Միջազգային հանրությանը ուղղված կոչ Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ քաղաքական կալանավորների վիճակի անհապաղ միջազգային միջամտության վերաբերյալ․ հրատապ հայտարարություն

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը խորին մտահոգություն է հայտնում Ադրբեջանի Հանրապետությունում կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ քաղաքական կալանավորների հիմնարար իրավունքների և ազատությունների համակարգային խախտումների կապակցությամբ: Նշված է տարածված հայտարարության մեջ։

Ստացված հավաստի տեղեկությունների համաձայն՝ մեկ շաբաթից ավելի հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Փետրվարի 25-ի դատական նիստի ընթացքում արձանագրվել են նրա ֆիզիկական վիճակի էական վատթարացման ակնհայտ նշաններ, սակայն դատավարությունը շարունակվել է՝ անտեսելով նրա առողջությանը սպառնացող լուրջ վտանգը: Հանրային շրջանառության մեջ հայտնված լուսանկարներում երևում են վատ վերաբերմունքի, հնարավոր խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ակնհայտ նշաններ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 3-րդ հոդվածի և ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 2-րդ և 12-րդ հոդվածների ակնհայտ խախտմամբ:

Արդեն 18 ամիս անօրինական կալանքի տակ գտնվելով՝ Ռուբեն Վարդանյանը հարկադրված է դիմել հացադուլի որպես ծայրահեղ միջոցի՝ իր հիմնարար իրավունքների համակարգային խախտումների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու նպատակով: Նրա և մյուս հայ քաղաքական կալանավորների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացվող հետապնդումները կրում են ակնհայտ քաղաքական բնույթ և հանրային իշխանության կողմից էթնիկ հիմքով խտրականության դրսևորումներ:

2025 թ. փետրվարի 19-ին Բաքվի բանտից իր ընտանիքի հետ կարճատև հեռախոսազրույցի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ իր նկատմամբ խախտվել են արդար դատաքննության հիմնարար երաշխիքները, այդ թվում՝

  • Անմեղության կանխավարկածի և ցուցմունք չտալու իրավունքի խախտում – նրան հարկադրել են ստորագրել փաստաթղթեր, որոնք ենթադրաբար պարունակում են կեղծ տեղեկություններ՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR) 14-րդ հոդվածի և ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտմամբ:
  • Պաշտպանության պատշաճ նախապատրաստման իրավունքի խախտում – նրան զրկել են իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից և պաշտպանի հետ ազատ ու գաղտնի հաղորդակցվելու իրավունքից:
  • Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի արգելքի խախտում – նրա նկատմամբ կիրառվել է վատ վերաբերմունք և ֆիզիկական ներգործություն՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 2-րդ, 12-րդ և 16-րդ հոդվածների խախտմամբ:
  • Ընտանիքի հետ հաղորդակցության սահմանափակում՝ խախտելով ՄԱԿ-ի «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները» (Նելսոն Մանդելայի կանոններ):
  • Դատավարության ընթացակարգային խախտումներ – դատավարությունն ընթանում է կոպիտ ընթացակարգային խախտումներով՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար նորմերը:

ՀՐԱՏԱՊ ԿՈՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը հրատապ կոչ է անում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մյուս միջազգային կառույցներին անհապաղ միջամտել՝ ապահովելու համար՝

  • Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում պահվող մյուս հայ քաղաքական կալանավորների անկախ բժշկական զննում և առողջական վիճակի մշտադիտարկում, համաձայն ՄԱԿ-ի «Բանտարկյալների բուժման նկատմամբ բժշկական էթիկայի սկզբունքների» և «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» (Նելսոն Մանդելայի կանոններ
  • Վատ վերաբերմունքի և հնարավոր խոշտանգումների փաստերի անկախ և արդյունավետ քննություն, համաձայն ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 12-րդ հոդվածի:
  • Դատավարությունների համապատասխանեցում միջազգային արդար դատաքննության չափանիշներին և դատական նիստերի անկախ մշտադիտարկման իրականացում՝ ապահովելու արդարադատության անկախությունը:
  • Քաղաքական հետապնդումների և էթնիկ խտրականության ենթարկված բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական կալանավորների անհապաղ ազատ արձակում, համաձայն 1949թ. Ժնևի կոնվենցիաների 3-րդ ընդհանուր հոդվածի և 1977թ. Լրացուցիչ արձանագրությունների:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և պետություններին վճռական դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ՝ պահանջելով դադարեցնել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի համակարգային խախտումները: Միջազգային արձագանքի բացակայությունը կնպաստի անպատժելիության մթնոլորտի խորացմանը և կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց

  1. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
  2. «Հարմոնիա» ՀԿ
  3. «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
  4. «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
  5. «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ
  6. «Կումայրի» արցախահայերի ՀԿ
  7. «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
  8. «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
  9. «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
  10. «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ
  11. «Լուսաստղ» ՀԿ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել