Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, քննվում է երկու անձի պատանդ վերցնելու գործը: Ամբաստանյալի աթոռին են 5 անգամ դատապարտված 49-ամյա Հրաչյա Գևորգյանը և 29-ամյա Գարիկ Հարությունյանը:
Համաձայն մեղադրական եզրակացության` Հրաչյան որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու պայմանով անձին պատանդ վերցնելու և պահելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Գարիկ Հարությունյանի հետ, որպես զենք օգտագործվող դանակով կյանքի և առողջությանը համար վտանգավոր բռնության գործադրմամբ ֆիզիկական ազատությունից ապօրինաբար զրկել և իր բնակության վայր են տեղափոխել Նունեին և նրա անչափահաս որդուն:
Պատանդներին ազատելու պայմանով Նունեի հորից հարկադրաբար պահանջել են գումար, որն ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին: Բացի այս, Հրաչյա Գևորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, բազմիցս Նունեի հորից շորթման եղանակով, այն է` սպառնալով, որ կնվաստեցնի վերջինիս դստերը` նրա մերկ նկարների ցուցադրմամբ, ինչպես նաև կվնասի Նունեին ու նրա երեխաներին, պահանջել և ստացել է խոշոր չափերի գումար:
Ամբաստնյալների հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Գործին որպես իրեղեն ապացույց կցված են դանակ, 30 հատ 20 հազար դրամանով, ձեռքերի քսուկներ, դույլի կափարիչ և ամբաստնյալ Գարիկի անդրավարտիքը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: