Նորություններ

«Մեղք եք, է՜, մե՛ղք, խղճում եմ ձեզ». Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորը՝ դատարանին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, շարունակվեց նույն դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի  կողմից կաշառք վերցնելու գործով քննությունը:

Անցած դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանից  ժամանակ էր խնդրել՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուն պատրաստվելու համար։ Իսկ այսօրվա դատական նիստին  Վարդուհի Էլբակյանը դատարանին ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդությունը:

Նա իր խոսքում նշեց, որ առաջին իսկ դատական նիստից  դատարանի կողմից դրսևորվել է կողմնակալ  վերաբերմունք և կաշկանդված վարք: Պաշտպանը շեշտեց, որ առաջին իսկ օրվանից դատարանին ներկայացրած բոլոր միջնրդությունները թե՛ պաշտպանների, թե՛ Իշխան Բարսեղյանի կողմից, դատարանը մերժում է առանց հիմնավորումների. «Մինչ այս դատական նիստը դեռևս ներկայացվել  է  4 միջնորդություն, որոնց վերաբերյալ դատարանն առանց խորհրդակցական սենյակ գնալու և քննարկելու  մերժելու որոշում է կայացրել: Հատկանշական է, որ բոլոր 3 միջնորդության մերժումը, բառացի նշում եմ, կայացվել է անտեսվելով դատավարության մասնակիցների կարծիքը: Բնականաբար, պաշտպանների ներկայացրած միջնորդությունները նույնաբովանդակ չէին և չէին կարող լինել որպես այդպիսին, սակայն դատարանը չի էլ քննարկել ներկայացված միջնորդությունները և տեղում, առանց խորհրդակցական սենյակ գնալու, կայացրել է որոշում՝ դրանք մերժելու վերաբերյալ»:

Նա իր խոսքում նշեց, որ դատարանը չի  ապահովել անաչառ և անկողմնակալ դատավարություն, իսկ   քրեական գործն ի սկզբանե  հարուցվել էր իրավական դիրքորոշումների կոպիտ խախտումներով:

Այդ միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը։ Նա նշեց, որ պաշտպան Վարդուհի Էլբակյանի  միջնորդությունը կառուցված էր այն փաստարկների հիման վրա, որ նախագահող դատավորը մերժում է նրանց միջնորդություները, սակայն  հնարավոր չէ  որևէ կերպ կասկածի տակ դնել դատարանի անկողմնակալությունը. «Ես ինքս միջնորդություններ եմ ներկայացրել, որոնք դատարանի կողմից մերժել են, բայց դա ես չեմ կարող հիմք ընդունել, որ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի մյուս կողմի նկատմամբ: Ես գտնում եմ, որ միջնորդությունը պետք է մերժվի»,- ասաց դատախազը:

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և վերադարձավ 35 րոպե հետո։ Դատարանը հրապարակեց որոշումը՝ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու վերաբերյալ։

Պաշտպան Կարեն Հովհաննիսյանը նույնպես միջնորդություն ներկայացրեց դատարանին: Նա իր խոսքում նշեց, որ դատարանից խնդրում է իրենց տրամադրել այն բոլոր նյութերը, որոնք ԱԱԾ տրամադրել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան  Իշխան Բարսեղյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ թույլտվություն ստանալու համար:

Ընթերցողին հասկանալի լինելու համար նշենք, որ պաշտպանը հայտարարություն արեց, ԱԱԾ-ն հեռախոսների գաղտնալսում է արել միայն մեկ փաստի առթիվ: Ասել է թե՝  քրեական գործ է հարուցվել միայն մեկ փաստի հիման վրա, այն է ՝ Նորիկ Հակոբյանի տված հանցագործության մասին հաղորդմումը, իսկ եթե դա իրական լինի, ապա կհամարվի օրենքի կոպիտ խախտում:

Գործով մյուս պաշտպան Արա Ղազարյանը նույնպես հայտարարություն արեց, որ քրեական գործ է հարուցվել միայն մեկ փաստական հանգամանքի հիմքով։ Նա մի պահ նյարդայնացավ և շրջվելով դեպի  դատարանին՝ ասաց. «Այդպես չի կարելի ներխուժել մարդու բնակարան՝  անձնական տիրույթ: Կամ ԱԱԾ-ն այլ փաստեր է ունեցել, որը մենք պահանջում ենք անմիջապես մեզ տրամադրել, կամ եթե չի ունեցել, ապա խախտել է օրենքը»:

Այսպիսով, դատարանն առանց խորհրդակցական սենյակ գնալու, տեղում որոշեց մերժել այդ միջնորդությունը, ինչը զայրացրեց Իշխան Բարսեղյանին, և նա բարձր ձայնով ասաց.«Մեղք եք, է՜, մե՛ղք: Խղճում եմ ձեզ»:

Նախագահող դատավորը լսեց այդ արտահայտությունը և սանկցիայի կիրառման մասին հիշեցրեց ու հայտարարեց, որ հաջորդ անգամ խիստ, շատ խիստ սանկցիա կկիրառի:

Իսկ ահա  Իշխան Բարսեղյանի խնդրանքով հայտարարվեց հինգ րոպե ընդմիջում, քանի որ Իշխան Բարսեղյանն անձամբ միջնորդություն ուներ ներկայացնելու, որի համար պետք է պատրաստվեր: Ընդմիջման ավարտից հետո Իշխան Բարսեղյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն ԱԱԾ-ի կողմից կատարած օպերատիվ-հետախուզական միջոցառման արձանագրության առնչությամբ նշանակել դատաձեռագրաբանական հետազոտություն՝ պարզելու համար փաստաթղթերի էջերից մեկում առկա  ստորագրությունն ո՞վ է դրել իր փոխարեն: Նա պնդեց, որ այդ ստորագրություններն իր ստորագրությանը նման չեն:

Նախագահող դատավորը դիմեց Իշխան Բարսեղյանին․
-Իշխան Բարսեղյան,  դուք նաև ասում էիք, որ մի ծրարի վրա էլ ձեր ստորագրությունը չէ։
-Այո, ասել եմ…

Իշխան Բարսեղյանը նյարդային վիճակում էր: Նա մի քանի անգամ վեր կացավ նստած տեղից, շեշտեց, որ ստորագրության հարցն իր համար հատուկ կարևոր նշանակություն ունի և նորից նստեց ու այդպես մի քանի անգամ, իսկ վերջում ասաց. «Հավանաբար՝  կեղծ ստորագրություն է դրվել»:

Այսպիսով, դատական նիստը հետաձգվեց, իսկ Իշխան Բարսեղյանի այդ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հաջորդ դատական նիստին, որը կկայանա հաջորդ շաբաթ:

Նշենք, որ այս գործով որպես իրեղեն ապացույցներ են առգրավվել՝  1000 ԱՄՆ դոլարը, բամբակե խծուծները, քիմիական մատիտն ու քիմիական փոշին, Իշխան Բարսեղյանի բաճկոնը, նրա  մոտից հայտնաբերված և առգրավված 2 բջջային հեռախոսները, ինչպես նաև որպես այլ փաստաթղթեր` ապացույց ճանաչված 5 լազերային սկավառակները և  ծառայողական վկայականը
Իշխան Բարսեղյանը կալանավորված է:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4 մասի 3-րդ հատկանիշով, այն է՝  Իշխան Բարսեղյանը 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Այս գործով որպես մեղադրյալ անցնում է նաև Էլզա  Զաքարյանը, որին  մեղադրանք  է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net




  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել