Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ ունեցած հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Մերձավանում սպանության դեպքից հետո իրականացված պաշտոնանակություններին։ Նշեց, որ ՆԳՆ-ից միայն Արթուր Բդոյանը չի պաշտոնանկ արվել։ Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում ՆԳ նախարարը բոլոր մարզերում անձամբ է ամփոփել ծառայությունների կատարումը և Արմավիրի մարզ այցելությունից հետո նախարարը մտահոգություն է հայտնել մարզում միջանձնային հարաբերությունների դեպքերի շուրջ կատարվող աշխատանքի վերաբերյալ և հանձնարարել է ակտիվացնել այդ աշխատանքները։ Ամփոփումից բառացիորեն օրեր հետո ծառայությունից ազատվել է մարզի պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը, ազատվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը։
Անադրադառնալով հրազենի կիրառմամբ հանցագործություններին նշեց,-«Այս պահին անցած տարվա համեմատւթյամբ ոստիկանությունը հայտնաբերել և առգրավել է գրեթե կրկնակի քանակությամբ զենք-զինամթերք։ Ամփոփ 8 ամսվա տվյալներով նվազել են սպանության դեպքերը, 7 ամսվա տվյալներով նվազել են հրազենով կատարված հանցագործությունները առհասարակ։ Բազմաթիվ են լինում կրակոցների վերաբերյալ հրապարակումներ, որոնք վերջում այլ հանգամանքներ են պարզում։ Օրինակ, վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ կրակոցներ են հնչել Դավիթաշենում։ Վերջում պարզվեց, որ կրակոցներ ընդհանրապես չեն եղել, եղել է հրավառություն, սակայն ահազանգը կապված է եղել կրակոցի հետ։ Կրակոցների վերաբերյալ ցանկացած ահազանգ չի նշանակում սպանություն կամ սպանության փորձ։ Հիմանական, գերակշիռ մասը խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթներ են և հիմնականում ոչ հրազենից, այլ՝ գազային, օդաճնշիչ ատրջանակներից օդ կրակելու դեպքեր են»։