Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց։
Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան, գործով ամբաստանյալներից Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Նշված գործով վերջին մի քանի նիստերը դռնփակ են իրականացվել։
Ալեքսանյանը կալանավորվել էր 2022-ի հոկտեմբերին։
Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը առարկել է խափանման միջոցի փոփոխման դեմ, սակայն դատարանը, հաշվի առնելով այն, որ վկաների զգալի մասը հարցաքննվել է և նվազել են ամբաստանյալի կողմից քննությանը խոչընդոտելու ենթադրյալ հիմքերը, կիրառել է տնային կալանք։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։