Փոթորիկ էր Մայիսը, պարն ու երաժշտությունն անպակաս են եղել Ավետումյանների ընտանիքում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ թշնամին սանձազերծեց լայնածավալ պատերազմ Արցախի դեմ։
Պարարվեստի պետական քոլեջում է սովորել Մայիսը, ժողովրդական պարող էր։ 2019 թվականի հուլիս 16-ին զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցկացրել է «Մարտունի 3»-ում։
«Գոհ էր, Ասկերանում անցավ սերժանտական դասընթացներ։ Ջոկի հրամանատար էր։ Ոչնչից չէր դժգոհում։ Միշտ ասում էր՝ ես Ղարաբաղում եմ ծառայելու ու Աղդամում (Ակնա)։ Պատերազմի օրերին զանգում ասում էր, ասում էր՝ մի՛ հավատացեք լուրերին, ամեն ինչ լավ է, մեկ է՝ վերջում Բաքվում քոչարի ենք պարելու։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 11-ին, ամուսնուս ասաց՝ զանգել եմ՝ ձայնդ լսեմ ու վերջ։ Չասաց, որ իրենց տանում են Հադրութ»,–Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց մայրը՝ Քրիստինե Գորեյանը։
Մի ամբողջ վաշտ զոհվեց հոկտեմբերի 11-ին, ծնողները վստահ են՝ տղաներին խաբել, տարել են գրավված Հադրութ։ Մեղադրում եմ Ջալալ Հարությունյանին։
«Դեկտեմբերի 5-ին, որ երեխաների մարմինները դուրս բերեցին, մեր տղաները «Յաշմա» ջոկատի հետ էին կռվել, նույնիսկ զանգահարել, օգնություն են խնդրել, բայց ոչ ոք իրենց օգնության չի հասել։ Միմյանց օգնել են, վիրակապել։ Այդպես, այդ օրը գտան բոլոր 76 տղաներին՝ իրենց 3 հրամանատարների հետ։ Ու սկսվեց մեր՝ ծնողներիս, դժոխային օրերը։ Կամավորները պատմել են հայրերին տղաների խիզախությունների մասին»,-նշում է Մայիսի մայրը։
Մայիս Շահենի Ավետումյանը ծնվել է 2001 թվականի մարտի 13-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 11-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։