Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում հոկտեմբերի 2-ին շարունակվեց ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը՝ նախագահությամբ դատավոր Լիլի Դրմեյանի։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Միրոյանը և Կառլեն Ափինյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, պատասխանողների ներկայացուցիչներ Վարազդատ Ասատրյանը, Արմեն Հարությունյանը։
Գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր հայցվորի ներկայացուցիչ, դատախազ Միրոյանի նոր ներգրավված լինելու և գործի նյութերին ծանոթանալու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Այսօր կայացած նիսում Դավիթ Միրոյանը նշեց, որ տրված սեղմ ժամկետը բավարար չի եղել գործի նյութերին և խնդրեց տրամադրել ևս 2 շաբաթ, նյութին ամբողջությամբ ծանոթանալու համար։ Պատասխանողի պաշտպանը չառարկեց ներկայացված միջնորդությանը։
Հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ միջնորդությունը ևս կքննարկվի հաջորդ նիստին։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նախնական դատական նիստը կանցկացվի հոկտեմբերի 14-ին, ժամը 17։00-ին։
Գլխավոր դատախազությունը Արմեն Սաքապետոյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․
- Երևան, Արաբկիր, Գ․ Սունդուկյան փ 15-2 բնակարանը 0.42 տոկոսը
- Երևան, Դավթաշեն, Սասնա Ծռեր փողոց, 3 շենք, 11 բնակարանի, 1․75 տոկոսը,
- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․Ուլնեցու փողոց 58/20 շենք 88 շինության, 8 և 53 ավտոկայանատեղիների 15․44 տոկոսը,
- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․ Ուլնեցու փողոց 58/20 շենք 29 բնակարանի 18․58 տոկոսը,
- Կոտայք, Ծաղկաձոր, ք․ Օլիմպավան փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքի 16․44 տոկոսը,
- HONDA ENP մակնիշի մեքենայի 4․72 տոկոսը,
- LAND ROVER DEFENDER SE 3.0 մակնիշի մեքենայի 0․01 տոկոսը,
- Երևան, Կենտրոն, Թումանյան 21/2 հասցեում գտնվող անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքի 10․33 տոկոսը,
- Արմավիր, Վանանդ համայնքում գտնվող հողամասի ներկայիս շուկայական արժեքի 37,7 տոկոսը,
- Արմավիր, Արտամետ համայնքում գտնվող հողամասի ներկայիս շուկայական արժեքի 20,5 տոկոսը,
- «ԻՍԹԵՅԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի 0․07 տոկոսը,
- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․Ուլնեցու փողոց 58/20 շենքի 29 բնակարանը։
Արմեն Սաքապետոյից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․
- 59 միլիոն 608 հազար 302 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
- 246 միլիոն 204 հազար 682 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել (․․․)։