Ինչպե՞ս հաստատել բռնության փաստը. իրազեկում

Անձի նկատմամբ բռնության փաստի հաստատումը և ըստ այդմ անձի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը որոշվում է դատաբժշկական փորձաքննության արդյունքում, այսպես` մարդկանց առողջական վիճակի որոշման նպատակով հիվանդության, վնասվածքի, աշխատունակության կորստի և այլ դեպքերում կատարվում է բժշկական փորձաքննություն:

«Բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4–ի ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի համաձայն` բժշկական փորձաքննության ձևերն են`
– ժամանակավոր անաշխատունակության,
– բժշկասոցիալական,
– ռազմաբժշկական,
– դատաբժշկական,
– ախտաբանաանատոմիական:

Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը որոշում է մարդու աշխատանքից ժամանակավոր ազատման անհրաժեշտությունը և ժամկետները` պայմանավորված աշխատողի առողջական վիճակով, նրա ժամանակավոր կամ մշտապես այլ աշխատանքի փոխադրումը, ինչպես նաև մարդու բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման հարցը:

Բժշկասոցիալական փորձաքննությունը որոշում է մարդու աշխատունակության կորստի աստիճանը, հաշմանդամության խումբը և պատճառը, սահմանում է նրա բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման տեսակները, ծավալը և անցկացման ժամկետները, տալիս է երաշխավորություն աշխատանքի տեղավորման համար:

Ռազմաբժշկական փորձաքննությունը որոշում է զինվորական ծառայության անցնելու ենթակա քաղաքացիների, զինծառայողների, պահեստազորի զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված զինծայության պիտանիությունը, հաստատում է զինծառայողների և զինծառայությունից արձակվածների հիվանդությունների, վնասվածքների պատճառահետևանքային կապը զինծառայության հետ, սահմանում է բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման իրականացման տեսակները, ծավալը և ժամկետները:

Դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է իրավասու մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Բժշկական փորձաքննության իրականացման, վիճելի դեպքերում կրկնական, լրացուցիչ, ինչպես նաև անկախ բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական փորձաքննության եզրակացության դատական կարգով գանգատարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ախտաբանաանատոմիական փորձաքննությունն իրականացվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի և այլ բժշկական մասնագետների մասնակցությամբ ախտաբանական հետազոտությունների արդյունքների և կլինիկական տվյալների համադրման և վերջնական ախտորոշման հաստատման նպատակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:

ՀԵԻԱ իրավախորհրդատու՝ Առնոլդ Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել