Iravaban.net-ը ուսումնասիրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) կողմից «Ձագեձոր» հեռուստաընկերություն ՍՊԸ-ի նկատմամբ կիրառված վարչական տույժը: Ստորև ներկայացնում ենք իրավական վերլուծությունն ու ընկերության վերաբերյալ հիմնական տեղեկությունները:
«Ձագեձոր» հեռուստաընկերությունը գործում է 2000 թվականից: Ընկերությունը գրանցվել է 2000թ. մայիսի 23-ին և տեղակայված է Կապան քաղաքում։
Ընկերության ներկայիս տնօրենն է Արայիկ Մարգարյանը:
2017 թվականի հոկտեմբերից ընկերության միակ սեփականատերը ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական» հիմնադրամն է, որին պատկանում է ընկերության բաժնեմասերի 100%-ը՝ 1,581,000 ՀՀ դրամ արժողությամբ: ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական» հիմնադրամի միակ հիմնադիր է հանդիսանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը:
Ընկերությունը Սյունիքի մարզում հեռարձակվող տեսալսողական մեդիաներից մեկն է, որը վերջերս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից տուգանվել է իր գործունեության ընթացքում թույլ տված մի շարք խախտումների պատճառով:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2025թ. սեպտեմբերի 26-ի նիստում քննարկել է «Ձագեձոր» հեռուստաընկերություն ՍՊԸ-ի նկատմամբ վարչական ակտի ընդունման հարցը: Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է հետևյալ խախտումները.
- «Ձագեձոր» հեռուստաընկերություն ՍՊԸ-ի «Սյունիք ՏՎ» տեսալսողական ծրագրում հեռարձակվել են ոչ սեփական տեսալսողական հաղորդումներ՝ ֆիլմեր, առանց ֆիլմերի նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի թույլտվության՝ հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի բացակայության պայմաններում:
- Հեռարձակողը տեսալսողական տեղեկատվությունը (ֆիլմերը) հեռարձակել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ հեռարձակելով օտար լեզվով առանց հայերեն ընկալման միջոցների ուղեկցության:
Հանձնաժողովն արձանագրել է, որ հեռարձակողը մեկ տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումները՝ տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի և օտար լեզվով հեռարձակում իրականացնելով, ինչը առաջացնում է տուգանքի նշանակում:
Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշել է «Ձագեձոր» հեռուստաընկերություն ՍՊԸ-ին տուգանել 712,910 ՀՀ դրամով:
«Ձագեձոր» հեռուստաընկերություն ՍՊԸ-ի («Սյունիք ՏՎ») նկատմամբ կիրառված վարչական տույժը բխում է ընկերության կողմից կրկնակի կատարված խախտումներից: Գույքային իրավունքների պաշտպանությունը և հայերեն ընկալման միջոցների ապահովումը օրենսդրական հստակ պահանջներ են, որոնց անտեսումը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:
Նյութի հիմնական լուսանկարում պատկերված է նաև «Ձագեձոր» հեռուստաընկերության («Սյունիք ՏՎ») տնօրեն Արայիկ Մարգարյանը, լուսանկարի աղբյուրը՝ www.syunik.tv
Նյութի հիմնական լուսանկարում պատկերված խորհդանիշների աղբյուրները՝ www.tvradio.am և www.syunik.tv