Դատախազը միջնորդեց Վճռաբեկ դատարանի դատավորի նախկին օգնականին դատապարտել հինգուկես տարվա ազատազրկման

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց ՀՀ դատական դեպարտամենտի նախկին աշխատակից, Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Արմեն Դավթյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Այսօրվա դատական նիստին ճառով հանդես եկավ գործով մեղադրող Արմեն Փանոսյանը:

Ըստ նրա՝ ամբաստանյալ Արմեն Դավթյանը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր, օգտագործել դրանք և խարդախության եղանակով հափշատկել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը:

«Գնահատելով գործի քննության ընթացքում ձեռք բերված և դատաքննության ընթացքում ուսումնասիրված ապացույցներն իրենց համակցության մեջ՝ գտնում եմ, որ դրանք բավարար են մեղադրական դատավճիռ կայացնելու համար: Արմեն Դավթյանը կատարել է սեփականության դեմ ուղղված ծանր և կառավարման կարգի դեմ ուղղված ոչ ծանր հանցագործություններ»,- ասաց մեղադրողը:

Նրա խոսքով՝ դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առնել, որ ամբաստանյալն իր խնամքին ունի մինչև 14 տարեկան անչափահաս երեխա և պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է:

Պատիժը ծանրացնող հանագամանքերը բացակայում են:

Դատախազը միջնորդեց Արմեն Դավթյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման, իսկ 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը, դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: Հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժ նշանակել 5 տարի 6 ամիս ժամկետով:

Ամբաստանյալի պաշտպանը ժամանակ խնդրեց դատարանից՝ պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 13-ին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել