«Արվեստում ինձ համար ամենակարևորը հոգու, զգացմունքի ճշմարտությունն է»․ նկարիչ Նելլի Նիկոյան

Նելլի Նիկոյանը պատմում է, որ դեռ մանկուց սիրել է նկարել, բայց նախնական կրթություն չի ստացել, նկարչական դպրոց չի գնացել, այնուամենայնիվ, չի ցանկանում մանրամասնել, թե ինչու է այդպես ստացվել։

«Մեր ընտանիքում միշտ սիրել են արվեստը, առաջինը ծնողներիս միջոցով եմ ծանոթացել և՛ գրականությանը, և՛ նկարչությանը, և՛ դասական երաժշտությանը։ Ճիշտ է՝ բարձրագույն կրթություն չունեմ, բայց շատ սիրում էի արվեստը։ Մորեղբայրս նույնպես նկարում էր շատ լավ, շատ գրագետ անձնավորություն էր։ Ես էլ մանկուց ինձ այլ մասնագիտության մեջ չեմ պատկերացրել»,-ասում է մեր հերոսուհին։

Նկարչությունը Նելլիի համար առաջ մղող ուժ ու կյանք է, իրեն առանց դրա հիմա չի պատկերացնում։

«Օրվա մեջ շատ քիչ ազատ ժամանակ է մնում, քանի որ աշխատում եմ նաև դպրոցում, բայց անպայման 3-4 ժամ «խլում եմ» օրվանից, որպեսզի նկարեմ»,-նշում է նա։

Նման մարդկանց դեպքում ակնհայտ է՝ արվեստը ոչ միայն հոբբի կամ զբաղմունք է, այլ ապրելակերպ ու ինքնության մի մաս։ Այսպիսի նվիրվածությունը խոսում է ոչ միայն տաղանդի, այլև կամքի, սիրո և ներքին պահանջի մասին։ Իսկ երբ մարդը ստեղծագործում է առանց ակադեմիական շրջանակների, մնում է ազնիվ ինքն իր և իր արվեստի նկատմամբ՝ առանց ձևականության ճնշման։

«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի քսաներեքերորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, անձին հնարավորություն կտա արվեստին նայել ոչ միայն որպես արտաքին աշխարհի արտացոլում, այլև որպես ներաշխարհի բացահայտման խորունկ ճանապարհ՝ օգնելով նրան ճանաչել իրեն և վերագտնել ստեղծագործելու ներքին մղումը։

«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
Արվեստագետի դիտարկմամբ՝ արվեստում ամենակարևորը հոգու, զգացմունքի ճշմարտությունն է, անպայման չէ, որ նկարը շատ ռեալիստական լինի, բայց նկարիչը պետք է անկեղծ լինի նկարն անելիս, որովհետև դա առաջին հերթին զգացմունք է, ինքնարտահայտման ձև, հասարակության մեջ եղող բոլոր երևույթները ինչ-որ ձևով պետք է իրենց արտացոլանքը գտնեն նկարում։
Նելլի Նիկոյանը ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գծագրության, նկարչության բաժինը։ Սիրով է հիշում իր ուսուցիչներին, առանձնահատուկ ջերմությամբ է հիշում Էդուարդ Խարազյանին․ «Իրենից շատ բան եմ սովորել՝ իսկական, մաքուր արվեստը, անկեղծությունը արվեստի մեջ։ Մաեստրո Խարազյանը ասում էր՝ եթե դու գիտես ճիշտ նկարել, դու կարող ես ճիշտը վերարտադրել, քո զգացմունքներն այնպես հաղորդել, որ բոլորի համար հասկանալի լինի, որովհետև դա դու կանես խելացի, գրագետ, էդ մոտեցումը շատ կարևոր է արվեստում, նկարչության մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել