Մեղադրյալներ Էրիկ Ալեքսանյանի և Թամարա Պետրոսյանի պաշտպանները դատարանից պահանջում են արդարացման վերդիկտ կայացնել․ այս գործով դատարանը եզրափակիչ ելույթերի փուլում է

Հակակոռուպցիոն քրեական դատարանում հունվարի 20-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է  դատավոր Վահե Դոլմազյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստը սկսվեց նշանակված ժամից կես ժամ ուշ՝ դատարանի այլ նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով։ Այսօր պետք է եզրափակիչ ճառով հանդես գար մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանը, սակայն նախագահող դատավորը նախապես հայտնեց, որ 14։00-ին այլ նիստ կա նշանակված, ինչից հետո Ալեքսանյանը հայտարարեց, որ նպատակահարմար կլինի այս նիստին իր պաշտպանը ճառով հանդես գա, իսկ ինքը ելույթ կունենա մյուսին, քանի որ ծավալը մեծ է։

Հիշեցնենք՝ նախորդ նիստին եզրափակիչ ելույթով հանդես եկավ հանրային մեղադրող, դատախազ Արմեն Գևորգյանը։

Նիստի սկզբում պաշտպանական ճառով հանդես եկավ մեղադրյալ Թամարա Պետրոսյանի պաշտպան Գարիկ Գալիկյանը, այնուհետև՝ մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Աննա Մանթաշյանը։

Գարիկ Գալիկյանն իր ելույթում անդրադառնալով իր պաշտպանյալին մեղսագրվող ենթադրյալ արարքների կատարմանը՝ նշեց, որ ըստ մեղադրանքի կողմի Թամարա Պետրոսյանն այդ ժամանակ իջել և գրասենյակից վերցրել է գործը, սակայն հարցաքննված վկաները հայտնել են՝ Պետրոսյանը գրասենյակ չի իջել, վկաներից մեկը նաև հայտնել է, որ նրան այդ ընթացքում երբևէ չի տեսել։

Պաշտպանը անդրադարձավ նաև վերամակագրման գործընթացին․ «Մենք բազմիցս քննարկել ենք, ասում ա՝ Թամարա Պետրոսյանը գործը հետ չի վերադարձրել վերամակագրումից հետո․ ի՞նչ ա նշանակում գործը հետ չի վերադարձրել, անգամ մի քիչ սարկազմով ես նշեցի՝ ի՞նչ ա նշանակում հետ չի վերադարձրել, դրել, տակը նստե՞լ ա, գործը վերամակագրվել ա մեկ այլ դատավորի, 3 օր անց Արուսյակ Ալեքսանյանի կողմից կայացվել ա որոշում․ բա լավ, էդ դատավորը, ում վերամակագրվել ա, եթե խափանման միջոցի քննարկման միջնորդություն ա մակագրված իրեն, հարց չի առաջանո՞ւմ՝ ո՞ւր ա էդ մակագրված գործը կամ վերամակագրված գործը, ավելին՝ գործի նյութերում առկա փաստաթղթով դատարանի նախագահի ժ/պ-ն գրություն էր ուղարկել քննիչին, որտեղ հստակ նշել է՝ զրույց է ունեցել գրասենյակի աշխատակցի հետ, որ հայտնել է՝ հնարավոր է աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով մոռացել է վերամակագրման թերթիկի մասին»։

Պաշտպանության կողմի համար անհասկանալի է, թե Թամարա Պետրոսյանի մասով ինչ լիազորությունների անցման մասին կարող է խոսք լինել, ըստ փաստաբանի՝ նման մեղադրանքը գործում առկա փաստական տվյալներից որևէ մեկով չի հիմնավորվել, և հանրային մեղադրողն էլ իր եզրափակիչ ելույթում անդրադարձ է կատարել 2-3 կետերի, որոնցով չի հիմնավորվում Պետրոսյանի մեղավորությունը, այն չի առաջացնում հանցակազմի առկայություն։

«Գտնում եմ՝ Թամարա Պետրոսյանի մեղավորությունն իրեն մեղսագրվող արարքներում ապացուցված չէ, և դատարանը վերջինիս նկատմամբ պետք է կայացնի արդարացման դատական վերդիկտ»,-ամփոփեց խոսքը Գարիկ Գալիկյանը։

Մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Աննա Մանթաշյանը եզրափակիչ ելույթում  հայտնեց, որ Սերգեյ Գրիգորյանի գործով միջնորդություն ներկայացնելը բխել է Էրիկ Ալեքսանյանի՝ որպես պաշտպանի դատավարական իրավունքից, ինչպես նաև դա փաստաբանի պարտականությունն է իր պաշտպանյալի հանդեպ, բացի այդ, ըստ պաշտպանի, Ալեքսանայնի կողմից դատարան ներկայացված միջնորդությունը չի կարող հանդիսանալ օժանդակություն՝ լիազորությունները չարաշահելու կամ անցնելու համար, այն պատճառով, որ միջնորդությունը դեռևս պետք է ըստ սահմանված կարգով մակագրվեր Արուսյակ Ալեքսանյանին։

«Դաատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով չհաստատվեց գեթ մեկ փաստական տվյալ առ այն, որ Էրիկ Ալեքսանյանը տեղյակ է եղել Արուսյակ Ալեքսանյանի ենթադրյալ հանցավոր դիտավորության մասին»,-ասաց նա։

Պաշտպանը նշեց, որ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու և այն գրավով փոխարինելու վերաբերյալ 2 միջնորդությունն էլ ներկայացրել է ոչ թե միաժամանակ, այլ տարբեր օրերի, ընդ որում, այդ միջնորդությունները նույնաբովանդակ չեն եղել։

Նա հայտնեց՝ Էրիկ Ալեքսանյանը չի փորձել միաժամանակ մի քանի միջնորդություն ներկայացնել դատարան, ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանի ենթադրյալ հանցավոր մտադրությունն իրականացնելու օժանդակություն կարող էր հանդիսանալ բացառապես մակագրման համակարգի միջամտությունը, ինչը հետազոտված ոչ մի ապացույցում չի հիմնավորվել։

Պաշտպանն իր խոսքում անդրադարձավ միջնորդության մակագրման և վերամակագրման գործընթացին, հարցաքննված վկաների պատասխաններին,  դատաքննության ընթացքում հետազոտված ապացույներին, պնդեց՝ դրանցով չի հիմնավորվել իր վստահորդին մեղսագրվող արարքներից որևէ մեկը։

«Հետազոտված ապացույցներով ոչ միայն չեն հաստատվել, այլ հերքվել են մեղադրական եզրակացությամբ շարադրված և Էրիկ Ալեքսանյանի առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերը և իրավական հանգամանքները․ դատարանը պետք է նրա նկատմամբ կայացնի արդարացման վերդիկտ»,-ամփոփեց Աննա Մանթաշյանը։

Մարիամ Շահնազարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել