Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Նախագծով առաջարկվում է մի շարք լրացումներ և փոփոխություններ կատարել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման մեջ։
- Ատեստավորման հնարավորություններ չաշխատող անձանց համար.
Առաջարկվում է, որ կամավոր ատեստավորմանը կարողանան մասնակցել նաև այն անձինք, որոնք չունեն ուսուցիչ լինելու կարգավիճակ, սակայն ունեն տվյալ առարկայի հարակից ոլորտում բարձրագույն կրթություն և բավարար մասնագիտական կրեդիտներ։ Նման դեպքում նրանք կկարողանան օգտվել դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից՝ աշխատանքի ընդունվելու օրվանից։
- Փաստաթղթերի հստակեցում.
Սահմանվում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավոր են տրամադրել կրեդիտների մասին տեղեկանք՝ հիմք ընդունելու համար մասնագիտական համապատասխանությունը։
- Թեստավորման և բողոքարկման կարգ.
Հստակեցվում է, որ էլեկտրոնային թեստավորման դեպքում մասնակիցը բողոքարկման դիմումը պետք է ներկայացնի որոշմամբ սահմանված հատուկ հարթակի միջոցով։
- Ուսումնական խմբակների ընդգրկում.
Նախագծով առաջարկվում է «նախագծային ուսուցման» հետ մեկտեղ ներառել նաև «ուսումնական խմբակները»՝ դասավանդման ժամերի հաշվարկման մեջ։
- Ատեստավորման նոր մասնակցության հնարավորություններ.
Սահմանվում է, որ ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ կրկին մասնակցել կամավոր ատեստավորմանը՝ բարձր կամ հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում ստանալով համապատասխան հավելավճար՝ նոր հնգամյա ժամկետով։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
կողմից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը նպատակ ունի կարգավորելու կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։
Հիմնական նպատակներն են՝
- հստակեցնել չաշխատող մասնագետների մասնակցության իրավական հիմքերը,
- պարզեցնել կրեդիտների հաշվարկման մեխանիզմը,
- սահմանել բողոքարկման գործընթացի հարթակը,
- հստակեցնել ուսումնական խմբակների դասավանդման հաշվառման կարգը,
- սահմանել հավելավճարի տրամադրման հստակ ժամկետներ և պայմաններ՝ կրկնակի ատեստավորման դեպքում։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտություն չի առաջացնում։
Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում՝
- կամավոր ատեստավորման գործընթացը կդառնա ավելի հստակ և կանխատեսելի,
- կբարձրանա իրավական հստակությունը ուսուցիչների վարձատրության և դրույքաչափերի սահմանման գործընթացում,
- կստեղծվի ավելի արդար և արդյունավետ համակարգ՝ ուսուցիչների մասնագիտական առաջխաղացման և գնահատման համար։
Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է մի շարք ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝
- «Հայաստանի 2050 վերափոխման ռազմավարությունից»,
- «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից»,
- ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրից,
- ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունից,
ինչպես նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներից։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, – տեղեկացնում է Iravaban.net-ը։