Հրապարակվել է ոստիկանության բարեփոխումների հասարակական մշտադիտարկման և գնահատման եզրափակիչ զեկույցը

2025 թվականի սեպտեմբերի 29-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպել էր ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2024-2026 թթ․ գործողությունների ծրագրի 2024-2025 թթ․ (I կիսամյակ) իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման և գնահատման զեկույցի ներկայացման բարձր մակարդակի եզրափակիչ միջոցառումը։

Ներկաներին ողջունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, ոստիկանության ոլորտի բարեփոխումների փորձագետ, իրավաբան Մարատ Ատովմյանը։ Նա նշել է, որ ԻՀԱ‑ն մշտապես կարևորել է ոստիկանության դերը պետությունում՝ որպես հասարակական կարգի պահպանության համար կարևորագույն օղակներից մեկը։

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Վահե Ենոքյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության, առաջարկությունների և դիտարկումների ներկայացման համար։

Այս ենթադրամաշնորհը իրականացվել է «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում (www.juremonia.am)։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ‑ի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ‑ների կոնսորցիումի կողմից։

Կոնսորցիումի անդամ «Սոցիալական արդարություն» ՀԿ‑ի նախագահ Գայանե Հովակիմյանը ևս շնորհակալություն է հայտնել Իրավաբանների հայկական ասոցիացիային կատարված աշխատանքի, ինչպես նաև հետաքրքիր կազմակերպված միջոցառման համար։ Ընդգծվել է հատկապես երիտասարդների և երեխաների մասնակցությունը նման միջոցառմանը։

Ծրագրի շրջանակներում ԻՀԱ‑ն հայտարարել էր «Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների և «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթները, որոնց արդյունքները ամփոփվեցին այսօր՝ միջոցառման ընթացքում։

Մրցույթներից յուրաքանչյուրը ունեցել է 3 մրցանակակիր և 2‑ական հատուկ մրցանակակիր։ Մասնակիցներ են եղել ինչպես դպրոցներից, այնպես էլ համալսարաններից և քոլեջից։

Միջոցառման ժամանակ իրավաբաններ, մշտադիտարկման փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը ներկայացրել են Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության 2024–2026 թթ․ գործողությունների ծրագրի 2024-2025 թթ․ (I կիսամյակ) իրականացման ենթակա գործողությունների մշտադիտարկման վերջնական զեկույցը։

Մշտադիտարկման խմբի կողմից մշակված մեթոդոլոգիային համաձայն կատարված գնահատումները ներկայացվում են ստորև․

Ընթացակարգային (քանակական) գնահատումն իրականացվել է հետևյալ երկու բանաձևերով՝

  • ամբողջությամբ կատարված գործողությունների քանակի տոկոսային հարաբերակցության մեթոդով՝ գործողությունների ընդհանուր թվի նկատմամբ, որի արդունքում ընթացակարգային (քանակական) գնահատման ցուցանիշը 2024-2025 (1-ին կիսամյակ) թթ․-ների համար կազմել է 34.62%,
  • վարիացիոն շարքի համակշռված միջինի մեթոդով, որի արդունքում ընթացակարգային (քանակական) գնահատման ցուցանիշը 2024-2025 (1-ին կիսամյակ) թթ․-ների համար կազմել է 66,35%։

Ազդեցության մակարդակի (որակական) գնահատման նպատակով գնահատվել են մեթոդոլոգիայով մշակած չափանիշներին համապատասխան 7 գործողություն, որոնցից 5-ի կատարումը գնահատվել է ոչ ամբողջական իրականացված, 2-ի կատարումը՝ իրականացված չէ։

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Մարիամ Զադոյանը նշել է՝ ռազմավարությամբ 2027 թվականի համար սահմանված՝ Կովկասյան Բարոմետրի 40% թիրախային ցուցանիշը փաստացի ապահովված էր արդեն 2024թ․, ծրագրի ընդունումից առաջ․ «Միջազգային վարկանիշների մշտադիտարկման և իմիջի բարձրացման գործողությունների կապը հանրային վստահության աճի հետ հիմնավորված չէ, մինչդեռ թիրախային ցուցանիշը արդեն հասած էր նախքան բարեփոխումների սկիզբը»։

Զեկույցի ներկայացումից հետո Մարատ Ատովմյանը ներկայացրել է վերլուծության արդյունքում ձևավորված առաջարկությունները։ Նրա խոսքով՝ առաջարկությունները կարելի է բաժանել երկու խմբի՝ մեթոդական և բովանդակային։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ բարեփոխումների տված արդյունքներն արդեն տեսանելի են, ՆԳ նախարարության գործընկերներն էլ են ընդունում, որ դեռևս կան բազում խնդիրներ։

«Այս մշտադիտարկման նպատակը եղել է ոչ թե քննադատելը, այլ խնդիրների վերհանումը՝ օգնելու, աջակցելու նպատակով։ Կարծում եմ՝ այս կառուցողական երկխոսությունը, փոխգործակցությունը կշարունակվի, որովհետև, մեծ հաշվով, բոլորս նույն նպատակլի համար ենք աշխատում․ ունենալ պրոֆեսիոնալ, արդյունավետ, հասարակության լայն շրջանակների վստահությունը վայելով ոստիկանություն»,-ամփոփել է նա։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից հայտարարած դրամաշնորհի ներքո։

Ծրագրի նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել