«Սա սովորական քրեական գործ չէ». Դատական դեպարտամենտի և մյուսների գործով ամբաստանյալ Գեղամ Գրիգորյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը իր ճառը սկսեց հիշատակելով նախորդ նիստին հնչած կարծիքը, որ այս գործը եզակի բնույթ է կրում. «Եզակի է, ես համաձայն եմ, բայց եզակի՝ իր իրավաբանական բովանդակության բացակայության, խայտառակ մեղադրանքներով և ապացուցողական բազայի ծակոտիներով: Սա սովորական քրեական գործ չէ, սա քրեական գործ է, որի ձևական կողմը չարաշահելով՝ դատախազությունը բառացիորեն հարձակում է գործում ՀՀ դատական իշխանության անկախության վրա, բուն նպատակը դատական համակարգի սահմանադրական գործառույթների խախտումն է: Սա բարձր խոսքեր չեն»,- նշեց նա:
Որպես հիմնավորում նա բերեց ցուցմունքներից մի քանիսը, ըստ որոնց՝ վարույթ իրականացնող մարմինը՝ հանձինս քննիչի, առաջարկել է ցուցմունք տալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դեմ. «Միայն այս հանգամանքը բավական է, որ հարուցվի քրեական գործ: Նման բացահայտ հարձակում ես չեմ հիշում, որ ՀՀ պատմության մեջ լինի: Այդ հարձակումը գործելիս մարդկանց ճակատագրերը ոչ մի նշանակություն չունեն»,- ճառում նշեց փաստաբանն՝ անդրադառնալով իր պաշտպանյալի՝ Գեղամ Գրիգորյանի ճակատագրին:
Այս ամբաստանյալի անունը հաճախ է հիշատակվել 80 վկաներից շատերի նախաքննական ցուցմունքներում, նրանք պնդել են, որ դատական դեպարտամենտում աշխատանքի ընդունվելու կապակցությամբ այս կամ այն առիթով առնչվել են Գեղամ Գրիգորյանի հետ, նրա խորհրդով հանձնել փաստաթղթերը, ստացել բանկային քարտ, սակայն աշխատանքի չեն գնացել, իսկ որոշ ժամանակ անց էլ աշխատանքից հեռացման դիմում են գրել:
«Վկաները գալիս էին դատար իմ պաշտպանյալին չէին ճանաչում, ինձ էին նայում, որովհետև տեղերով փոխվել էին: Իմ պաշտպանյալը դարձել էր միջանցքներում մեռյալ ոգի որսացող, ոչ մի ապացույց չի հետազոտվել, ոչինչ չի քննվել, ոնց կազմվել է մեղադրական այդպես էլ գնանք առաջ»,- այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ասաց ամբաստանյալի փաստաբանը:
Այնուհետև նա անդրադարձավ այն հանգամանքին, որ Գեղամ Գրիգորյանը բացակայել էր Հայաստանից. «Ստորաբաժանման ղեկավարները, տեսնելով, թե ինչ է կատարվում, Գեղամ Գրիգորյանը Հայաստանում չէ, սկսում են այնպիսի ցուցմունքներ տալ, որ պարզապես ծիծաղելի է: Գեղամ Գրիգորյանին պետք չէր թողնել հանգիստ կյանքը Ռուսաստանում, գալ հայտնվել հայրենի արդարադատության ճիրաններում, որպեսզի ասեր մի բան, որ բոլորին հակառակ լինի: Նա հստակ մատնացույց արեց բոլոր հանգամանքները, տվեց իրական պատկեր»,- ճառում նշեց Տիգրան Աթանեսյանը:
Փաստաբանը խնդրեց իր պաշտպանյալին արդարացնել առաջադրված մեղադրանքներում: Եթե, այդուհանդերձ հոդվածներից մեկով դատարանը գտնի, որ Գեղամ Գրիգորյանը մեղավոր է, ապա հաշվի առնել այն, որ վնասն ամբողջությամբ փոխհատուցված է, Գեղամ Գրիգորյանն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին, խնամքին է մայրն ու երկու երեխաները, ինչպես նաև մասնակցել է Արցախյան ինքնապաշտպանական մարտերին: Այնպես որ նման ելքով դատավճռի դեպքում, փաստաբանը խնդրեց Գեղամ Գրիգորյանին դատապարտել նվազագույն պատժի և կիրառել 2013թ. համաներման ակտն ու նրան ազատել պատժի կրումից:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը միջնորդել էր Գեղամ Գրիգորյանին դատապարտել 9 տարի ազատազրկման՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երեք տարի ժամկետով: Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և հիմնարկի մյուս պաշտոնատար անձինք մեղադրվում են կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետբյուջեից 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու մեջ:
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net