Պյոտր Սվիտալսկին ՀՀ կառավարությանը խորհուրդ է տալիս կոռուպցիայի դեմ պայքարում օրինակ վերցնել ԵՄ-ից

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայստանին խորհուրդ է տալիս Եվրոպական միության նման բաց և թափանցիկ գործելաոճ որդեգրել կոռուպցիայի դեմ պայքարում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադարձավ Եվրոպական միության տրամադրած դրամաշնորհների յուրացման քրեական գործին՝ շեշտելով, որ այս հետաքննությունը էլ ավելի կմերձեցնի Հայաստանին և ԵՄ-ին. «Կարծիքներ են եղել, որ սրանք կարող են վնասել մեր հարաբերություններին, ես հակառակ տեսակետն ունեմ, վստահ եմ, որ այս գործողություններն էլ ավելի կմերձեցնեն Հայաստանին և Եվրոպական միությանը»:

Պարոն Սվիտալսկին առաջարկում է շտապողական եզրահանգումներ չանել և սպասել մինչև նախաքննության ավարտը. «Մենք չպետք է խոսենք նախքան դատարանը չի տվել եզրահանգում, ես տարբնույթ սպեկուլացիոն տեղեկատվույուն եմ կարդացել, բայց ես կասեմ իմ կարծիքը՝ մենք պետք է սպասենք, քանի մյուս քայլը չի արվել ու շտապողական եզրահանգումներ չանենք: Նման գործողությունները խոսում են Եվրոպական միության պատրաստակամության մասին կոռուպցիայի դեմ պայքարում, ես հավտացած եմ, որ ԵՄ-ն էլ ավելի ուժեղ է պայքարում կոռուպցիայի դեմ, որովհետև մենք վստահելի ենք, մենք կարող ենք ինքներս մեզ կանգնեցնել, իսկ կոռուպցիան համընդհանուր խնդիր է»,- շեշտեց պարոն Սվիտալսկին:

Նա մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի իշխանությանը խորհուրդ է տալիս դասեր քաղել Եվրոպական միությունից. «Ինչպես դուք գիտեք Եվրոպական միությունում ամեն տարի ավելի քան մեկ միլիարդ եվրո կորում է կոռուպցիոն սկանդալների պատճառով, բայց ԵՄ-ն շատ բաց է, ազատորեն խոսում է այդ մասին և շատ մոտիվացված է կոռուպցիայի դեմ պայքարում՝ անկախ թե այն որտեղից է գալիս: Ես խորհուրդ կտամ նույն բաց և համագործակցելու ցանկությունը որդեգրել մյուս երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Մենք կխոսենք այդ մասին, մենք կաջակցենք կոռուպցիայի դեմ պայքարին»,- ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:


Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել