Նորություններ

Հիվանդության պատճառով ծառայության չներկայանալու համար դատապարտված զինվորականի գործը վերաքննիչ ատյանում է

Ապրիլյան պատերազմի հերոս 25-ամյա ավագ լեյտենատ Վլադիմիր Մանուկյանը, ով պատերազմի ժամանակ իր վիրավոր զինվորին փրկելու ժամանակ վիրավորվել էր Թալիշում և առողջական ծանր խնդիրներ ձեռք բերել, դատապարտվել է՝ հիվանդության պատճառով ծառայության չներկայանալու համար։

Իրավաբան.net-ի հետ զրույցում Վլադիմիրը պատմեց, թե ինչպես է նախորդ տարվա ապրիլի 30-ի մարտական գործողությունների ժամանակ կորցրել զինվորներից մեկին, ում փրկելիս էլ ձեռքի դաստակային հատվածում հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել․ «Չկարողացա զինվորիս դուրս բերել  վիրավորված տեղից,  մահացավ իմ աչքի առաջ՝ ինձնից մեկ մետր  հեռավորության վրա։ Վիրավորվելուց երկու ժամ հետո հակառակորդի կրակոցների տակ մի կերպ դուրս եմ եկել արնաքամ վիճակում, որից հետո ինձ տեղափոխել են Մարտակերտի հոսպիտալ և ցուցաբերել առաջին բժշկական օգնություն: Այդտեղ մեկ շաբաթ մնալուց հետո ինձ տեղափոխել են Երևանի հոսպիտալ»:

Բուժվելուց հետո նորից վերադարձել է ծառայության։ Սակայն լինելով մարտական դիրքերում, որտեղ պատերազմական գործողություններին ինքը մասնակից է եղել,  նրա մոտ սկսվել են գլխացավեր, անքնություն, տեսիլքներ-մղձավանջներ: Տեղափոխվել է Երևան և  կայազորային հոսպիտալում բուժում է ստացել ապրիլյան պատերազմի հետևանքով ձեռքբերած «Հետտրավմատիկ սթրեսային խանգարում» (մարտական շոկ) հիվանդության համար:  Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ Վլադիմիրը ճանաչվել է  պիտանի զինծառայության համար՝  սահմանափակումով: Վլադիմիրը մեզ հետ զրույցում նշել էր, որ այդ սահմանափակումը ենթադրում է մարտական դիրքերում ծառայություն չիրականացնել, ենթակա անձնակազմ չունենալ և այլն:

Սեպտեմբերի 29-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Եվ, ըստ կարգի, պետք է 3 օրյա ժամկետում վերադառնար ծառայության, այսինքն՝ Թալիշ: Սեպտեմբերի 30-ին նա գրավոր դիմում է պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել իր բնակավայրին մոտ գտնվող զորամաս կամ համապատասխան վճարումների դիմաց ազատ արձակել ծառայությունից։ Նամակին որևէ պատասխան չի լինում։ Վլադիմիրը նախարարին ուղղված նամակում ընդգծում է՝ ծառայությունը թողնել չի ուզում, սակայն բուժումն անհրաժեշտ է և կենսական:

Հոկտեմբերին Վլադիմիրն արդեն երկրորդ նույնաբովանդակ նամակն է գրում պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին։ Պատասխանն ուշանում է։ Բուժում ստացող Վլադիմիրը հոկտեմբերի 2-18-ը չի ներկայանում զորամաս։ Հոկտեմբերի 28-ին քրեական գործ է հարուցվում՝ զորամասն ինքնակամ թողնելու հիմքով։ Իսկ հետագայում առաջին ատյանի դատարանը   ապացուցված է համարել Վլադիմիրին մեղսագրված արարքը և դատապարտել է նրան 1 տարվա պայմանական ազատազրկման՝ սահմանելով մեկ տարվա փորձաշրջան:

«Ամբողջ խնդիրն իմ տասն օր զորամաս չներկայանալն էր, բայց ես ի վիճակի չէի գնալ աշխատանքի։ Անարդար էր այդպես իմ հանդեպ վարվելը․․․»,- նշում է սպան:

Դատավճիռը բողոքարկվել է։ Գործը ներկայումս քննվում է վերաքննիչ ատյանում՝ նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ։ Երեկվա դատական նիստին Վլադիմիրը միջնորդեց դատարանին՝ իրեն հանրային պաշտպան տրամադրել։ Ի պատասխան նախագահող դատավորը հարց տվեց, թե որքա՞ն է կազմում նրա աշխատավարձը: Վլադիմիրը պատասխանեց՝  շուրջ 200.000 դրամ: Այդուհետև դատարանը հարցրեց.

-Ընտանիք ունե՞ք:
-Ունեմ։
-Ովքե՞ր են։
-Հայրս ու մայրս։
-Ամուսնացա՞ծ չեք։
-Ոչ:
-Խնդիրն այն է,  որ հանրային պաշտպան տրամադրվում է այն անձին, որը  անվճարունակ է, իսկ ցանկությունը հիմնավորում չէ: Դատարանը պետք է հանգի այն եզրահանգման, որ Դուք անվճարունակ եք:
Վլադիմիրնը պատասխանեց, որ ինքը տեղյակ է՝ հայրենիքին մատուցած ծառայության համար կարող է օգտվել հանրային պաշտըպանի ծառայություններից։  

Եվ անհասկանալի է վերաքննիչ դատարանի դատավորի կողմից նման հարցեր ուղղելը, քանի որ «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետով սահմանում է, Հանրային պաշտպանի գրասենյակի անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին։

Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանը բավարարեց միջնորդությունը։ Մյուս դատական նիստին Վլադիմիր Մանուկյանին կտրամադրվի հանրային պաշտպան։ 

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել