Human Rights Watch-ը մտահոգված է հունիսի 23-ին խաղաղ ցույցը ցրելու ժամանակ մարդու իրավունքների հնարավոր խախտումներով

Human Rights Watch-ը հանդես է եկել հայտարարությամբ Երևանում ընթացող ցույցերի և ոստիկանական գործողությունների վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

«ՀՀ Ոստիկանությունը ուժ կիրառեց հունիսի 23-ին խաղաղ ցույցը ցրելու համար՝ հարուցելով մտահոգություններ մարդու իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ, հայտարարել է Human Rights Watch-ը երեկ:

Իշխանությունները պետք է անմիջապես սկսեն մանրակրկիտ և անաչառ հետաքննություն՝ հստակեցնելու, թե արդյոք կիրառված ուժը օրինական էր ու համաչափ, և եթե ոչ, ապա ապահովելու ավելորդ ուժի կիրառման համար պատասխանատուների պատասխանատվության ենթարկումը: Նրանք պետք է հետաքննեն ծեծի, լրագրողների սարքավորումների անօրինական ոչնչացման և ցույցերը լուսաբանող լրագրողների ձերբակալության բոլոր պնդումները: Հետաքննությունը պետք է ուսումնասիրի այն հանգամանքները, որոնցում ջրցան մեքենաներն են գործի դրվել, ինչպես, օրինակ, ինչ զգուշացումներ են տրվել ցուցարարներին և ինչ գործադիր հրահանգներ՝ ջրաշիթերի թիրախավորման հետ կապված: 

«Նույնիսկ եթե Երևանյան ցույցերը թույլտվություն չունեին, ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ ցուցարարների և ցույցերը լուսաբանող լրագրողների դեմ կիրառված ֆիզիկական հարձակումները», նշել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի ավագ հետազոտող Գիորգի Գոգիան: «Ցուցարարներին ծեծելու և լրագրողների աշխատանքին խոչընդոտելու համար պատասխանատու ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Հունիսի 19-ին ցուցարարները Երևանում՝ մայրաքաղաքում սկսեցին շուրջօրյա ցույցեր ըննդեմ երեք տարվա մեջ արդեն երրորդ անգամ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պլանների: Հարյուրավոր երիտասարդներ միացան ցույցին, որը տեղի ունեցավ Ազատության հրապարակում՝ կազմակերպված անկուսակցական, ոչ քաղաքական «Ոչ թալանին» խմբի կողմից:

Հունիսի 22-ին լրատվամիջոցների հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ հարյուրավոր ցուցարարներ երթով շարժվում են դեպի նախագահական պալատ: Երբ ոստիկանությունը արգելափակեց նրանց ճանապարհը, նրանք նստեցին Մարշալ Բաղրամյանի անվան պողոտայում՝ Երևանի գլխավոր փողոցներից մեկում: Հունիսի 23-ին վաղ առավոտյան իշխանությունները զգուշացրել են ցուցարարներին, որ հավաքը արտոնված չէ, և պահանջեցին մաքրել փողոցը:  Ոստիկանությունը զգուշացրել է, որ եթե ցուցարարները չհամագործակցեն, ոստիկանությունը կկիրառի «հատուկ միջոցներ» նրանց ցրելու համար: Կարճ ժամանակ անց ոստիկանությունը բռնի ուժով ցրեց ամբոխը:

Մի ականատես հեռախոսով հաղորդել է Human Rights Watch-ին, որ այն բանից հետո, ինչ ոստիկանությունը տվել է ցրվելու առնվազն երկու զգուշացումներ, շատ ցուցարարներ մնացել են իրենց տեղում: Գրեթե անմիջապես ոստիկանությունը միացրել է բարձր ճնշման ջրցան մեքենաները ցուցարարների դեմ: Ականատեսը ջրի հարված է ստացել դեմքին, որը ժամանակավորապես թուլացրել է նրա տեսողությունը, և նրան մյուս ցուցարարները ուղեկցել են հիվանդանոց:

Ոստիկանության սպաները տեղեկացնում են լրատվամիջոցներին, որ առնվազն 25 անձինք, այդ թվում՝ 11 ոստիկաններ, վնասվածքներ են ստացել: Մի շարք ցուցարարներ բժշկական օգնություն են ստացել հիվանդանոցներում:

Ազատություն ռադիոկայանի/Ազատ Եվրոպա ռադիոկայանի (RFE/RL) տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է ոստիկանությունը ջրցան մեքենաները գործարկում ցույցի ցրմանը ընդդիմացող և գետնին նստած անձանց դեմ, մինչ մարդկանց մի մասը սկսում են հեռանալ ցույցից: Տեսանյութը ցույց է տալիս համազգեստով ոստիկաններին և քաղաքացիական հագուստով անձանց, որոնցից ոմանք կրում էին «ոստիկանություն» նշմամբ թևկապեր, հարձակվում են ցուցարարների վրա և նրանց քարշ տալիս հեռու, ինչպես նաև որոշ ոստիկաններ հետապնդում են  փախչող ցուցարարներին:

Մեկ այլ տեսանյութ ցույց է տալիս, որ քաղաքացիական հագուստով անձինք՝ մեկը ոստիկանական թևկապով, ծեծում են մի երիտասարդի: Պարզ չէ, թե արդյոք այդ մարդը ներգրավված էր ցույցերին:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանները հարձակվել և բերման են ենթարկել բազմաթիվ լրագրողների, և որոշ դեպքերում կոտրել կամ առգրավել են նրանց տեսանկարահանման սարքավորումները:

Անկախ Գալա TV-ի լրագրող Փայլակ Ֆարհադյանը հաղորդում է Human Rights Watch-ին, որ համազգեստով ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք հարվածել են իրեն, վնասել կողը, չնայած նա կրում էր տեսանելի «Press» նշան և ուներ միկրոֆոն: Ոստիկանները նրան մոտ 40 րոպեով բերման են ենթարկել:

Մի հեռուստաօպերատոր հաղորդում է Human Rights Watch-ին, որ քաղաքացիական հագուստով անձինք կոտրել են իր ֆոտոխցիկը, հարվածել իր գլխին, երբ նա նկարահանում էր ոստիկանական գործողությունները:

Ոստիկանները բերման են ենթարկել ավելի քան 200 ցուցարարների, պահելով նրանց գրեթե ամբողջ օրը խուլիգանության և ունեցվածքին հասցված վնասների կասկածանքով: Որոշ ակտիվիստներ պնդում են, որ բերման ենթարկվածների թիվն ավելի մեծ էր, բայց Human Rights Watch-ը չի կարողացել հաստատել այս պնդումները:

Human Rights Watch-ը ստացել է մի շարք հաղորդումներ առ այն, որ ոստիկանությունը խոչընդոտում է որոշ ցուցարարներին՝ կապի մեջ մտնել փաստաբանների հետ: Ռոբերտ Ռևազյանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբաններից մեկը, հաղորդում է, որ Շենգավիթ թաղամասի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները շուրջ մեկ ժամ արգելել են իրեն կապի մեջ մտնել իր պատվիրատուի հետ, որի ընթացքւմ նրանք հարցաքննել են իր պատվիրատռուին: Ոստիկանները շարունակել են հարցաքննությունը Ռևազյանի ներկայությամբ, բայց հետո բռնությամբ դուրս են բերել Ռևազյանին բաժանմունքից, որից հետո անցկացրել են ալկոհոլի և թմրանյութերի գործածման ստուգումներ իր պատվիրատուի հետ: Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի մեկ այլ փաստաբան նման խնդիրների է բախվել նույն ոստիկանական բաժանմունքում՝ սպասելով մոտ երկու ժամ իր պատվիրատուին տեսնելու համար:

Հայազգի մարդու իրավունքների մի պաշտպան հաղորդում է Human Rights Watch-ին, որ մինչև հունիսի 23-ի երեկո բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել առանց որևէ մեղադրանքի, բայց ոստիկանությունն ասել է նրանց, որ նրանք կարող է հետագա հարցաքննության կանչվեն որպես հետաքննության վկաներ կամ կասկածյալներ:

Հայաստանը մարդու իրավունքների մասին պայմանագրերի կողմ է հանդիսանում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, որով կառավարությունը պարտավորվում է հարգել հավաքների ազատության իրավունքը և ամեն կերպ զերծ մնալ ցուցարարների հանդեպ վատ վերաբերմունքից: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ չնայած կառավարությունները կարող են պահանջել, որ ցույցերը ստանան նախնական արտոնում, բայց հավաքների ազատությունը հարգելը պահանջում է, որ իշխանությունները ցուցաբերեն հանդուրժողականություն խաղաղ հավաքների հանդեպ, նույնիսկ եթե դրանք արտոնված չեն, և որ չարտոնված ցույցերին մասնակցության համար պատասխան միջոցները համաչափ լինեն՝ չզրկելով հավաքների իրավունքից՝  բոլոր իմաստներով:

Կառավարությունը նաև պարտավորություն ունի իրականացնել արագ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքնություն՝ կասկածվող խախտումների գործով, և հատուցի այդ պարտավորությունների խախտումների դիմաց:

Հունիսի 23-ի երեկոյան, ըստ լրատվամիջոցների հաղորդումների,  մի քանի հազար մարդիկ հավաքվել են բողոքի ցույցի վայրում՝ ընդդեմ ոստիկանության կողմից ուժի կիրառման: Նոր ցույցը ներգրավել է նախկին ցույցերին մասնակցածներից շատերին, ինչպես նաև նրանց ծնողներին և այլ աջակիցների: Խաղաղ ցույցերը շարունակվել են հունիսի 24-ին:

«Վերսկսված ցույցերով Հայաստանի իշխանությունները հնարավորություն ունեն ցույց տալու իրենց հարգանքը խաղաղ հավաքների հանդեպ հարգանքը և զերծ մնա բռնության կիրառումից ցուցարարների դեմ», ասաց Գոգիան: «Իշխանությունները պետք է հստակեցնեն ամենաբարձր մակարդակներով, որ ագրեսիվ և անօրինական ոստիկանական գործողությունները բացարձակապես չեն հանդուրժվի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել