Ոստիկանները հորդորել են ինձ Բաղրամյանի ցուցարարների դեմ դիմում գրել. բնակիչ

Բաղրամյան պողոտայում դեռ շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները: Պողոտայի սակավամարդ լինելը ցուցարարները բացատրում են նրանով, որ շատերը այս ժամին աշխատանքի են և միայն երեկոյան են միանում իրենց:

Այժմ Բաղրամյան պողոտայում են նաև մոտակա բնակելի շենքերի բնակիչները: Իրավաբան.net-ի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ իր կարծիքով ցույցի թափը, այնուամենայնիվ, կոտրվել է.

«Մենք տեսնում ենք, որ ղեկավարությունը արյան գնով էլ լինի իր դիրքորոշումը չի փոխի: Իրենք ոչ հայրենասիրություն ունեն, ոչ հայասիրություն»:

Մեր զրուցակիցը, ողջունելով երիտասարդների պայքարը, նշում է, որ շատ անգամ է իր տանն ընդունել է ցուցարարների, նրանց ջուր ու ուտելիք է տվել. «Այն կրպակը, որից երեխեքը ջուր էին գնում, փակել են. Գրողների միությունից կարող էին ջուր խնդրել, հիմա դա էլ թույլ չեն տալիս: Մոտ գտնվող դեղատունն են փակել, որ երեխեքը գլխացավ էլ ունենան, չկարողանան դեղ վերցնել»,- ասաց քաղաքացին:

Այն դիտարկմանը, որ ոստիկանները կոչ են անում ազատել Բաղրամյան պողոտան, քանի որ աղմուկը խանգարում է բնակելի շենքերի բնակիչների անդորրը, մեր զրուցակիցը ժխտեց և հավելեց, որ իրենց անդորրը ոստիկաններն են խաթարում.

«Նախորդ գիշեր ժամը 1-ին մեր տուն 3 ոստիկան եկան, խնդրեցին, որ տուն մտնեն, որովհետև շքամուտքում հարմար չէ խոսել: Հարցրին, թե խանգարու՞մ է ինձ ցուցարարների աղմուկը, ես էլ պատասխանեցի, որ իրենք ավելի շատ են ինձ խանգարում: Գիշերվա ժամը 1-ին ոստիկանը ի՞նչ իրավունք ունի իմ անդորրը խանգարի»:

Մեր զրուցակիցը նշեց, որ ոստիկանները շրջել են ամբողջ շենքում ու հարցրել, թե չեն գրո՞ւմ դիմում, թե ցուցարարները խախտում են համակեցության կանոնները.

«Բոլորս էլ հրաժարվել ենք դիմում գրելուց, ու՞մ դեմ գրենք, մեր երեխեքի՞: Դիմում գրել եմ, բայց մարդու իրավունքների պաշտպանի մոտ ու այն բանի համար, որ ոստիկաններն են ինձ խանգարում»,- ասաց հարակից շենքի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ:

Զարուհի Մանուչարյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել