Նորություններ

Քաղաքացիական հասարակությունը ներազդեց Հայաստանում հակակոռուպցիոն օրակարգի ձևավորմանը․ հաջողության պատմություն

Մենք մեր օրինակով ցույց տվեցինք, որ քաղաքացիական հասարակությունը ներազդեց Հայաստանում հակակոռուպցիոն օրակարգի ձևավորմանը․ այս մասին ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ այսօր տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հանրային քաղաքականության կերտման հարցում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը։

Այսօր կազմակերպված միջոցառմանն իր ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը, ով մեծապես կարևորեց քաղհասարակության կազմակերպությունների գործունեության դերը հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործում։

Կարեն Զադոյանը ներկայացրեց հակակոռուպցիոն պայքարի ոլորտում քաղհասարակության և կառավարության երկխոսության հաջողված օրինակի մասին․ «Երբ երեք տարի առաջ սկսեցինք իրականացնել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, ունեինք երկու հիմնական խնդիր՝ զարգացնել ՔՀԿ-ների կարողությունները, որպեսզի կարողանան ազդել պետության կողմից հակակոռուպցիոն ռեֆորմների իրականացման վրա, երկրորդ՝ հաջողություններ ունենալ։ Երկրորդ մասով մենք ունեինք խնդիր քրեականացնել ապօրինի հարստացումը և ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին։ Երբ մենք այդ օրակագով մտանք դաշտ, շատերը թերահավատորեն էին վերաբերում»։

Իսկ այսօր ապօրինի հարուստացումը քրեականացված է և 2018.-ին իր գործունեությունը կսկսի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Իսկ ապրիլյան պատերազմից հետո, երբ հակակոռուպցիոն իրական պայքարի պահանջը լրջորեն դրվեց հասարակության կողմից,  Իրավաբանների հայկական ասոցիացիան և վերոնշյալ ծրագրի շրջանակներում ստեղծված Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիան կոալիցիան կառավարությանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի ճանապրհային քարտեզ՝ բաղկացած 6 կետից։

Ներկայումս ներկայացված 6 կետերից չի իրականացվել միայն հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկումը և իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը ազատ տնտեսական մրցակցության ոլորտում (այն ներդրվել է միայն  պետական գնումների ոլորտում)։

Կարեն Զադոյանն իր խոսքում հատուկ ընդգծեց, որ հաջողության պատմության հիմքում պրոֆեսիոնալ փորձագիտական թիմ ունենալն է, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն քննադատել, այլև առաջարկել լուծումներ ու լուրջ աջակցություն մատուցել պետությանը՝ իրական բարեփոխումներ իրականացնելու հարցում։

Ներկայումս Եվրամիության ֆինանսավորման և 6 քաղհասարակության կազմակերպությունների կողմից իրականացվում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի նպատակը հայաստանյան քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացումն է 9 թիրախային ոլորտներում։ Ներկայումս ընտրված են երեք ոլորտները՝ կրթություն, արդարադատություն, բիզնես, իսկ մյուս վեց ոլորտները դեռևս հաստատված չեն։

Նշենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել