«2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը Մայրապետյանից ստացել է շուրջ 3 միլիոն դոլար կաշառք»․ դատախազը՝ Քոչարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստին

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 10-ին, տեղի ունեցավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործով նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախորդ նիստին պատասխանող կողմը գործով արագացված դատաքննություն կիրառելու միջնորդություն էր ներկայացրել, ինչի վերաբերյալ դիրքորոշմամբ հանդես եկավ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը։

Նա առարկեց միջնորդության դեմ, խնդրեց այն մերժել՝ դիրքորոշումը կառուցելով ՍԴ որոշմամբ արտահայտված փաստերի հիման վրա։

Ինչպես ՍԴ որոշմամբ նշվել է, անձի գույքի բռնագանձումը երկու նպատակ է հետապնդում՝ հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքար, Հարությունյանը շեշտեց՝ բարձր դատարանը հստակ ընդգծել է՝ թեպետ նշված երկու նպատակներն ինքնուրույն են և հետապնդող շահի տեսանկյունից ծանրակշիռ, դրանք օրենքով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի կիրառմամբ միմյանց բացառող չեն,  և կարող են հանդես գալ ինչպես միմյանց համընկնելով կամ փոխլրացնելով, այնպես էլ առանձին-առանձին․ «ՍԴ-ն հստակ օրինակ է բերել՝ «օրինակ, կոռուպցիոն բնույթի հանցանքներին առնչվող անձանց գործերով, որոնք օրենքի իմաստով պաշտոնատար անձ են»»։

Նրա խոսքով՝ ՍԴ-ն օրենքի իմաստով պաշտոնատար անձանց կողմից ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կոռուպցիայի կանխարգելումը և դրանով պայմանավորված վնասի վերականգնումը դասել է Սահմանադրությամբ նախատեսվող հանրային շահի հետապնդման նպատակների շարքում։

«Քննարկելով օրենքի բոլոր կարգավորումների Սահամանադրության համապատասխանության հարցը, ՍԴ-ն հակասահմանադրական չի ճանաչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի» 10-րդ հոդվածի 3-րդ մասը, որը նախատեսում է՝ վարույթին զուգահեռ ընթացող քրեական գործի վարույթի ավարտվելը, այդ թվում՝ արդարացման դատավճռի կայացումը, կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելը կամ քրեական հետապնդումը դադարեցնելը հիմք չեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի դադարեցման համար»,-ասաց Հարությունյանը։

Դատախազի պնդմամբ՝ եթե մի նպատակը բացակայում է, մյուս նպատակը կարող է գործել, ու դրանով պայմանավորված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը պետք է շարունակվի։ Նա միջնորդության մերժման մեկ այլ հիմք վկայակոչեց, ասաց՝ ՍԴ որոշումը հիմք է նույնիսկ օրինական ուժի մեջ մտած վճիռը վերանայելու, ու այն դեպքում, երբ խոսվում է ընթացող գործի մասին, այդ որոշումն առավել ևս պետք է հնարավորություն ընձեռի կողմին, որ իր դիրքորոշումը համապատասխանեցնի բարձր դատարանի կողմից սահմանված կանոններին։

Նա անդրադարձավ նաև Սամվել Մայրապետյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին տրված ենթադրյալ կաշառքի ստացման դրվագին՝ ընդգծելով, որ վերագրվող արարքի արդյունքը տնտեսական օգուտն է․ «Քրեական գործով Ռ․ Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ 1998 թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թ․ ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելուն, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքի շահագործման նպատակով հատուկ լիցենզիաներով ընկերության 100% բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 միլիոնին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք»։

Պատասխանողների ներկայացուցիչները չընդունեցին հայցվորի առարկությունները՝ իրենք ևս ՍԴ որոշման համատեքստում անդրադարձ կատարելով մի շարք էական իրավակարգավորումների։

Արամ Օրբելյանը հայտնեց՝ ի տարբերություն հայցվորի կողմից ՍԴ որոշման մեկնաբանման, ՍԴ-ն արձանագրել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ դիմողի կողմից վիճարկվող մյուս դրույթները, դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում Սահմանադրության համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը:

Փաստաբանն իր դիրքորոշմամբ անդրադարձավ երեք հանգամանքի՝ հայցի հիմքը և առարկան փոխելու հնարավորությանը,
ինչպես է իրականացվում պաշտոնատար անձի վերաբերյալ ուսումնասիրությունը, և արդյոք հայցադիմումի մեջ կա որևէ կապ ենթադրյալ հանցագործության հետ։

Պատասխանողի ներկայացուցչի պնդմամբ՝ իր վստահորդն այդ թվականներին չէր կարող հանցավոր եկամուտ ստանալ, և հայցադիմումի հիմքում բռնագանձվող գույքի և ենթադրյալ հանցագործության կապը բացակայում է։ Նրա խոսքով՝ անկախ այն 2 նպատակներից, որոնք ներկայացված են ՍԴ որոշման մեջ, պաշտոնատար անձանց ստուգելու, ուսումնասիրություն սկսելու համար օրենքը համապատասխան ընթացակարգերն է սահմանում։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը որոշեց միջնորդությունը մերժել։ Նախագահող դատավոր Նարինե Ավագյանը վկայակոչեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 8-րդ մասը, որը նախատեսում է արագացված դատաքննության կիրառման հիմքերը։

Ըստ նշված կարգավորման՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե` հայցն ակնհայտ անհիմն է, եթե դրանում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա է մերժման՝ անկախ դրա հիմքում դրված փաստերից) կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման կամ ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ (այսուհետ՝ ակնհայտ անհիմն հայց):

Նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա հունիսի 30-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել