ՃՈ-ն ընդունեց իր կողմից արված սխալը. քաղաքացին չի՛ տուգանվի

Վարորդ Արտակ Հակոբյանը բողոքարկել է ՃՈ կողմից վարչական տույժ նշանակելու մասին որոշումը: Արդյունքում, քաղաքացու փաստարկը համարելով հիմնավոր՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետը բեկանել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումը:

«Ինձ ուղարկել են նամակ, որով ես պարտավորվում եմ 5 հազար դրամ տուգանք վճարել, քանի որ Արտաշիսյան-Բագրատունյաց խաչմերուկի հատվածում խախտել եմ գծանշման պահանջները: Բայց իրականում էնտեղ առկա երկու սլաքները հակասում են իրար: Ասֆալտի վրա պատկերված սլաքը ցույց ա տալիս ձախ, իսկ ցուցանակը՝ համ ձախ, համ էլ աջ»,- Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Հակոբյանը:

Արդյունքում ստացվում է այնպես, որ վերոնշյալ խաչմերուկում տեղադրված նշանը երկրորդ շարքով ընթացող վարորդին թույլ է տալիս ընթանալ երկու ուղղությամբ՝ և՛ աջ, և՛ ձախ: Քաղաքացու խոսքով՝ ինքը ընթացել հենց երկրորդ շարքով՝ Արտաշիսյան փողոցից շարժվելով աջ՝ դեպի Բագրատունյաց պողոտա:

Առաջացած խնդրի վերաբերյալ Իրավաբան.net-ը փորձեց պարզաբանում ստանալ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, փաստաբան Մարատ Ատովմյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ վարորդը ոլորտը կարգավորող որևէ իրավական ակտ չի խախտել. «Վարորդը կարող էր ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե չկատարեր ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները: Սակայն վերջինս փողոցից մտել է աջ դեպի Բագրատունյաց պողոտա երկրորդ շարքով՝ ղեկավարվելով ցուցանակով, որը երկրորդ շարքով ընթացող վարորդին թույլ է տալիս ընթանալ ինչպես ձախ, այնպես էլ աջ ուղղությամբ: Այդ վայրում գծանշանի և նշանի միջև առկա է հակասություն, որում քաղաքացին մեղավոր չէ: Պատկան մարմիններն են պարտավոր բացառել նման իրավիճակները»:

Ըստ Արտակ Հակոբյանի՝ իրեն տուգանել են միայն այն պատճառով, որ ՃՈ-ի տեսուչը ղեկավարվել է այն տեսախցիկով, որը ցույց է տալիս միայն գծանշումը. «Ինքը ցուցանակը չի տեսել ու որոշել ա, որ ես խախտում եմ կատարել ու տագանք ա գրել: Համոզված լինելով, որ ես որևէ խախտում չեմ կատարել՝ դիմեցի ՀՀ ՃՈ-ի պետին: Ներկայացրի նաև իմ կողմից արված լուսանկարները: Օրեր առաջ համապատասխան նամակով ստացա որոշում, որով հաստատեց. ես որևէ խախտում չեմ արել, սխալվել ա տեսուչը»:

Մեր զրուցակիցը կոչ արեց բոլոր վարորդներին լինել առավել ուշադիր, լավ իմանալ սեփական իրավունքները և պայքարել դրանց պահպանման համար:

Քաղաքացու անուն- ազգանունը փոխված է, քանի որ վերջինս չցանկացավ հրապարակել այն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել