Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ձերբակալության մասով կարևոր է հասկանալ նաև համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի դերակատարությունը, որի ներկայիս նախագահը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է։
Հոգաբարձուների խորհրդի ձևավորումը և ներկայիս նախագահը
Համալսարանի կանոնադրության համաձայն, Հոգաբարձուների խորհուրդը ՀՊՄՀ-ի կառավարման բարձրագույն մարմինն է, որն ունի 24 անդամ: ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը 2021 թվականից զբաղեցնում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
2021թ. նոյեմբերի 6-ին կայացած խորհրդի նիստի N2 որոշումը վկայում է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ժաննա Անդրեասյանը:

Հետագայում՝ 2021թ. դեկտեմբերի 18-ին կայացած Խորհրդի N7 որոշումը և 2022թ. մարտի 19-ի N14 որոշումը ստորագրված են արդեն Ժաննա Անդրեասյանի կողմից: Հատկանշական է, որ հենց այս ժամանակահատվածում է կայացվել Սրբուհի Գևորգյանին ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում նշանակելու և ռեկտորի պաշտոնում ընտրության որոշումները:
Կանոնադրության համաձայն Հոգաբարձուների խորհրդի լիազորությունները
ՀՊՄՀ կանոնադրության համաձայն (ՀՀ կառավարության 2016թ. փետրվարի 4-ի N 138-Ն որոշում), համալսարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Հոգաբարձուների խորհրդի լիազորություններն են՝
- ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը
- ՀՊՄՀ-ի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը
- քսան միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի հաստատումը
- ՀՊՄՀ-ի եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու ՀՊՄՀ-ի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը
Ժաննա Անդրեասյանի կենսագրությունը
Ժաննա Արամի Անդրեասյանը ծնվել է 1981 թվականին Վրաստանում: Նա կրթությամբ սոցիոլոգ է, ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժինը:
Կրթական ուղին.
- 2004-2008 թթ. – ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրա
- 2002-2004 թթ. – ԵՊՀ փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժին (մագիստրատուրա)
- 1998-2002 թթ. – ԵՊՀ փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժին (բակալավրիատ)
Աշխատանքային փորձը.
- 2022թ. դեկտեմբերի 13-ից – ՀՀ ԿԳՄՍ նախարար
- 2020-2022 թթ. – ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
- 2019-2020 թթ. – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
- 2018-2019 թթ. – Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, դասախոս
- 2004-2020 թթ. – Երևանի պետական համալսարան, Սոցիոլոգիայի ֆակուլտետ, դասախոս
- 2017-2019 թթ. – «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ
- 2012-2017 թթ. – «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար
- 2010-2012 թթ. – «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար
- 2004-2010 թթ. – «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ
- 2003-2004 թթ. – «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, սոցիալական գնահատման օգնական
- 1997-2002 թթ. – «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթ, թղթակից
Բուհի հոգաբարձուների խորհրդի դերը ռեկտորի նշանակման գործընթացում
Համաձայն տրամադրված փաստաթղթերի, Ժաննա Անդրեասյանի որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահի գործունեության ընթացքում կայացվել են ՀՊՄՀ-ի ղեկավարմանը վերաբերող մի քանի կարևոր որոշումներ:

Մասնավորապես, 2021թ. դեկտեմբերի 18-ին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստում (Որոշում N7), որը ստորագրված է եղել խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի կողմից, որոշվել է 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև սահմանված կարգով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը, ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության առաջարկած թեկնածուին՝ ընթացող ուսումնառության պահից:
Խորհրդի հաջորդ՝ 2022թ. մարտի 19-ի նիստում (Որոշում N14), որը նույնպես ստորագրված է եղել Ժաննա Անդրեասյանի կողմից, որոշվել է 2022թ. մարտի 19-ից ՀՊՄՀ ռեկտոր ընտրել Սրբուհի Ռաֆիկի Գևորգյանին:

Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահները
Ըստ պաշտոնակն տեղեկությունների, ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում նախկինում եղել են՝
- ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյան՝ 2010-2014թթ.
- ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան՝ 2014-2018թթ.
- ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյան՝ 2019-2021թթ.
- ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան՝ 2021թ-ից
Ավանդաբար ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհուրդը ղեկավարել են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետից մինչև ԱԺ նախագահ, – այս մասին տեղեկացնում է Iravaban.net–ը: