Դուբայում կանանց թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող 39-ամյա Հերիքնազի գործով այսօրվա դատական նիստին հարցաքննվեց տուժողներից 25-ամյա Ա.Ա-ն:
Նա պատմեց, որ ամբաստանյալի ու իր ընտանիքը մտերիմ են եղել: Մանկության տարիներին տուժողը մանկատանն է ապրել, այնուհետև մոր հետ տեղափոխվել են Արցախ: Մանկատանը մնալու տարիներին իրեն հաճախ են այցելել ամբաստանյալն ու նրա քույրերը. նրանց ինքը «մորքուր» է ասել:
Երբ 19 տարեկան է եղել, իրենց գյուղում Հերիքնազի քրոջը` Բավականին ասել է, թե ուզում է դուրս գալ գյուղից, աշխատանք գտնել: Բավականն էլ առաջարկել է իրեն ուղարկել Հասմիկի (Հերիքնազին մտերիմները Հասմիկ են ասել) մոտ` Մոսկվայում մատուցող աշխատելու:
Եվ քանի որ ինքը գումար չի ունեցել, Հասմիկը գումար է ուղարկել` տոմսի, վիզա ստանալու և մյուս անհրաժեշտ կարիքները հոգալու համար: 2009 թվականի աշնանը տեղափոխվում է Բավականենց տուն` Հրազադան: Իսկ ահա 2010-ի հունվարի 7-ի առավոտյան գնում է օդանավակայան` իր պատկերացմամաբ Մոսկվա մեկնելու համար:
Մինչ ինքնաթիռը նստելը սպասասրահում նկատում է, որ թռիչքը ոչ թե Երևան-Մոկսվա, այլ Երևան-Դուբայ ուղղությունով է: Չկողմնորոշվելով ինչ անել, այնուամենայնիվ, նստում է ինքնաթիռ: Իր հետ մի քանի աղջիկ էլ են մեկնելիս լինում, երբ նրանք օդանավում զուգարան են մտնում, նրանց հետ ինքն էլ է գնում ու հարցնում, թե իր մոտ եղած փաստաթղթերից որն է ամենակարևորը: Պատասխանում են, որ եթե վիզայի փաստաթուղթը չլինի, իրեն չեն թողնի ԱՄԷ մտնել:
Ա-ն պատռում է այդ փաստաթուղթն ու գցում աղբամանը: Իսկ արդեն Դուբայի օդանավակայանից զանգում է Բավականին և ասում, թե վիզայի թուղթը կորցրել է: Իսկ հետո իրեն է զանգում Հասմիկը, հորդորում, թե չվախենա, ամեն ինչ լավ կլինի: Քիչ ուշ իրեն փող է ուղարկում բանկով` սնվելու և հեռախոս գնելու համար: Տուժողի խոսքով, գումարի չափը մոտ 100 դոլար է եղել:
Իսկ հետո իրեն օդանավակայանում բացատրել են, որ մինչև 25 տարեկաններին մենակ իրենց երկիր մուտք գործելն արգելված է: Այնուհետև հետ են ուղարկել նրան Հայաստան:
Հարցին, թե արդյո՞ք չի իմացել, որ Մոսկվա գնալու համար վիզա պետք չէ և այն, որ ստացված վիզայի վրա օտար լեզվով է գրառում արված եղել, տուժողը պատասխանեց, որ ինքը, բացի ռուսերենից, այլ օտար լեզու դպրոցում և ընդհանրապես չի սովորել, նույնիսկ տառերը չի իմացել, ու նաև գյուղում ապրելով` կտրված է եղել աշխարհում կատարվող իրադարձություններից, շատ բաներից տեղյակ չի եղել:
Իսկ այն հարցին, թե եթե իմանար, որ գնալու է մարմնավաճառությամբ զբաղվելու, կհամաձայնե՞ր, տուժողը խիստ տոնով ասաց` ոչ: Նա պատմեց նաև, որ Դուբայ մեկնելուց օրեր անց, երբ խոսել է Հասմիկի հետ, միայն մի հարց է տվել, թե Դուբայում ինչ պիտի անեին, Հասմիկն էլ պատասխանել է. «Գիշերները գնալու էինք, առավոտները գայինք»: Այդ պատասխանից հետո կապերը խզել է նրա ու քրոջ հետ:
Մեղադրողը հարցրեց, թե համոզված է, որ հեռախոսով խոսել է հենց Հասմիկի հետ, տուժողը պատասխանեց. «Ոնց կարող եմ մեկի 13 տարի «մորքուր» ասել ու ձենը չճանաչեմ»:
Պաշտպանական կողմի այն հարցին, թե ինչու է ոստիկանությանը այս ամենի մասին պատմել դեպքից միայն 3 տարի անց, տուժողը պատասխանեց, թե չէր էլ պատմի, եթե Բավականն իր մորից իրեն Դուբայ ուղարկելու ավիատոմսերի գումարը վերցրած չլիներ:
Փաստաբանը միջնորդեց դատարանում հրավիրել և հարցաքննել ևս մի քանի վկայի, ովքեր դատակոչված չեն: Նրանց թվում է նաև ամբաստանյալի քույր Բավականը, ով այժմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կրում է իր պատիժը: Նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Հերիքնազը, բնակվելով Դուբայ քաղաքում զբաղվելով մարմնավաճառությամբ, միավորվել է Հայաստանում բնակվող իր ավագ քրոջ` Բավականի և մարդկանց շահագործման նպատակով ստեղծած կազմակերպված խմբի ղեկավար` Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ:
Նելլի Ներսիսյանը ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, դիմավորել նրանց Դուբայ քաղաքում: Իսկ Հերիքնազն ու Բավականը կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: