ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ:
Ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված համագործակցության նշանակալի հիմքերը՝ զրուցակիցները քննարկել են հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները։
Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը մտքեր են փոխանակել ժողովրդավարական գործընթացների համար առկա մարտահրավերների շուրջ։
«Հայաստանը ԵՄ-ն, այդ թվում՝ Գերմանիան, դիտում է որպես իր ընտրած՝ ժողովրդավարական զարգացման ճանապարհին կարևոր գործընկեր, ինչն իր արտահայտությունն է գտնում մեր երկրների միջև հարաբերությունների բովանդակության մեջ»,- նշել է նախարար Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարն, անդրադարձ կատարելով տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարարին՝ տարածաշրջանային հարցերին և Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը շարունակական ուշադրության համար։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բրենտ Քրիստենսենի հետ:
Զրուցակիցները քննարկել ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր։ Երկուստեք ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում էներգետիկայի, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրված երկկողմ հուշագրերով արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքների ակտիվ դինամիկան։
Արարատ Միրզոյանը և Բրենտ Քրիստենսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Անգոլայի ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Անգոլայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, ինչը համահունչ է աֆրիկյան երկրների հետ գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին։ Որպես համագործակցության շոշափելի ներուժ ունեցող ոլորտներ՝ Հայաստանի և Անգոլայի նախարարներն առանձնանշել են նորարարական կրթության, գործարար կապերի և արհեստական բանականության ուղղությունները։
Երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և կրթության ոլորտում համագործակցության նպատակով Արարատ Միրզոյանը և Տետե Անտոնիոն ստորագրել են երկու փոխըմբռնման հուշագիր․
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև՝ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմ ներդնելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցի և Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի միջև՝ դիվանագիտական կրթության և պատրաստման ոլորտում համագործակցության մասին»։
Հայաստանի և Անգոլայի ԱԳ նախարարները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում առավել ակտիվ փոխգործակցությունը։
Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման օրակարգային հարցեր։
Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ։ Ընդգծվել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությունը։
ՀՀ ԱԳ նախարարն, անդրադառնալով տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հաղորդակցությունների՝ երկրների իրավազորության ներքո գործարկման հարցում առանցքային համաձայնությունը և ներկայացրել տնտեսական փոխկապակցվածության ապահովման հարցում TRIPP նախագծի նշանակությունը։
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիյայի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կուբայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները:
Արարատ Միրզոյանը և Բրունո Ռոդրիգես Պարիյան մտքեր են փոխանակել բազմակողմանիության, միջազգային համակարգի արդյունավետության վրա ազդող խնդիրների շուրջ։ Ընդգծվել է բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության առավել ակտիվացման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Ջեջե Օդոնգոյի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Երկուստեք կարևորել են իրավապայմանագրային դաշտի ստեղծման, գործարար կապերի խթանման, նորարարական կրթության ոլորտում համագործակցությն զարգացման ուղղությամբ ջանքերը։
Կրթության ոլորտում համագործակցության համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական դպրոցում վերապատրաստման, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների ապահովման հարցում ՀՀ պատրաստակամությունը։
Հայաստանի և Ուգանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Ջեջե Օդոնգոն ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները։