Նորություններ

Մարզային հասարակական կազմակերպությունների անդամների խոսքերով՝ համայնքներում թույլ է ՀԿ-ների միջև կապը

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման միջոցառման ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ի թիվս այլ խնդիրների, անդարադարձավ հասարակական կազմակերպությունների միջև կապի թուլությանը՝ նշելով, որ նոր ծրագիրը կամուրջ կկառուցի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև։

Այս կապի թուլությունը ակնհայտ է հատկապես մարզերում։ Արարատի մարզում գործող ՀԿ-ների երիտասարդ անդամները խոստովանում են՝ այստեղ քաղաքացիական հասարակությունն ակտիվ չէ, պատճառը հենց վերոնշյալ գործոնն է․ «Արարատի մարզում հասարակական կազմակերպությունները շատ պասիվ են կամ էլ մեր միջև եղած հեռավարությունը բավականին մեծ է, կապը պահպանել չի լինում, իհարկե, ժամանակից տեխնոլոգիաները այդ կապը պահպանում են, սակայն դեմ առ դեմ հաղորդակցությունը ավելի մեծ օգուտ է տալիս»,- ասում է «Քոլսոն երիտասարդական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անի Մուրադյանը։

Արտաշատի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի կորդինատոր Օֆելիա Սիմոնյանի խոսքերով՝ այս բացը նաև խոչընդոտում է երիտասարդների ակտիվությանը․ «Շատ թույլ է նաև ՏԻՄ և ՀԿ-ներ համագործակցությունը։ Հիմնական խնդիրները սրանք են, մեր մարզի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ երիտասարդներն իրենց նախաձեռնությունները իրականացնում են Երևանում»,- նշեց Օֆելիան։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը միտված է նաև նշյալ խնդիրների լուծմանը։ Ծրագրի շրջանակներում ներկայումս Երևանում և մարզերում իրականացվում են դասընթացներ՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի դրույթների վերաբերյալ։

Հերթական դասընթացը Արարատի մարզում էր, այն իրականացվել էր Արարատ Ինֆոտան աջակցությամբ՝ կազմակերպության գրասենյակում։

Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը վստահեցրեց՝ Ծրագիրը կլուծի ՀԿ-ների առջև ծագած խնդիրները, այդ թվում՝ կամուրջ կհանդիսանա կազմակերպությունների համար։

Բացի այդ նախատեսվում է ՀԿ-ների կարողությունների հզորացում հետևյալ ուղղություններով՝ հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման, կոալիցիաների ստեղծման և զարգացման, հանրային վերահսկողության իրականացման, ինչպես նաև կառավարության ու ՏԻՄ-երի հետ կայուն, կառուցողական երկխոսության ձևավորման ու խորացման․ «Տարբեր հետազոտություններ, այդ թվում՝ մեր կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սրանք այն կարողություններն են, որոնք ամենաքիչն են զարգացած ՀԿ-ներում։ Իհարկե, կասեք, որ ամենաքիչ զարգացածը ֆինանսական միջոցներ հայթայթելու կարողությունն է, այո՛, դա այդպես է, այն խնդիր է Հայաստանի ՀԿ-ների համար, սակայն եթե դուք ունեք լավ ֆինանսական միջոցներ հայթայթելու հնարավորություն, սակայն չունեք վերոնշյալ չորս կարողությունները, ապա դուք չեք կարող ազդել Հայաստանում որոշումների կայացման ու հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա»,- ասաց պարոն Զադոյանը։

Ծրագրի նպատակները, ոլորտներն ու առավելությունները ներկայացնելուց հետո, Կարեն Զադոյանը խոսեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքից։

Նա մանրամասնեց, որ օրենքը թելադրում է խաղի նոր կանոններ, ներդրվել է շահառուների ինստիտուտը, փոխվել են կամավորության վերաբերյալ դրույթներն, ավելացվել է անմիջական ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունը։

«Օրենքի փոփոխությունից հետո բավականին բացեր ունենք լրացնելու համար, հուսով ենք, որ այդ պրոցեսը հարթ կանցնի, խոչընդոտներ ու խնդիրներ չեն առաջանա»,- ասաց Անի Մուրադյանը, իսկ Օֆելիա Սիմոնյանը տեղեկացրեց, որ նպատակադրված են Արտաշատի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը վերակազմակերպել ՀԿ-ի՝ հավելելով, որ այդ տեսանկյունց դասընթացն արդյունավետ էր․ «Ի սկզբանե, մեր քաղաքացիական նախաձեռնության ծրագրով նախատեսված է եղել, որ պետք է ձևավորվի ու կայանա այնքան, որ դառնա ինքնուրույն հասարակական կազմակերպություն, այդ ուղղությամբ հնարավոր բոլոր աշխատանքները տարվում են, այս սեմինարն էլ, իհարկե, բավականին արդյունավետ էր, որովհետև մեզ համար շատ կարևոր է ՀԿ ոլորտի մասին փոփոխություններին ծանոթանալը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել