Էլեկտրական էներգիայի թանկացման դեմ ինքնաբուխ քաղաքացիական ցույցերի իրավաչափության մասին. հայտարարություն

 ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան ՀԿ-երի դաշինքի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Էլեկտրական էներգիայի թանկացման դեմ ինքնաբուխ քաղաքացիական ցույցերի իրավաչափության մասին

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան ՀԿ-ների դաշինքը դատապարտելով 2015թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժը և խաղաղ հավաքների՝ իբր անօրինական լինելու մասին շարունակաբար հնչող սպառնալիքներն ու զգուշացումները, հայտարարում է, որ քաղաքացիական ինքնաբուխ հանրահավաքները՝

–         Լիովին իրավաչափ են և համապատասխանում են Հայաստանի Հանրապետության՝ իրավական և սոցիալական պետություն լինելու և երկրում իշխանության՝ ժողովրդին պատկանելության մասին ՀՀ Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածներին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ ամեն մի բռնության դեմ ընդվզելու իրավունքի մասին երրորդ պարբերության, 20-րդ (խաղաղ հավաքների ազատության իրավունք), 25-րդ (պատշաճ բարեկեցության իրավունք)հոդվածներին, Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 11-րդ (խաղաղ հավաքների ազատության իրավունք)հոդվածին և իրավունքի ընդհանուր սկզբունքներին:

–         Ամբողջությամբ արդարացի և իրավացի են, քանզի ազնիվ ընդվզում են ՀԷՑ ՓԲԸ-ում տեղ գտած աննախադեպ չարաշահումների դեմ, որոնց մասին վերջերս բազմաթիվ հրապարակումներ են եղել ԶԼՄ-ներում:

Դաշինքը կոչ է անում՝

–         Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ անհապաղ չեղյալ հայտարարել էլեկտրական էներգիայի թանկացման մասին որոշումը:

–         ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցել էներգիայի սպառման ոլորտում կատարված իրավախախտումների բացահայտման և մեղավորներին խստագույն, արդարացի պատասխանատվության ենթարկելու և հանրապետությանը հասցված վնասը վերականգնելու համար:

–         ՀՀ բոլոր մտավորականներին, աշխատավորներին, հոգևորականնեին, պետական ծառայողներին, տեղական ինքնակառավարման մարմիններին և ավագանիներին՝ ակտիվորեն սատարել քաղաքացիական արդար շարժմանը:

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինք

Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա, Նախագահ Կարինե Դանիելյան

Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն, Նախագահ Գևորգ Մանուկյան

Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն,  Նախագահ Սվետլաննա Ասլանյան

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, Նախագահ Կարեն Զադոյան

2015թ. հունիսի 27

Ք. Երևան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել