Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 21-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին քննարկվեց մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանի խափանման միջոցի հարցը՝ վերջինիս կողմից արված հայտարարության համատեքստում։
Հիշեցնենք՝ Ալեքսանյանը հրապարակավ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս ավարտելու է իր փաստաբանական գործունեությունը։
Այս հայտարարության վերաբերյալ նախագահող դատավոր Վահե Դոլմազյանի հարցին ի պատասխան Ալեքսանյանը հայտնեց՝ դեռևս շարունակում է որպես փաստաբան աշխատել և մոտակա 8 ամիսների ընթացքում շարունակելու է իր գործունեությունը․ «Ներկա պահին այդ դադարը ժամանակային առումով որոշակիացված չէ, դեռևս բազմաթիվ քրեական վարույթներ ունեմ, որոնց նկատմամբ ունեմ պատասխանատվություն, դեռևս պետք է ավարտին հասցնեմ»։
Դատավորն ասաց՝ երբ 2023 թվականին նախնական դատալսումների ընթացքում խափանման միջոցի հարցն էր քննարկվում, վերջինիս նկատմամբ կիրառված էր գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները, հետագայում հիմնական դատալսումների ընթացքում բացակայելու արգելքը վերացվել է, վերջինս ՀՀ սահմանները լքել է, հետո կրկին կիրառվել է, վերջում՝ վերացվել։
«Հարցի քննարկման ժամանակ կարևորվել է Ձեր կողմից իրականացվող գործունեությունը ՀՀ-ում՝ հաշվի առնելով, որ Դուք Ուկրաինայի քաղաքացի եք, ՀՀ քաղաքացիություն չունեք, բայց ՀՀ-ում ապրելու, աշխատելու հանգամանքը նշանակություն է ունեցել հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս, և նման հայտարարության պայմաններում դատարանի մոտ կարող են հարցեր առաջանալ, և այդ հարցերի առաջացման համատեքստում առաջնայինը Ձեզնից պետք է դատարանը պատասխան ակնկալի»,-ասաց նա։
Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ հայտարարությունն ինքնանպատակ չի եղել, ու այլ հանգամանքների բերումով չի կարող ասել ժամանակի տևողությունը, բայց դեռևս երկար ժամանակ պետք է աշխատի, որպեսզի իր՝ որպես փաստաբանի պարտավորությունը պատշաճ իրականացնի։
Դատավորի այն նկատառմանը, որ նման պայմաններում կարող է ծառայության մատուցման հարցը վստահորդների հետ լուծել կամ գործն այլ փաստաբանի փոխանցել, Ալեքսանյանը պատասխանեց՝ իր վարույթում կա մոտ 50 գործ, որոնք իր համար հավասարապես կարևոր են․ «Ճիշտ է, ես չեմ առանձնացնում քրեական վարույթները և բոլորի նկատմամբ ունեմ նույն մոտեցումը, բայց ունեմ պաշտպանյալներ, որոնց մասով ոչ միայն պայմանագրային իրավահարաբերություն, այլև մտերիմ, ջերմ հարաբերություններ ունեմ, նրանց ճակատագիրը ոչ պակաս կարևոր է ինձ համար, ես նրանց հետ չեմ կարող վերաբերվել բացառապես պայմանագրային հարաբերությունների տիրույթում։ Նույնիսկ կմատնանշեմ․ գործերից մեկը վերաբերում է նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, դժվար եմ պատկերացնում, որ մի իրավիճակում կարող եմ պարոն Հովսեփյանին մենակ թողնել մինչև քրեական վարույթի ավարտը»։
Հանրային մեղադրողը բարձրացված հարցի վերաբերյալ հայտնեց՝ քանի որ խնդիր կապված է այն հանգամանքի հետ, որ Էրիկ Ալեքսանյանը ՀՀ քաղաքացի չէ, հնարավոր է գործունեության դադարեցման պայմաններում դուրս գա երկրից, այդ առումով քրեական գործի ու դրա հնարավոր կապը կարող են վերջինիս վարքագծի շրջանակներում գնահատման արժանացնել, հետագայում ևս հարցին անդրադառնալ, հասկանալ խափանման միջոցի փոփոխման անհրաժեշտությունը։
Նշենք, որ այս նիստին քննարկվեց նաև մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանի խափանման միջոցի հարցը, նա դատարանին հայտնեց, որ մայիս ամսին 1 շաբաթով բացակայելու է երկրից՝ նախապես պլանավորած արձակուրդի հետ կապված։ Նախագահող դատավորը քննարկման առարկա դարձրեց այս հարցը, հայտնեց՝ անկախ այս նիստին հնչած հայտարարություններից, անհրաժեշտ է վերջինիս նկատմամբ կիրառված «գրավ» խափանման միջոցի հետ մեկտեղ կիրառել նաև ՀՀ-ից բացակայելու արգելքը։
Դատարանին ներկայացվեց նաև փաստաթուղթ՝ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց «գրավ» կիրառված 25 միլիոն դրամի փոխարեն անշարժ գույքերը գրավադրելու մասին։
Այս նիստին պետք է եզրափակիչ ելույթով հանդես գար նաև Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանը, սակայն նշվեց, որ այն մոտ 2 ժամ կարող է տևել, իսկ դատարանն այլ ծանրաբեռնվածություն ուներ։
Գործով հաջորդ նիստին Արուսյակ Ալեքսանյանի պաշտպաններից մեկը հանդես կգա եզրափակիչ ելույթով, որը տեղի կունենա մարտի 5-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան