Այս խնդրին անդրադառնալիս նախ պետք է հասկանալ մի քանի այլ գործոններ ևս: Արդյո՞ք այն մարմինը՝ ում դիմել եք վարչական մարմին է թե՞ ոչ, ի՞նչ նպատակով եք դիմել այդ մարմնին, որո՞նք են վարչական վարույթի ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքները և այլն:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն` վարչական ակտը արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Վերը նշված օրենքով վարչական մարմիններն են` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ`
ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաստանի Հանրապետության նախարարություններ, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ.
բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ.
գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար. քաղաքապետ` քաղաքային համայնքում, գյուղապետ` գյուղական համայնքում:
Եթե վերը թվարկված մարմիններից բացի, վարչարարություն են իրականացնում պետական այլ մարմիններ, ապա վերը նշված օրենքի իմաստով` դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ:
Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում`
ա) վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը.
բ) եթե դիմումը վերաբերում է օրենքով նախատեսված որևէ փաստաթղթի տրամադրմանը, որն առնչվում է որևէ փաստի (ծնունդ, մահ, անձի բացակայություն տվյալ վայրից և այլն) հաստատմանը կամ արձանագրմանը, ապա դիմումի հիման վրա համապատասխան ակտը չստացած կամ այդ ակտի համար դիմում ներկայացրած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթղթերը չունենալու համար: