Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 24-ին, նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի, վերջինիս որդու՝ Հայկ Սարգսյանի և մյուսների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ` գործով ներգրավվել էր նոր դատախազ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Աննա Հարությունյանը դատարանին ներկայացրեց վկայականի բնօրինակը։ Նախագահող դատավորը հայտնեց, որ կարող են սկսել առաջին դատավարական գործունեությունը՝ նկատի ունենալով, որ մինչ այս չեն իրականացրել և առաջին դատավարական գործողությունը, չեն պարզել հայցի առարկան, փաստական և իրավական հիմքերը։
Աննա Հարությունյանը ներկայացրեց հայցադիմումը․ «Հարգելի դատարան, Գլխավոր դատախազությունում 2023 թվականի սեպտեմբերի 8-ին ստացվել է Ազգային անվտանգության ծառայության գրությունն առ այն, որ օպերատիվ տվյալներ են ստացվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ազատի Սարգսյանին, վերջինիս կնոջը և որդիներին մի շարք թանկարժեք գույքեր պատկանելու վերաբերյալ, որոնք ձեռք են բերվել Ալեքսանդր Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, և, ամենայն հավանականությամբ, վերջինիս կողմի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գումարներով։ Գլխավոր դատախազությունում սկսվել է ուսումնասիրություն»։
Նա ներկայացրեց, թե ըստ դատախազության Ալեքսանդր Սարգսյանին պատկանող որ գույքեր են ապօրինի ծագում ունեցող։ Կոտայքի մարզում՝ բնակելի տուն, հանգստյան տուն, հողամասեր։ Երևանում 2 բնակարաններ, որոնք գրանցված են Ալեքսանդր Սարգսյանի կնոջ՝ Ավրիգա Սարգսյանի անվամբ։ Երևանում ավտոտնակ և նկուղային տարածք՝ կրկին գրանցված Ավրիգա Սարգսյանի անվամբ։ Երևանի այլ հասցեներում շենքի 10 տարածք, որոնք գրանցված են Հայկ Սարգսյանի անվամբ։ Երևանում հողատարածք՝ կրկին Հայկ Սարգսյանի անվամբ։
Ծաղկաձորում 2 նախագծային բնակարանի գնման իրավունք՝ Ալեքսանդր Սարգսյանի անվամբ, 3 «Մերսեդես» մակնիշի մեքենա, «Կադիլակ» մեքենա՝ Ալեքսանդր Սարգսյանի անվամբ։ «Գանձաղբյուր» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցություն՝ Ալեքսանդր Սարգսյանի անվամբ։ «Հանա-Տրանս» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցություն՝ Ալեքսանդր Սարգսյանի անվամբ։ «Հանա-Սերվիս» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցություն՝ Ալեքսանդր Սարգսյանի անվամբ։ «Ակնաձոր» ՍՊ ընկերության 79․5 տոկոս մասնակցություն՝ գրանցված Նարեկ Սարգսյանի անվամբ։
Դատախազ Աննա Հարությունյանը ներկայացրեց նաև, որ Ալեքսանդր Սարգսյանի կողմից արտասահմանում գույքերի ձեռք բերման նպատակով 2014 թվականին կատարվել են թվով հինգ փոխանցումներ, որոնք չեն հիմնավորվում օրինական եկամուտներով․ «Ուսումնասիրության արդյունքներով՝ 2024 թվականի ավարտին ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդը կազմել է 327 միլիոն 106 հազար 557 դրամ, որը ենթակա է բռնագանձման։ Բացի այդ ենթակա է բռնագանձման 3 միլիարդ 457 միլիոն 322 հազար 187 դրամը, որը չի հիմնավորվել պետական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրման ժամանակաընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել»,-ասաց դատախազը։
Աննա Հարությունյանը նշեց նաև, որ Հայկ և Սոնա (Հայկի կինը) Սարգսյաններից հօգուտ ՀՀ-ի պետք է բռնագանձվի այն բոլոր գույքերը, որոնք վերջինիս անունով են գրանցված և դատախազությունը դրանք որպես ապօրինի ծագում ունեցող է դիտարկել։
Պատասխանողների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու համար դատախազ Աննա Հարությունյանը ժամանակ խնդրեց, միջնորդեց նիստը հետաձգել։
ներկայացուցիչներից Վարազդատ Հարությունյանն ասաց, որ իրավիճակին ըմբռնումով են մոտենում, սակայն ասաց, որ ավելի ճիշտ կլիներ հայցի հիմք-առարկան ներկայացնել այն դատական նիստին, որի ժամանակ դատախազը հնարավորություն կունենար պատասխանել հարցերին։ Նա չառարկեց միջնորդության դեմ, ասաց, որ կան հարցեր, սակայն, եթե մի կեսին դատախազը պետք է պետասխանի, մյուս կեսին՝ ոչ, ապա նպատակահարմար չէ հարցեր տալ։
Դատարանը դատախազին հանձնարարեց հաշվարկի ֆայլերը մինչև փետրվարի 28-ը ներառյալ ներկայացնել դատարանին և պատասխանողների ներկայացուցիչներին։
Նիստը հետաձգվեց մինչև ապրիլի մեկը, ժամը 15։00-ն։
Հասմիկ Սարգսյան