Ի՞նչ պետք է իմանաք օտարերկրյա ներդրումերի և դրանց իրավական կարգավորման մասին

Հայաստանում օտարերկրյա ներդրումները մեծ կարևորություն ունեն տնտեսության զարգացման և գործարար միջավայրի արդյունավետության ապահովման համար։ Ստորև ներկայացնում ենք հիմնական պայմաններն ու կարգավորումները, որոնց պետք է ծանոթ լինի յուրաքանչյուր ներդրող։

Ովքե՞ր են համարվում օտարերկրյա ներդրողներ

«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի համաձայն օտարերկրյա ներդրող է համարվում՝

  • օտարերկրյա պետությունը,
  • ցանկացած օտարերկրյա իրավաբանական անձ,
  • օտարերկրյա քաղաքացի,
  • քաղաքացիություն չունեցող անձ,
  • Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակվող ՀՀ քաղաքացի,
  • միջազգային կազմակերպություն,

որը իր գտնվելու վայրի օրենսդրությանը համապատասխան ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետությունում։

Ի՞նչն է համարվում օտարերկրյա ներդրում

Օտարերկրյա ներդրում է գույքի ցանկացած տեսակ, այդ թվում՝ ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ, որը օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում՝ շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով։

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություն է ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկություն, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և որի հիմնադիրը կամ մասնակիցն օտարերկրյա ներդրող է։

Օտարերկրյա ներդրումների իրավական կարգավորումը

Հայաստանում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները կարգավորում են՝

  • Օտարերկրյա ներդրումների մասին օրենքը,
  • Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերը,
  • և Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերը։

Եթե միջազգային պայմանագրերում կան առանձնահատուկ կանոններ, որոնք տարբերվում են օրենքի դրույթներից, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները։

Օտարերկրյա ներդրումների տեսակները

Օտարերկրյա ներդրողները կարող են ներդրումներ իրականացնել՝

  1. Արտարժույթով, արժութային այլ արժեքներով կամ ՀՀ ազգային դրամով։
  2. Շարժական և անշարժ գույքով (շինություններ, սարքավորումներ, նյութական այլ արժեքներ) և դրանց հետ կապված գույքային իրավունքով։
  3. Բաժնետոմսերով, պարտատոմսերով և այլ արժեթղթերով։
  4. Դրամական պահանջների և պայմանագրային պարտավորությունների կատարման պահանջի իրավունքով։
  5. Արժեք ունեցող մտավոր սեփականության ցանկացած իրավունքով։
  6. Տնտեսական գործունեության իրականացմամբ, այդ թվում բնական ռեսուրսների հետախուզում, արդյունահանում, մշակման կամ շահագործման իրավունքով։
  7. Վճարովի ծառայությունների միջոցով։
  8. ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած այլ ներդրումներով։

Զգուշացում. Օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Օտարերկրյա ներդրումների իրականացման ձևերը

Օտարերկրյա ներդրողները կարող են իրականացնել ներդրումներ հետևյալ ձևերով՝

  • Օտարերկրյա ներդրողներին պատկանող ձեռնարկություններ, իրավաբանական անձանց պատկանողներ բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծել կամ ձեռք բերել գործող ձեռնարկություններ։
  • Նոր ձեռնարկություններ հիմնադրել կամ գործող ձեռնարկություններում բաժնեմաս ձեռք բերել՝ ՀՀ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ քաղաքացիների մասնակցությամբ։
  • Բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ արժեթղթեր ձեռք բերել ՀՀ օրենսդրության շրջանակներում։
  • Ինքնուրույն կամ ՀՀ իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցությամբ հողօգտագործման իրավունք և Հայաստանի Հանրապետության տարածքում բնական ռեսուրսների օգտագործման կոնցեսիաներ ձեռք բերելու միջոցով
  • Գույքային այլ իրավունքներ ձեռք բերել։
  • ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով՝ պայմանագրերի հիման վրա ՀՀ իրավաբանական անձանց կամ քաղաքացիների հետ։

Օտարերկրյա ներդրումների ճիշտ ու օրինական իրականացումը նպաստում է տնտեսության կայունությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և Հայաստանի ներգրավվածությանը միջազգային շուկաներում։ Ներդրողներն իրավասու են օգտվել օրենքով սահմանված բոլոր հնարավորություններից, սակայն պետք է հետեւեն գործող օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին՝ ապահովելու իրենց ներդրումների անվտանգությունն ու արդյունավետությունը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել