Արամ Ա­-ն կոչով դիմել է Հայաստանի ժողովրդին և իշխանություններին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը անդրադարձ է կատարել վերջին շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով Անթիլիասի մամուլի ծառայությունը, Վեհափառ Հայրապետը մասնավորապես իր մտահոգությունն է արտահայտել տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:
«Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետև մեր հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդումը, մեր ազգային պահանջատիրությանը նոր խայծ, նոր թափ տալու համազգային պահանջը մեր ժողովրդի համար պետք է դառնա համազգային մտահոգություն: Հայաստանը միայն հող չէ, Հայաստանը նաև ու մանավանդ ժողովուրդ է իր պետականությամբ: Մեր սպասումն է, որ մեր ժողովրդի ղեկավարները Հայաստանում լսեն մեր ժողովրդին, կհետևեն մեր ժողովրդի սպասումներին, կարիքներին, պահանջներին: Միաժամանակ մեր սպասումն է, որ մեր ժողովուրդն էլ կլսի իր կողմից ընտրված պետականության պատասխանատուների մտահոգությունները, մոտեցումները»,­ ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Կիլիկիո կաթողիկոսական աթոռի գահակալը կոչ է արել, որպեսզի ժողովուրդն ու պետական իշխանության ներկայացուցիչները միասնաբար մտածեն մեր ազգի, ժողովրդի ու պետության գերագույն շահերի մասին: «Հայրենիքի հզորացումը մեր ժողովրդի համար պետք է ամեն բանից վեր դիտարկվի: Ի՞նչ անել, ի՞նչպես անել, որպեսզի մեր հայրենիքի պետական հիքմերն ավելի հզորանան, մեր ժողովրդի կյանքն ավելի բարելավվի: Մենք բոլորս Սփյուռքում ևս պետք է այդ գիտակցությամբ առաջնորդվենք»,­ շեշտել է Արամ կաթողիկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել