Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 21-ին, տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում միջնորդությամբ հանդես եկավ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը։
Միջնորդությունը վերաբերում էր բաց թողնված ժամկետը հարգելի համարելուն և ապացույց տրամադրելուն։ Հայտնեց՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած դատական նիստին պատասխանող կողմից գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, որը վերաբերում էր Սանկտ Պետերբուրգի նշված փողոցում գտնվող տարածքի վարձակալության պայմանագրին և ստուգման ակտին։
Գործի առանցքային խնդիրներից է հանդիսանում այն, որ դատախազությունը օրենքով չի հիմնավորել պատասխանողների վերաբերյալ ուսումնասիրության ժամկետը մինչև 2006 թվականի հունվարի 1-ը երկարացնելու հիմքերը: Պաշտպանական կողմը պնդում է, որ այս հանգամանքը էականորեն ազդում է գործի ելքի վրա:
Հայցվոր կողմը համաձայնություն է հայտնել բաց թողնված ժամկետների պայմաններում այդ ապացույցը թույլատրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք գտնվել և գտնվում են գործին մասնակցող անձի մոտ։
2025 թվականի հունվարի 20-ին հայցվորը հարցում է ուղարկել գործին մասնակցող անձ Մարգարիտ Վերմիշյանին՝ խնդրելով տրամադրել Սանկտ Պետերբուրգի նշված փողոցի տարածքի անշարժ գույքի ձեռքբերման ապացույցը, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացվել։
Նրա խոսքով՝ ներկայացվել է գույքի վարձակալությունից ստացված եկամուտի վերաբերյալ տվյալ, սակայն դրա օրինականության գնահատման նպատակով անհրաժեշտ է պարզել այդ անշարժ գույքի ձեռքբերման հիմքերը․ «Պետք է դատարանին ներկայացվի վերոգրյալ գույքի ձեռքբերման պայմանագիրը, ինչը հնարավորություն կտա գնահատելու գույքի օրինականությունը»։
Ըստ այդմ, նա խնդրեց հարգելի համարել ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդության բացթողնված ժամկետը և պահանջել Մարգարիտ Վերմիշյանից հայցվորին տրամադրել համապատասխան ապացույցը։
Պատասխանողի ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով՝ քանի որ հարցման մասին պատասխանողների ներկայացուցիչները տեղեկացել են միայն վերոնշյալ նիստի ժամանակ, ուստի համապատասխան նիստը հետաձգվել է հայցվորի հարցմանը պատասխանելու նպատակով։
«Նշված փաստաթղթից տեղեկացել ենք, որ հայցվորի համար պատասխանողի կողմից նախկինում ներկայացված ապացույցների օրինականության գնահատման համար անհրաժեշտ է տիրապետել գույքի ձեռքբերման ապացույցներին (արժեքին և գնման ժամանակահատվածին), մասնավորապես գնահատել Սանկտ Պետերբուրգ, Գորոխովայա փողոց, շենք 26, լիտ․ Ա, տարածք 3Ն հասեցում գտնվող գույքի ձեռքբերման վերաբերյալ ապացույցը»,-ասաց նա։
Փաստաբանը պնդեց՝ այդ գույքի գնման ժամանակահատվածին վերաբերող տեղեկատվությունն արդեն իսկ ներկայացվել է դատարանին և հայցվորին, նա ընդգծեց, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ» արտահայտությունը սահմանում է ընթացակարգ, որը մեկնարկում է հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ որոշման կայացմամբ, ներառում է գույքի քաղաքացիական բռնագանձման հայցի հարուցումը, և ավարտվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով։
Արմեն Մելքումյանի խոսքով՝ պատասխանողների համար այս գործի շրջանակներում չի բացահայտվել և հիմնավորվել իրենց վերաբերյալ ուսումնասիրության ժամանակահատվածը մինչև 2006 թվականի հունվարի 1-ը երկարացնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները։
Ամփոփելով իր խոսքը և անդրադառնալով գույքի ձեռքբերման պայմանագրի տրամադրման հարցին, Մելքումյանն ասաց․ «Հարկ ենք համարում նշել, որ այն ներկա պահին չի գտնվում Մարգարիտ Վերմիշյանի տրամադրության տակ, վերջինս որևէ տեղեկություն չունի, թե որտեղ այն կարող է լինել, ուստի նշված փաստաթուղթը տրամադրվել չի կարող։ Միաժամանակ հայտնում ենք, որ նշված փաստաթուղթը պատասխանող Մարգարիտ Վերմիշյանի տրամադրության տակ գտնվելու պարագայում, այն անհապաղ կտրամադրվեր հայցվորին՝ զուտ տեղեկատվության համար»։
Հայցվորի ներկայացուցիչը նշեց՝ այդ ապացույցները գտնվում են անձի ձեռքի տակ, միջնորդությամբ ակնկալվող փաստաթուղթը հարկավոր է, որպեսզի գնահատվի ինչպես դրա, այնպես էլ վարձակալությունից ստացված եկամուտների օրինականությունը։
«Այս պայմանագիրը, մեր խորին համոզմամբ, էական է գործի կամ հարցի լուծման համար, գործի լուծման համար ամբողջապես այնքանով, որքանով վերաբերում է Ձեր կողմից ներկայացված օրինական եկամուտների գնահատմանը, և հարցի լուծման համար այնքանով, որ անհրաժեշտություն է առաջանում գնահատել վարձակալության պայմանագրի օրինականությունը կամ ապօրինությունը»,-նշեց Արտաշեսյանը։
Վերմիշյանի ներկայացուցիչը հակադարձեց՝ ասելով, որ չնայած այն հանգամանքին, որ օրենսդրությամբ հայցվորն իրավասություն է տրվել ուսումնասիրություն կատարելու, ՀՀ-ից դուրս գտնվող պայմանագրերի ձեռքբերման համար հարցումներ անելու, այն բավարար կերպով չի իրականացրել և համապատասխան գործիքակազմ չի կիրառվել։
Պաշտպանական կողմը հատուկ ընդգծեց, որ դատախազությունը, ունենալով բոլոր անհրաժեշտ իրավական գործիքները, չի ձեռնարկել բավարար քայլեր ՀՀ-ից դուրս գտնվող պայմանագրերի ձեռքբերման ուղղությամբ: Սա էական բացթողում է, քանի որ խոսքը վերաբերում է արտերկրում գտնվող գույքին:
Ամփոփում
Ամփոփելով հարկ է նշել, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պաշտպանական կողմը՝ ի դեմ փաստաբան Արմեն Մելքումյանի, հիմնավորեց երկու էական հանգամանք՝
- դատախազության կողմից ուսումնասիրության ժամկետների անհիմն երկարաձգումը մինչև 2006 թ.,
- արտերկրից փաստաթղթերի ձեռքբերման օրենքով սահմանված գործիքակազմի անբավարար կիրառումը:
Նշված հանգամանքները ոչ միայն կարող են էական ազդեցություն ունենալ գործի հետագա ընթացքի վրա, այլև հարցականի տակ են դնում մինչ այժմ ձեռք բերված ապացույցների օրինականությունը: Միջնորդության քննությունն ավարտվեց, դատավոր Կարապետ Բադալյանը հայտնեց՝ որոշումն առանձին դատական ակտի ձևով կուղարկվի կողմերին, դրանով կսահմանվի նաև հաջորդ դատական նիստի օրն ու ժամը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան