Նորություններ

Սա մեծ խայտառակություն է. փաստաբանը՝ ԱԳՆ-ի և ԱՆ-ի գործելաոճի մասին

Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության գործով դատական նախնական նիստը:

Դատական վիճաբանության առարկա է հանդիսացել տեղեկատվությունը: ԻԵՄ-ը դեռևս 2015թ. հունվարի 21-ին դիմել էր վերոնշյալ երկու նախարարություններին՝ խնդրելով տրամադրել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի՝ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ (2014)6ARM կարծիքը, ինչպես նաև 2014թ. նոյեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Խորհրդատվական խմբին վերջինիս հարցմանն ի պատասխան տրամադրված «լրացուցիչ տեղեկատվությունը ներպետական մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների վերաբերյալ, նրանց կենսագրությունները և թեկնածուների ընտրության ընթացակարգի նկարագրությունը»:

Նախարարությունները մերժել էին տրամադրել տեղատվություն, ուստի ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով ամբողջությամբ վերացնել գերատեսչությունների այն վարչական ակտերը, որոնցով մերժել են տրամադրել հայցվող տեղեկատվությունը, պարտավորեցնել նրանց ընդունել բարենպաստ վարչական ակտեր և տրամադրել հարցումներով փնտրվող տեղեկատվությունը: Դատարանը գործը վարույթ է ընդունել նշված պահանջների միայն երրորդ մասով:

Նախնական դատական նիստին բացակայում էին գերատեսչությունների ներկայացուցիչները, թեև նրանք պատշաճ կարգով ծանուցվել են:

Հայցվոր Լուսինե Հակոբյանի ներկայացուցիչ, ԻԵՄ փաստաբան Տիգրան Եգորյանն այս նիստին միջնորդեց տեղեկատվություն տրամադրել ընթացակարգի և մրցույթի մասնակցության վերաբերյալ. «Անհրաժեշտ է պարզել, թե ԱՆ-ն երբ է համապատասխան փաստաթղթերն ուղարկել ու երբ է հաջորդաբար ստացել ԱԳՆ, երբ է այն ուղարկել ԵԽ-ին և համապատասխանաբար` հետընթացը: Ինչո՞ւ, շատ պարզ պատճառով, նախորդ նիստերից մեկում ԱԳՆ ներկայացուցիչը խոսքի մեջ ասաց, որ իրենք պատրաստել են նաև տեղեկատվության արտահոսք, սա կազմակերպվել է ԱԳՆ մի պետի միջոցով և այս ամսաթվերի համադրությունը հրապարակված թվերի հետ էական է»,- իր միջնորդությունը հիմնավորեց պարոն Եգորյանը:

Դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ որոշեց ԱՆ-ից և ԱԳՆ-ից հարցմամբ պահանջել՝ դատարանին հայտնել, թե խորհրդատվական խմբի կողմից 2014թ. նոյեմբերին լրացուցիչ տեղեկատվության ստանալու պարագայում երբ է հարցումը ստացվել, ե՞րբ է մուտքագրվել ու հետագրվել ԱԳՆ-ից և ԱՆ-ից:

Նիստից հետո Տիգրան Եգորյանը, խոսելով հայցի մասին, նշեց, որ պետական մարմինները ՀԿ-ին մերժել են տեղեկատվություն տրամադրել` պատճառաբանելով, թե գաղտնի է, սակայն դատարանում նաև հավելել են` իրենք նման ինֆորմացիայի չեն տիրապետում. «Նախորդ դատական նիստով ԱԳՆ ներկայացուցիչը զարմանք էր արտահայտում, որ տեղեկատվական արտահոսք են տվել ու հայտնել այն տեղեկատվությունը, որը պահանջել է ԻԵՄ-ը: Հիմա դատարան բերել են մի գրություն, որով ասում են, որ նույնիսկ չեն բացել այդ փաթեթները, սա մեծ խայտառակություն է: Ակնհայտ է, որ այդ արտահոսքը տալու համար, նրանք առնվազն պետք է ծանոթացած լինեին տեղեկատվությանը»,- նշեց պարոն Եգորյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել