանքով, ամբողջապես քանդվում է սրբի անունը կրող եկեղեցին: Հավատք ունեցող Ֆիլիպը երդվում է սրբի համար կառուցել նոր եկեղեցի հնի փոխարեն:

 

Շինության առաջին քարը դրվել է 1563 թվականին, իսկ վերջին քարը՝ 1584 թվականի դեկտեմբերի 13-ին: Պալատի շինարարությունը տևել է 21 տարի: Վանքի նախագծման համար Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը հրավիրել է Միքելանջելոի աշակերտ, ժամանակի հայտնի ճարտարապետ` Խուան Բատիստա դե Տոլեդոին:

 

Էսկորիալի կառուցման առաջնային նպատակներից է եղել իր հոր՝ Կարլոս 5-րդի համար դամբարանի կառուցումը, ում աճյունը այստեղ է տեղափոխվել և ամփոփվել 1586թ-ին: Պետք է նշենք, որ դինաստիաների դամբարան կառուցելու երազանք ունեցել է նաև Կարլոսը: Բրոնզի, մարմարի և հասպիսից կառուցված հիանալի պանթեոնում 1617թ-ին Ֆիլիպ 3-րդի օրոք կառուցվել է ստոտորգետնյա, գաղտնի ճանապարհ: Խորհրդավոր աստիճաններ, անբացատրելի սառնություն, փակված դռներ, և այս ամենը տանում է դեպի դամբարան:

 

Էսկորիալի դամբարանում, սկսած Կարլոս 5-րդից, ամփոփված են Իսպանիայի բոլոր թագավորների աճյունները՝ բացի Ֆիլլիպ 5-րդից, ով ատել է Էսկորիալի մռայլությունը և խնդրել է իրեն թաղել Սեգովիում, և Ֆերդինանտ 6-րդից, ում գերեզմանը գտնվում է Մադրիդում: Այն թագուհիները, ովքեր լույս աշխարհ են բերել թագաժառանգներ, նրանց աճյունները ևս ամփոփված են այստեղ: Համալիրի հակառակ ուղղության վրա է գտնվում XIX դարում կառուցված արքայազների պանթեոնը, որտեղ թաղված են այն արքայազների, արքայադուստրերի, թագուհիների աճյունները, որոնց երեխաները չեն ժառանգել գահը:

 

Ներկայումս դամբարանի համալիրի մարմարե երկու շիրիմները դատարկ են, սակայն դրանցում պետք է ամփոփվեն նախորդ թագավորի և նրա կնոջ աճյունները, որոնք ներկայումս գտնվում են մումիֆիկացման սենյակում: Արդյունքում դամբարանը «զբաղված» է՝ նախորդ թագավորների և նրանց կանանց աճյուններով: Փաստորեն, համալիրն արդեն ամբողջական է և չի կարող նոր ննջեցյալներ ընդունել:

 

Հարց է առաջանում. իսկ որտե՞ղ պետք է ամփոփվի ներկայիս թագավորի աճյունը, եթե թագավորական դամբարանը չի կարող նոր ննջեցյալներ ընդունել: Այս հարցին իսպանացիները պատասխանում են, որ եթե դամբարանում տեղ չկա, հետևաբար թագավորը չի կարող մահանալ. թագավորն անմահ է: Այո’, այո’: Եվրոպական այս հիասքանչ երկրում մարդիկ դեռ հավատում են հեքիաթների և կարողանում են ամեն իրավիճակի համար հետաքրքիր լուծումներ գտնել:

 

Իհարկե, ավելի հետաքրքիր լուծում կլիներ, եթե թագավորական նոր դամբարան կառուցվեր, սակայն ո՞րտեղ: Այդ մասին իսպանացիները դեռ նոր գաղափարներ չունեն: Իսկ քանի դեռ գաղափարներ չկան, ուրեմն թագավորը չի կարող մահանալ. նա «անմահ» է…

 

Հ.Գ. – Ստորև ներկայացված լուսանկարներից մի քանիսը վերցված են համացանցից, քանի որ Էսկորիալի ներսում այցելուներին չի թույլատրվում լուսանկարներ անել:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել