Նորություններ

Քրեակատարողական հիմնարկներում մեծ ներդրում է անհրաժեշտ դատապարտյալների վերափոխման ծրագիր իրականացնելու համար. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Հայր Ռուբենն արդեն վեց տարի է, ինչ հոգևոր ծառայություն է իրականացնում քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ): Նրա առաքելությունը տարածվում է բոլոր ազատազրկվածների վրա, չկան մարդիկ, որոնք միտումնավոր դուրս մնան հոգևորականի ուշադրությունից. «Հիսուս շփվում էր բոլորի հետ, այդ թվում՝ մեղավորների, և իրեն ուղղված մեղադրանքներին ի պատասխան նշում էր, որ առողջները բժշկի կարիք չունեն: Ավելին՝ Հիսուս  նույնիսկ դիպչում էր բորոտներին, ինչը հղի էր ոչ միայն ֆիզիկապես վարակվելու վտանգով, այլև բարոյական առումով՝ բորոտին դիպչողը այդ ժամանակ համարվում էր պղծված: Հոգևորականի չափանիշը, հետևաբար, Հիսուս ինքն է, և ոչ թե մարդկանց գրված կամ չգրված օրենքներն ու նորմերը»: «Եկեղեցին և իրավունքը» շարքի շրջանակներում զրուցել ենք Ռուբեն վարդապետ Զարգարյանի հետ:

-Հայր Ռուբեն, որքա՞ն ժամանակ է՝ աշխատում եք անազատության վայրերում գտնվում անձանց հետ: Եվ, խնդրում եմ,  ներկայացրեք ձեր աշխատանքը:

-Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ ազատազրկման վայրերում ծառայության եմ կոչվել  2011թ.՝ որպես այդ ոլորտի պատասխանատու: Ունենք 12 քրեակատարողական հիմնարկներ, որտեղ ազատազրկման ձևով պատիժ են կրում թե՛ կալանավորված և թե՛ դատապարտված անձինք, թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ, թե՛ չափահասներ և թե՛ անչափահասներ, և մեր հոգեխնամ առաքելությունը, առանց բացառությամբ, տարածվում է բոլորի վրա: Ազատազրկման վայրերում հոգևոր ծառայությունը հատկորոշվում է նախ հոգևորականի այցով՝ համաձայն Տիրոջ խոսքի, թե՝ «Բանտում էի, և ինձ այցի եկար» (Մատթ. 25:36): Հոգևորականը կոչված է ունկնդրելու ազատազրկվածին, լսելու նրա սրտի ձայնը, տառապանքը, հասկանալու տվայտանքը՝ առաջացած ոչ միայն ազատազրկմամբ պատժից, այլև գործած հանցանքի գիտակցությունից: Պատկերավոր ասած՝ եթե բանտի աշխատողները աչքերն են՝ հսկելու և պահպանելու բանտային կյանքի անվտանգությունը, ապա հոգևորականները ականջներն են՝ ունկնդիր լինելու ազատազրկվածի ներաշխարհից եկող ձայնին:

Որևէ հոգևորականի առաքելության առանցքը մարդու փրկության աստվածային ծրագրի իրականացման մեջ նպաստ ունենալն է: Հետևաբար, մեր ծառայության նշանակետը մարդու հոգևոր անդաստանն է, որի մշակումը փորձում ենք կատարել Աստծո խոսքի քարոզչության, աղոթական կյանքի կազմակերպման և հոգևոր վերափոխմանն ուղղված ձեռնարկների միջոցով: Աստծո խոսքի քարոզչությունը իրականացվում է Սուրբ Գրքի ուսուցմամբ՝ մեր եկեղեցու ընկալման ոսպնյակից, որը ոչ միայն գիտելիք է մտքի, այլև սնունդ հոգու համար: Աղոթական կյանքը կազմակերպում ենք հոգևոր ծիսական արարողությունների միջոցով՝ ամենօրյա ժամերգություններից մինչև խորհրդակատարություններ: Տարվա մեջ առնվազն 5-6 անգամ Սուրբ Պատարագ է մատուցվում այն հիմնարկներում, որոնք ունեն եկեղեցի կամ մատուռ: Ամեն տարի նախապատրաստական շրջան անցնելուց հետո մոտ 30 հոգի մկրտվում են թե՛ կալանավորված և թե՛ դատապարտված անձանց շրջանակից: Վերջին 5 տարվա կտրվածքով մեր ազատազրկման վայրերում նաև կատարել ենք 6 պսակադրություն, այդ թվում՝ ցմահ դատապարտվածների շրջանում: Հոգևորականի հանդիպումը ազատազրկված անձի հետ տեղի է ունենում թե՛ ընդհանրական և թե անհատական ձևով:

Կիրակի՞ օրերին են պատարագներ լինում:

-Կիրակի օրվա հանգստով պայմանավորված ՔԿ հիմնարկներում սովորաբար նվազեցվում է ազատազրկվածների տեղաշարժը անվտանգության նկատառումով: Ուստի պատարագներ կազմակերպվում են աշխատանքային օրերին: Օրինակ, «Կոշ» ՔԿ հիմնարկում վաղուց ավանդույթ է դարձել սուրբ պատարագ մատուցել Տաղավար 5 տոներին հաջորդող հինգշաբթի օրերին: Թեև պետք է նշեմ, որ ՔԿ որոշ հիմնարկներում Սուրբ Ծնունդը և Սուրբ Զատիկը տոնակատարվել են հենց եկեղեցական օրացույցով հաստատված օրերին՝ անկախ ոչ աշխատանքային լինելու հանգամանքի:

Անազատության մեջ գտնվելու նպատակը ոչ միայն պատիժն է, այլ ուղղվելն է:

-Քրիստոնեական ընկալմամբ պատժի նպատակը մարդու վերափոխվելն ու վերականգնվելն է: Պետության և հասարակության շահը ևս պահանջում է իրավախախտին ոչ միայն պատժելը, այլև  հասարակություն նրա վերադարձը ուղղված ապահովելն է: Այլապես ազատազրկմամբ պատիժը դառնում է ժամանակավոր մեկուսացում և դրանից բխող վտանգի ժամանակավոր չեզոքացում:

Հոգևոր կյանքում ևս մեղքի մեջ հայտնված մարդը կարիք ունի ապաշխարության, այսինքն՝ մեղքից զատվելու, մաքրվելու և վերափոխվելու: Մեղքը հարված է  մարդու արժանապատվությանը, իսկ ապաշխարությունը հենց մարդու արժանապատվության վերականգնումն է: Ապաշխարությունը եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է, ինչպես օրինակը՝ մկրտությունը, սուրբ հաղորդությունը, որը մարդու վերականգնումն է մի շարք հանգրվաններով: Նախ մարդը ձեռք է բերում մեղքի գիտակցություն՝ հասկանալով, որ իր արարքով մեղք է գործել: Երկրորդ հանգրվանը՝ զղջումն է և մեղքից ձերբազատվելու կամեցողությունը: Երրորդ քայլը՝ խոստովանությունն է, նախընտրելի է անհատական խոստովանությունը հոգևորականի առջև: Հաջորդ քայլն արդեն սուրբ հաղորդությամբ մաքրագործվելն է և բարի գործերի միջոցով ոչ միայն պատճառած վնասի փոխհատուցումը, այլև բարեգործությամբ լեցուն կյանք ապրելը:

Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված մարդիկ են, որոնք մեղադրվում են կամ դատապարտված են որևէ հանցանք կատարելու համար: Համարենք, որ հանցանքը սայթաքում է: Երբ մարդը սայթաքում է ճանապարհին,  բնական արձագանքը ոտքի կանգնելն է: Եթե վնասվածքը լուրջ է, անկարող սեփական ուժերով ոտքի կանգնելու, ապա դիմում է ուրիշի օգնությանը: Իսկ եթե անգիտակից է, արդեն ուրիշներն են օգնության նետվում: Այսպես, հոգևորականն այն մարդն է, ով օգնության է հասնում ազատազրկվածի կանչին ի պատասխան, կամ եթե անգիտակցաբար հարատևում է մեղքի մեջ, ապա հոգևորականն ինքն է սեփական նախաձեռնությամբ օգնության հասնում՝ փորձելով ցնցել և մեղքի միջից դուրս գալու գիտակցություն և կամեցողություն առաջացնել:

Իսկ շա՞տ են այն անձիք, ովքեր զգում են ոտքի կանգնելու կարիքը:

-Վիճակագրական տվյալներ չունեմ, սակայն պետք է նշեմ, որ հոգևորականների շատ մեծ պակաս կա բանտային համակարգում լիարժեք հոգևոր ծառայություն իրականացնելու համար:

Քանի՞ հոգևորական է այցելում անազատության վայրեր:

-Մենք ընդհանուր 12 հոգևորական ենք, որոնցից տասը թեմական քահանաներ են, որոնք շաբաթվա մեկ օրն են կոչված բանտային ծառայության, իսկ մնացած  օրերին սպասավորում են իրենց ծուխերում կամ համայնքներում:

Ես կարծում եմ, որ ձեր աշխատանքը որոշակիորեն ուղղված է մարդու ուղղվելուն, կրկնահանցագործությունների նվազեցմանը: Ձեր աշխատանքի արդյունքը (դատապարտվածների, կալանավորվածների ուղղվելու) տեսնու՞մ եք: Ուղղվելու արդյունքների հետ:

-Անհատական մակարդակով՝ այո: Կարող եմ ասել, որ 100-ից երևի մի քանիսն են վերադառնում քրեակատարողական հիմնարկ բոլոր նրանցից, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել ազատազրկման վայրում կազմակերպված հոգևոր կյանքին և ազատվելուց հետո ներգրավվել են իրենց համայնքի եկեղեցական կյանքին: Հոգևոր կյանքը չի սահմանափակվում միայն ազատազրկման վայրով: Դատապարտյալը կարող է վերափոխվել ազատազրկման ժամանակ, սակայն ազատության մեջ ապրել Աստծուց կտրված, մեղքի շարունակական ընթացքի մեջ՝ հասարակության համար ավելի մեծ վտանգ ներկայացնելով:

Սովորաբար,  հայաստանյան իրականության դեպքում բազմիցս խոսվում է, որ քրեկատարողական հիմնարկներից դուրս են գալիս ոչ թե ուղղված, այլ լիովին հակառակը:  Ըստ Ձեզ, ինչու՞:  

-Անկեղծ ասած՝ խնդիրը համակարգային է. մենք պատժողական արդարադատությունից պետք է անցնենք վերականգնողական արդարադատության: Պետք է փոխվի պետական այդ ծառայության ողջ փիլիսոփայությունը, որը որոշակի փոփոխություններով շարունակում է պահպանել անցյալի ավանդությունը: Նույնիսկ պետական այս ծառայության անունը՝ քրեակատարողական հիմնարկներ, վկայում են մեր արդարադատության բնույթը։ Օրինակ, այլ երկրներում այդ վայրերը կոչվում են penitential institutions: Իսկ penitential  նշանակում է ապաշխարհության, վերափոխման։ Իհարկե, պիտի նշեմ, որ վերականգնողական արդարադատության անցնելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են հարկավոր:

Այսօր մեր քրեակատարողական ոլորտի  բյուջետային ծախսերը հիմնականում ուղղված են անվտանգության պահպանությանը։ Իհարկե, անվտանգությունն առաջին տեղում է, ես չեմ ժխտում, սակայն սրան զուգահեռ և հավասարապես  մեծ ներդրում պետք է անել մարդկանց վերափոխելու ուղղությամբ։  Երբ մարդը վերափոխվում է, նաև վտանգավորությունն է նվազում։

Հավելեմ, որ բանտային հոգևոր ծառայության շրջանակն ավելի ընդարձակ է, քան  միայն դատապարտյալներն ու կալանավորված անձինք: Մեր հոգեխնամ առաքելությունը տարածվում է նաև քրեակատարողական հիմնարկների աշխատողների վրա: Այդ շրջանակում, անցնող տարում ՔԿ վարչության և հիմնարկների յուրաքանչյուր աշխատողի՝ շուրջ 2000 հոգի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անվանական ավետարաններ են նվիրվել։

Մոնիտորինգային խմբի անդամները նշում են ՔՀԿ-ներում որոշ անձանց հանդեպ խտրական, նույնիսկ բռնի վերաբերմունքի մասին: Խոսքը հիմնականում նույնասեռականների մասին է:

-Առհասարակ, որևէ մեկի իրավունքների բացահայտ ոտնահարման, խոշտանգման պարագային հոգևորականը միջամտում է և ըստ կարելվույն փորձում է աջակցություն ցուցաբերել, վստահաբար չենք կարող անտարբեր լինել:

Ինձ շատ անգամ հարցրել են, թե «հեղինակություն» համարվող տղաները շարունակում են ձեզ հետ շփվել, երբ դուք շփվում եք այն մարդկանց հետ, որոնք Ձեր նշած  կատեգորիան են կազմում։ Ես պատասխանում եմ,  որ ես հոգևորական եմ, ես շարժվում եմ որպես Քրիստոսի առաքելությանը կոչված Աստծո սպասավոր։ Եթե Հիսուսը  դիպչում էր բորոտին, որին դիպչելն  այդ ժամանակ  համարվում էր թե՛ ֆիզիկական իմաստով վտանագավոր, քանի որ կարող էր վարակվել, թե՛ բարոյական իմասով, քանի որ պիղծ էր համարվում բորոտին դիպչողը, ապա ես չեմ կարող չշփվել որևէ մեկի հետ: Հոգևորականի չափանիշը, ի վերջո, Հիսուս ինքն է, և ոչ թե մարդկանց գրված կամ չգրված օրենքներն ու նորմերը: Հիսուսի նմանօրինակ կեցվածքն է ինձ համար ուղենիշ: Անկախ ամեն ինչից՝ որևէ մեկի մեջ պետք է մարդուն տեսնել, իսկ որևէ մարդու մեջ՝ Աստծո պատկերը, որը եթե մեղքի կամ հանցանքի պատճառով աղավաղվել է՝ պետք է օգնել, որպեսզի վերականգնի իր վնասված մարդկային արժանապատվությունը: Հավելեմ, որ համասեռամոլության մեղքի մեջ ապրող մարդը ապաշխարության միջոցով վերականգնվելու խնդիր ունի: Որքան անընդունելի է համասեռամոլությունը, այնքանն էլ անընդունելի է համասեռամոլին կտտանքների ենթարկելը, ինչպես նաև անընդունելի է նման կենսաձև քարոզելը, առավել ևս ցուցադրաբար պաշտպանելը: Հետևաբար, եթե պետք է հորդորել մյուսներին զերծ մնալ համասեռամոլների նկատմամբ անմարդկային վերաբերմունքից, մյուս կողմից էլ՝ պետք է հորդորել համասեռամոլներին փոխել կենսաձևը, առավել ևս չփորձել բացահայտ ցուցադրել համասեռամոլությունը հասարակության մեջ:

Եվ,  ի վերջո, կա՞ այդ խնդիրը, որ «հեղինկությունները» չցանկանան շփվել Ձեզ հետ, քանի որ այդ կատեգորիայի անձնաց հետ էլ եք շփվում:

-Իրականում չկա։ Լինելու դեպքում էլ մեզ չէր վախեցնի։ Ես ուրիշ օրինակ բերեմ. ունենք ոտնլվայի արարողություն, որը Ավագ շաբաթվա մեջ է կատարվում: Եկեղեցական այս կարգը փոխառնած է ավետարանից, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս, որպես խոնարհության տեսանելի օրինակ, կատարեց իր աշակերտների  ոտքերի լվացումը, ասելով. «Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ ես արեցի ձեզ» (Հովհ. 13:15): Երբ առաջին անգամ ուզում էի այդ արարողությունը կատարել քրեակատարողական հիմնարկում,  մտավախություն ունեի՝ արդյո՞ք ինձ ճիշտ կհասկանան։ Համարձակություն դրսևորեցի, և ոտնլվայի արարողությունը մեծագույն ազդեցություն թողեց դատապարտյալների վրա, մանավանդ այն դատապարտյալների, որոնց ոտքերը լվացի: Սրանց ցնցում առաջացնող արարքներ են, խոնարհության շոշափելի օրինակներ, որոնց նպատակը դիմացինին վերափոխման մղելն է, հասարակության յուրաքանչյուր ներկայացուցչի նկատմամբ նմանօրինակ խոնարհ վերաբերմունք ունենալ սովորեցնելն է:

Հիշու՞մ եք անազատության մեջ գտնվող անձանցից որևէ մեկին, ով ապաշխարհել է, ու նրա պատմությունը մեծ տպավորություն է թողել Ձեզ վրա:

-Հենց հիմա մենք ճգնավոր ունենք, ով նախկինում դատապարտվել էր սպանության համար:   Արդեն յոթ տարի է՝ Մաքենյաց վանքում ճգնում է։ Ունենք վանական կյանքով ապրող այլ դատապարտյալներ ևս, ունենք դատապարտյալներ, որոնք անընդհատ կապի մեջ են մեզ հետ, ունենք դատապարտյալներ,  որոնք դիմում են ներկայացրել՝ Երուսաղեմ գնալու և  այնտեղ ծառայելու։

Օրինակ, նախկին դատապարտյալ ունենք, ով 5 անգամ դատապարտված էր եղել և մեզ ստիպեց իրեն վանք տանել: Իր մեջ  տպավորվել էր մեր հանդիպումը,  երբ ես 2012 կամ 2013 թվականին այցելել էի «Հրազդան» ՔԿՀ-ի իր  սենյակ, որտեղ երկու երեք հոգի էին: Տասնհինգ րոպե զրուցել եմ ու Երուսաղեմից բերված փոքրիկ խաչ եմ նվիրել: Այդ հանդպումն իմ մեջ չէր տպավորվել, բայց ասում էր, որ իր կյանքում այն կարևոր է եղել։ Բանտից ազատվելուց հետո մի որոշ ժամանակ Ռուսասանում է եղել, հետո եկավ, խնդրեց, որ  օգնենք՝ իրեն դուրս գալ այդ կյանքից, ասում էր՝ ես չեմ կարողանում ինքնուրույն դուրս գալ։ Հիմա վանական մթնոլորտում է և  շատ զարմանալիորեն ենթարկվում է վանական կյանքի կարգուկանոնին, որն ավելի խիստ է, քան քրեակատարողական հիմնարկների ռեժիմը։

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Շարքի մտահղացման հեղինակներ՝

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ

Կարեն Զադոյան

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու

Տեր Եսայի քահանա Արթենյան

Կարդացեք նաև՝

Դատաստանագրքերի բացառիկ հետաքրքիր դրվագները. զրույց Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի հետ

Ապօրինի հարստացման քրեականցման օրինագիծը բավականին կարևոր է հանրության համար. Տեր Եսայի քահանա Արթենյան

Ամուսնությունը դրախտի խորհուրդ է. Տեր Նշան քահանա Ալավերդյան

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել