3 խափանման միջոց՝ տնային կալանքի փոխարեն․ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարանի որոշումը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում փետրվարի 19-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է  դատավոր Վահե Դոլմազյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին նախքան Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանի եզրափակիչ ելույթին անցնելը, վերջինիս կողմից ներկայացված միջնորդությամբ քննարկվեց խափանման միջոցի փոփոխման կամ վերացման հարցը։

Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանը հայտնեց՝ առկա է խափանման միջոցի կիրառման փոփոխություն, և այն պայմաններում, երբ 2025 թվականի փետրվարի 5-ի դրությամբ մյուս մեղադրյալները, իրենց պաշտպանները հանդես են եկել եզրափակիչ ելույթով, խոսք չի կարող գնալ Ալեքսանյանի կողմից մեղադրյալների նկատմամբ ազդեցություն գործադրելու մասին։

«Պաշտպանության կողմը հակակոռուպցիոն դատարանին է առաջարկում անշարժ գույքի ձևով գրավ, որը դատարանին ներկայացվելու է առաջին անգամ՝ իր տեսակով, չափով, համակցված բացակայելու արգելքը, եթե նույնիսկ դատարանն անհրաժեշտ կգտնի, վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման հետ»,-նշեց նա։

Որպես անշարժ գույք ներկայացվեց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող հողատարածքները, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 40 միլիոնը։

Նաև նշվեց, որ վարչական հսկողության կիրառման պարագայում օրվա որոշակի ժամերին դուրս գալու, բնակության տարածքը լքելու արգելք սահմանելիս նկատի ունենալ, որ Արուսյակ Ալեքսանյանը սովորում է Փաստաբանական ակադեմիայում։ Պաշտպանը ներկայացրած միջնորդության հիմքում դրել էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումներում առկա պատճառաբանությունները, ինչպես նաև Եվրոպական դատարանի մի քանի նախադեպային որոշումներ։

Պաշտպանության կողմի պնդմամբ՝ արդեն 2,5 տարի Արուսյակ Ալեքսանյանի ֆիզիկական ազատությունը շարունակում է մնալ սահմանափակված, որն արդեն չի ծառայում իր նպատակներին։

Դատարանին ներկայացվեց գրավի առարկա հանդիսացող հողամասերի պետական գրանցման փաստաթղթերը, հողամասերի գնահատման հաշվետվությունները։ Ներկայացվեց նաև այդ հողամասերի սեփականատիրոջ՝ Վազգեն Գալստյանի դիմումը, նշվեց, որ վերջինս հանդիսանում է Արուսյակ Ալեքսանյանի հոր սանիկը։

Նախագահող դատավոր Վահե Դոդմազյանը պաշտպանին հարցրեց, թե վերջինիս նախագուշացվել է արդյոք՝ եթե խափանման միջոցի պայման խախտվի, նշված գույքը կարող է դատարանի որոշմամբ անցնել պետությանը, պաշտպանն ասաց՝ ներկայացված դիմումը հենց դա է վկայում, նա տեղյակ է բոլոր հնարավոր հետևանքների մասին։

Դատավորը նաև ասաց՝ եթե  այլընտրանքային խափանման միջոցները պիտանի համարվեն, սակայն անշարժ գույքը ընդունելի չլինի, այդ հարցն արդյոք քննարկվել է վստահորդի հետ։ Պաշտպանն ասաց՝ գրավը առաջարկվել է գույքի ձևով, եթե դատարանը գտնի, որ կիրառելի է դրամական միջոցը,  քննարկման առարկա կդարձվի գրավը դրամական արտահայտությամբ ներկայացնելու հարցը․ այժմ առաջարկում են, որ 40 միլիոնը դատարանը ընդունի որպես գրավ՝ այլընտրանք ներկայացնելով նաև անշարժ գույքի հնարավորությունը։

Ներկայացված միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց նաև մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի մյուս պաշտպան Երեմ Սարգսյանը․ «Մենք հասել ենք այնպիսի փուլի, որտեղ այլևս չկա կատարվելիք գործողություն, քննության ընթացք, բացի այն, որ պետք է նաև մենք մեր եզրափակիչ ելույթները ներկայացնենք։ Այս առումով դատարանը որևէ փաստարկ չի ունենալու, որպեսզի ծանրակշիռ ձևով հիմնավորի այս ամենը։ Իր պրոֆեսիոնալիզմով հանդերձ, հանրային մեղադրողը չի կարողանալու այնպիսի փաստարկներ բերել, որոնք կհիմնավորեն տնային կալանքի երկարաձգումը, որովհետև այդպիսիք օբյեկտիվ իրականության մեջ չկան, և որևէ փաստարկ չի լինելու դրա վերաբերյալ»։

Հանրային մեղադրող, դատախազ Ռոբերտ Մհերյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ, ասաց՝ վերաքննիչ դատարանի այն որոշումը, որը հղում է կատարվել պաշտպանի կողմից, վերաբերում էր խափանման միջոցի քննարկմանը, ինչի արդյունքում դատարանն արձանագրել է կայացված որոշման իրավաչափությունն ու դրա բեկանման հիմքերի բացակայությունը։

«Ձեր կանխատեսական դատողությունները՝ կապված գործի քննության ընթացքում ապացուցման գործընթացը խոչընդոտելու հետ, կարծում եմ՝ նույն կերպ առկա են, և փուլային տեսանկյունից մենք դեռևս փոփոխություն չունենք։

Նույնիսկ այն փուլում, երբ դատարանը հեռանա վերդիկտ կայացնելու, օրենսդրությունը թույլ է տալիս վերադարձ կատարել և քննարկման առարկա դարձնել որոշակի հարցեր։ Ներկայացված միջնորդությամբ չեն բերվել նոր և էական փաստարկներ, որոնք չեզոքացնում են ընտրված խափանման միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը»,-ասաց նա։

Միջնորդության վերաբերյալ երկարատև քննարկում տեղի ունեցավ, նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը դատավարության մասնակիցներին ասաց՝ քանի որ խափանման միջոցի հարց է քննարկվում, անհրաժեշտություն է լինելու քննարկումը շարունակել աշխատանքային ժամից հետո, կողմերը առարկություն չներկայացրին, նիստը շարունակվեց մինչև 19։00-ն։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը որոշեց մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոփոխել։ Նրա նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ 25 միլիոն դրամ, միաժամանակ նախագահող դատավորը հայտնեց, որ որպես գրավ կարող է ընդունվել նաև պաշտպանների կողմից ներկայացված Կոտայքի մարզի 2 անշարժ գույքերը։

Համակցված կիրառվեցին «վարչական հսկողություն» և «բացակայելու արգելք» խափանման միջոցները, արգելվեց շփվել մեղադրյալներ Էրիկ Ալեքսանյանի և Թամարա Պետրոսյանի, վերջիններիս պաշտպանների, դատաքննության ընթացքում հարցաքննված բոլոր վկաների հետ։

Վարչական հսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային սարքերի միջոցով, մեղադրյալը պարտավոր է դա մշտապես կրել։

Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին։

Հիշեցնենք՝ Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել է 2022 թվականին, 2024 թվականի մարտի 13-ին վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել