ՀՀ վարչական դատավարության համաձայն` հայցադիմումը ձևակերպվում է գրավոր։ Հայցադիմումը պետք է պարունակի նշում այն մասին, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան ինչպես նաև հայցվորի անունը, ազգանունը բնակության վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), իրավաբանական անձ լինելու դեպքում անվանումը, գտնվելու վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է գտնվելու վայրից), ներառյալ` հայցվոր ֆիզիկական անձի անձնական տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացրել է օրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև պաշտոնը:
Հայցադիմումը պետք է պարունակի նաև պատասխանողի անվանումը, գտնվելու վայրը, իսկ այն դեպքերում, երբ սահմանված կարգով որպես պատասխանող հանդես է գալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա վերջինիս անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը:
Հայցադիմում կազմելիս սկզբում կատարվում է հայցի էության հակիրճ նկարագրությունը, այնուհետև շարադրվում է այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, ինչպես նաև հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները, կատարվում է իրավական մեկնաբանություններ, այնուհետև ձևակերպվում է պահանջը:
Հայցադիմումը պետք է պարունակի տեղեկություններ վարչական ակտի վերաբերյալ, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ, գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են հայցին, հայցադիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը։
Եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա հայցադիմումը պետք է պարունակի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները։
Հայցադիմումում կարող են ներառվել նաև այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները, հայցվորի և դատավարության մյուս մասնակիցների ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։
Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը։
Հայցադիմումին կցվում են`
1.օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին.
2. լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը եթե դատավարության մասնակիցները հանդես են գալիս ներկայացուցչի միջոցով.
3. միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.
4. իր տիրապետման ներքո առկա գրավոր ապացույցները, եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին.
5. վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել.
6. հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողի և երրորդ անձանց կողմից, ստանալը հավաստող փաստաթղթերը կամ ապացույց առ այն, որ պատասխանողի կամ դատավարության մասնակիցների բնակության գտնվելու վայրով հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենների հանձնումն անհնարին է իրականացնել.
7.Այն դեպքում, երբ գործով որպես պատասխանող հանդես է գալու վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, հայցվորը հայցադիմումի և դրան կցվող փաստաթղթերի պատճենը ուղարկում է նաև պետական ֆինանսների կառավարման մարմին ներկայացնելով ծանուցումը հավաստող հանգամանքը։
8. Այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, հայցվորը պատասխանողին և երրորդ անձանց հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։
Իրավաբան.net